«Եթե ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ, մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին։ Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի, անարդարությունը գործադրության չդրվի։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում, մենք նույնպես պատրաստ ենք կրելու այդ անարդար որոշումն ու պատիժը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու, մենք շարունակելու ենք մնալ հավատավոր ուխտին, մեր ծառայությանը, մեր ազգին և հայրենիքին՝ հավատարիմ մեր Եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ հիշեցնելով, որ Եկեղեցու սպասավորների նկատմամբ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, քաղաքական իշխանությունը ամեն կերպ ջանք է գործադրում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցնի եկեղեցին ու հասնի իրենց առջև դրված նպատակին՝ հեռացնել Հայոց Հայրապետին իր պաշտոնից։
Հարցն այսպես էր հնչել՝ եթե իշխանություններին հաջողվի հասնել Հայոց Հայրապետի հեռացմանը, ձերբակալմանը, դա կլինի անձնական պարտություն, թե՞ հարված ամբողջ եկեղեցուն և հավատավոր հոտին։
«Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց Հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի ու կառույցի տնօրինմանը։ Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց Հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Այնպես որ, այդ սկզբունքները մենք ամենայն ջանադրությամբ պաշտպանելու ենք և չենք ենթարկվելու ճնշումների, որևէ բռնության»,- ասաց Վեհափառը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































