«Իմ և Եկեղեցու մասին արվող այդ նույն հայտարարությունները նույնպես զրպարտություն են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին ու Հայրենիքին և հանդես է գալիս ի պաշտպանություն մեր ժողովրդի ու մեր Հայրենիքի շահերի»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով ՔՊ-ական իշխանության կողմից հնչեցված մեղադրանքներին, որ իր եղբայրը՝ Եզրաս Սրբազանը, ՊԱԿ-ի գործակալ է։
Վեհափառը հիշեցրեց՝ այդ հայտարարությունը, թե Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՊԱԿ-ի (ԿԳԲ) գործակալ է, հերքել է հենց ինքը՝ Եզրաս արքեպիսկոպոսը։
«Մեր Եկեղեցին որևէ երկրի շահերից բխող ոչ մի ծառայություն չի մատուցում։ Ուստի այդ հայտարարությունները նպատակ ունեն ժողովրդի շրջանում Եկեղեցու մասին սխալ պատկերացում ձևավորելու։ Բայց ես համոզված եմ, որ ժողովուրդը չի հավատում նման զրպարտչական մեղադրանքներին»,- ասաց Գարեգին Երկրորդը։
Պատասխանելով խոսակցություններին, որ արցախցիների խորհուրդը դիմել էր իրեն՝ Արցախի թեմի առաջնորդին պաշտոնանկ անելու համար, ինչո՞ւ մինչև այժմ չի արձագանքել, Վեհափառը պատասխանեց, որ Մայր Աթոռ նման գրավոր դիմում չի առաքվել, այն հրապարակվել է մամուլում։
Կարդացեք նաև
Ի դեպ, Վեհափառը ձեռնպահ մնաց «տիրադավներ» անվանել հակաեկեղեցական արշավին մասնակից հոգևորականներին։ Ասաց, որ նրանց պաշտոնանկ անելու հարցում չեն շտապում, ներողամտաբար են մոտենում Կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ զեղչելու քայլերին, ակնկալում են, որ վերջիններս բացատրություններ կներկայացնեն իրենց արարքների համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































