Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում եմ՝ ոչ մի ուժ չի ունենա 50+1 ձայն և կոմպրոմիսներով կընտրվի ՀՀ վարչապետը»․ Էդմոն Մարուքյանի կանխատեսումը

Մայիս 31,2026 17:24 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ են անցկացնում Գյումրիում։ Նրանք սկսեցին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից՝ նախ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Լուսավոր Հայաստանը», գտնելով, որ հայկական պետականությունը, ինքնությունը վտանգված  են, քարոզարշավն անցկացնում են այդ վտանգված սիմվոլները՝ Հայոց այբուբենը՝ Մեսրոպ Մաշտոցի լուսանկարով, Հայոց զինանշանն ու եկեղեցին պարզած։

Լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն, և որ վարչապետ պետք է ընտրվի տարբեր քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող կոմպրոմիսների արդյունքում։

Հետևաբար և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բնակիչներին հորդորում են այնպիսի ընտրություն կատարել, որ Հայաստանում վերջ դրվի որևէ մեկի ուժի բացարձակ իշխանություն ունենալուն։

«Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 2018 թվականը՝ հեղափոխությունը, տեսնում ենք 18 թվականից մինչև 2026 թվականը։

Մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն և կոմպրոմիսներով  ընտրվի ՀՀ վարչապետ, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ։ Այսինքն՝ այդ քաղաքական էգոիզմը առաջարկում եմ դնեն մի կողմ։

Որ ասում են՝ «չէ, որ չէ, ես պիտի լինեմ», սա դնեն մի կողմ և ձևավորենք կոմպրոմիսային պառլամենտ՝ կոմպրոմիսային վարչապետով, ով ուժեղ բանակցային դիրքերից հանդես կգա, որովհետև մի ուժի հաշվետու չի լինի, այլ Հայաստանի ժողովրդին հաշվետու կլինի, և վերջապես Հայաստանի ժողովուրդը կունենա մի պառլամենտ, որը կներկայացնի իր բազմաթիվ շերտերը և տարբեր մոտեցումներ, գաղափարներ կներդրվեն, կբերվեն և կքննարկվեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Aravot.am-ը Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ եթե այնպես ստացվի, որ վարչական լծակների կիրառմամբ բացարձակ մեծամասնություն ստանա ու  իշխանության գա մի  քաղաքական ուժ, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը», ի՞նչ պլան ունի այս դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

«Մեր ժողովրդին կոչ ենք անում, որ չլսեն այն ընդդիմադիրներին, որոնք միայն հաղթանակից են խոսում, խոսել միայն հաղթանակից, նշանակում է պլան «Բ» չունենալ։ Մենք ունենք նաև պլան «Բ», մենք ժողովրդին ասում ենք՝ պլան «Ա»-ն կոմպրոմիսային խորհրդարանն է, կոմպրոմիսային վարչապետ են ընտրում, իսկ պլան «Բ»-ն ո՞ր դեպքում է, որ ասում եք ՝ վարչական ռեսուրսներով, այս վայրագ քարոզարշավը, որ տեղի է ունենում, բոլորս ենք տեսնում, այդ ճանապարհով ընտրվում է Նիկոլ Փաշինյանը։

Մեր պլան «Բ» ո՞րն է, ժողովուրդը 2021 թվականից հետո դասեր քաղած լինի, այդ խորհրդարանում տանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պես ուժ, որ կարողանա հակակշիռների մեխանիզմներն աշխատեցնի։ Մենք հինգ տարի տեսել ենք՝ ինչ է կատարվել։

Ես հույս ունեմ, մեր շփումները դա են ասում, դասեր են քաղել։

Այս դեպքում գոնե կիմանանք, որ խորհրդարանը կգործի հակակշիռների մեխանիզմով, այսօր իշխանությանը հաշվետու դարձնող ընդդիմություն մենք չունենք։

Անդրանիկ Քոչարյանը երկու տարի առաջ ցեղասպանությունից երկու օր առաջ ասաց՝ մենք փնտրում ենք 1,5 միլիոն զոհերի ցուցակները, դա վարչապետի գաղափարն էր։ Խորհրդարանում մի հատ լսում կազմակերպեն, տեսնեին, թե դա ի՞նչ թեմա է, էս ինչ թուրքական նարատիվ է։ Ոչ մի բան չի արվել։ Դա իմ համար անցյալ է, չեմ քննարկում, որովհետև այդ խորհրդարանն ավարտվել է․ հիմա դասեր քաղած լինենք՝  նոր խորհրդարանը ձևավորենք այնպես, որ նույն իրավիճակը չլինի, չնայած դրան,ես լավատես եմ, առաջին սցենարը տեսնում եմ, որ կարող է լինել։

Ընդդիմադիրներ կան, ասում են՝ ո՛չ, մենք միայն հաղթանակն ենք քննարկում, 21 թվին էլ միայն հաղթանակ քննարկելով՝ տեսանք ինչ եղավ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031