Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր է էպոսի միջոցով մեր պատմությունը աշխարհին ներկայացնելը». AI-ով ստեղծվել է «Փոքր Մհեր» մուլտֆիլմը

Հունիս 02,2026 20:30 Share

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ տարածաշրջանում առաջին լիամետրաժ AI-ով (արհեստական բանականությամբ) ստեղծված մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի պրեմիերան։ Այն անդրադարձ է մեր «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհեր ճյուղի գլխավոր կերպարին՝ Փոքր Մհերին։ «Փոքր Մհեր» ճյուղի ընտրությունը, ըստ մուլտֆիլմի բեմադրիչ-ռեժիսոր Հովհաննես Մարգարյանի, պայմանավորված է էպոսի հերոսի առեղծվածային լինելով և նրա անավարտ պատմությամբ։ Ռեժիսորի խոսքով, թիմը արհեստական բանականությունը գործածել է բացառապես միայն պատկերներ գեներացնելիս։

Ըստ ռեժիսորի, արհեստական բանականության կիրառումը հնարավորություն է տալիս արտադրական գործընթացն իրականացնել մի քանի անգամ ավելի արագ, քան դասական արտադրական մեթոդների դեպքում։ Մուլտֆիլմի ստեղծմանը մասնակցել է հսկայական թիմ՝ հիսունից ավելի անհատներ, այդ թվում՝ հնչյունավորող դերասանները՝ Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Լևոն Հարությունյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արև Գևորգյանը, Արուս Տիգրանյանը և այլք, որոնք կենդանություն են տվել կերպարներին։

Դերասան Լևոն Հարությունյանը մասնակցության հրավերը ստանալիս ոգևորվել է, քանի որ անդրադարձ էր կատարվելու էպոսին, որը, ըստ դերասանի, մղվել է հետին պլան։ Նա մեծ հույս ունի, որ այս նախագիծը նոր սերնդի համար կդառնա առիթ մեր էպոսն ընթերցելու համար։ Հարությունյանն իր հնչյունավորած կերպարի հետ նմանություններ է նկատել։ Սա դերասանի՝ մուլտաշխարհ մուտք գործելու առաջին փորձն էր։ Դերասանի խոսքով, շատ կարևոր է էպոսի միջոցով մեր պատմությունը, մեր տեսակը աշխարհին ներկայացնելը։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը նույնպես շատ նմանություններ է նկատել իր և իր հնչյունավորած կերպարի միջև։ Դերասանուհի Արուս Տիգրանյանը շատ ոգևորված է այն փաստով, որ իր դուստրը կդիտի որակյալ հայկական մուլտֆիլմ, որի կերպարներից մեկին հնչյունավորել է իր մայրը։

Ըստ դերասանուհի Արև Գևորգյանի, այսպիսով փաստվում է, որ արհեստական բանականությունը կարող է ծառայել լավը ստեղծելուն, դասականը նոր լեզվով ներկայացնելուն։ Մշակութային և էթնոգրաֆիկ ճշտգրտության համար թիմում ներգրավված է եղել տարազագետ Վահե Քոթանյանը։ Նա է էսքիզավորել Փոքր Մհերի կերպարը՝ հագուստից մինչև բազմանդը, որի շուրջ զարգանում է պատմությունը։

Արհեստական բանականության հետ աշխատելիս թիմն ունեցել է մեկ դժվարություն. այն պատկերն ավելի հեշտ գեներացնում է անգլերեն կամ ռուսերեն լեզվով իր հետ շփվելիս։

Մուլտֆիլմի սցենարիստներն են Հովհաննես Մարգարյանը, Խորեն Թևանյանը և Արտուշ Գևորգյանը, գլխավոր պրոդյուսերները՝ Հովհաննես և Հրանտ Մարգարյանները, պրոդյուսերը՝ Հայկ Սիմոնյանը։ Մտահղացման հեղինակներն են Հովհաննես Մարգարյանը և Աշոտ Աբրահամյանը։

Անիմացիոն նախագծի նպատակն է հայկական էպոսին նոր կյանք հաղորդելը և այն նոր սերնդին ներկայացնելը ժամանակակից մշակմամբ։ «Փոքր Մհերը» նախատեսվում է ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։

Պայծառ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930