Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին։ Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ղեկավարներին և որոշելու իր քաղաքականությունը։
Հեգնական է, որ այն հայերը, որոնք օր ու գիշեր գոռում էին ռուսական միջամտության մասին, լիակատար լռություն են պահպանում, երբ արևմտյան երկրները (Եվրամիությունը և Միացյալ Նահանգները) բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին: Նրանք, ովքեր կարծում են, թե արևմտյան միջամտությունը, ի տարբերություն Ռուսաստանի, անվնաս է և ընդունելի, կամ անտեղյակ են, կամ միամիտ միջազգային հարաբերությունների հարցերում:
Օտարերկրյա ղեկավարները (լինեն Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից) Հայաստանին ոչինչ չեն առաջարկում իրենց բարի կամքից դրդված։ Նրանք պարզապես հետապնդում են իրենց սեփական շահերը։
Խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարները պատմության ընթացքում երբեք աչքի չեն ընկել միջազգային հարաբերությունների իմացությամբ։ Հայերը, ի վնաս իրենց, անտեսում են աշխարհում տեղի ունեցող զարգացումները, որոնք կարող են ազդել իրենց կյանքի կամ հենց գոյատևման վրա։ Երբ դու փոքր և թույլ երկիր ես, չես կարող քեզ թույլ տալ անտարբեր լինել քո շուրջը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Հակառակ դեպքում՝ դու խոցելի ես դառնում արտաքին սպառնալիքների առաջ։ Այն, ինչ անհրաժեշտ է անել, առավելագույնս հզորանալ, իսկ այնուհետև՝ ճկուն դիվանագիտություն միջոցով ձգտել այդ սպառնալիքները հասցնել նվազագույնի։
Կարդացեք նաև
Հայերը, լիովին արդարացիորեն, խիստ բացասական վերաբերմունք ունեն Թուրքիայի և նրա ղեկավարների նկատմամբ: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ թուրք ղեկավարները, ինչպես իրենց օսմանյան նախորդները, շատ հմուտ են միջազգային քաղաքականության մեջ: Դարեր շարունակ օսմանյան սուլթանները կարողացել են մեծ տերություններին լարել իրար դեմ և պարբերաբար փոխել են իրենց դիրքորոշումը՝ կայսրության շահերը պաշտպանելու համար: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններն այդ ավանդական լարախաղացության շարունակությունն են: Էրդողանը բացառիկ հմտությամբ է մանևրում միջազգային պղտոր ջրերում: Հայաստանը ներկայումս չունի, և անցյալում էլ հազվադեպ է ունեցել նման հմտություններով ղեկավար:
Երկրորդ խնդիրը հայերի հուզական մոտեցումն է արտաքին հարաբերություններին՝ սիրել-չսիրելու հիման վրա։ Միջազգային հարաբերությունները չեն կարող կարելի համեմատվել անձնական հարաբերությունների հետ․ կարելի է հաղորդակցվել նույնիսկ քո թշնամիների հետ, եթե կարողանաս քո երկրի համար շահ ապահովել։
Երրորդ խնդիրն այն է, որ հայերն իրենց ողջ պատմության ընթացքում միշտ սպասել են, որ որևէ օտար ուժ կգա և կփրկի իրենց թշնամիներից։ Հայերը կարող էին նման անիրատեսական սպասելիքներ ունենալ իրենց պատմության սկզբում, սակայն, հազարամյակների ներխուժումների, զանգվածային կոտորածների և նույնիսկ ցեղասպանության ենթարկվելուց հետո, կարելի էր կարծել, թե նրանք վերջապես կարթնանան և, տեսնելով, որ ոչ մի օտար ուժ երբեք չի եկել իրենց փրկության, կեզրակացնեին՝ ոչ ոք իրենց չի օգնելու։
Ցավոք, հայերը երբեք անհրաժեշտ դասեր չեն քաղել իրենց ողբերգական պատմությունից։ Նույնիսկ այսօր նրանք սպասում են, որ ինչ-որ օտար երկիր կպաշտպանի իրենց։ Վերջին տասնամյակներում հայերը իզուր հույսեր էին տածում, որ Ռուսաստանը կպաշտպանի իրենց, կարծես թե նա պարտավոր էր դա անել։ Բոլոր երկրները պաշտպանում են միայն իրենց սեփական շահերը, այլ ոչ թե ուրիշներինը։ Լիովին հիասթափված լինելով 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի անգործությունից, և առավել ևս՝ 2021 և 2022 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի նկատմամբ Ադրբեջանի ներխուժումից և օկուպացիայից հետո՝ հայերի մեծ մասը սկսեց ապարդյուն այլ տեղերում փնտրել իր երկրի պաշտպանությունը։ Նրանց հիասթափությունը հիմնված էր այն փաստի վրա, որ Հայաստանն ու Ռուսաստանը, խորհրդային մի քանի այլ նախկին հանրապետությունների հետ միասին, ստորագրել էին փոխադարձ պաշտպանության պայմանագիր՝ ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)։ Այդ պայմանագիրը պետք է պաշտպաներ Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն հայերը մոռանում են, որ պայմանագրերը հաճախ համարվում են ընդամենը թղթի կտորներ։ Բոլոր երկրներն իրենց ազգային շահերը վեր են դասում ցանկացած պայմանագրային պարտավորությունից, որ կարող են ունենալ։
Ռուսաստանից լիովին հասկանալի պատճառներով հիասթափվելուց հետո, կարելի էր կարծել, թե հայերը կեզրակացնեին, որ ոչ ոք չի գալու Հայաստանին օգնության, և կդադարեն նոր փրկիչ փնտրել։ Ավաղ, նրանք շարունակեցին իրենց հավերժական փնտրտուքը։ Այժմ նրանք հույս ունեն, որ Ֆրանսիան, Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները կլինեն իրենց նոր փրկիչները։ Սակայն, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն գա նրան օգնության։ Միամտություն է ակնկալել, որ այդ օտարերկրյա երկրները կվտանգեն իրենց զինվորների կյանքը՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։ Դա Հայաստանի ղեկավարության պարտականությունն է։
Արևելքի և Արևմուտքի միջև տատանվելու փոխարեն, Հայաստանի շահերից է բխում փոխշահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ՝ առանց ակնկալելու, որ նրանցից որևէ մեկը կգա իրեն փրկելու։ Սակայն, նման կարևոր խնդիր իրագործելու համար Հայաստանին անհրաժեշտ է հմուտ ղեկավարություն։
Ես առաջարկում եմ հայերին՝ անտեսել նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու անօգուտ հայտարարությունը, որոնք Հայաստանի ներքին ընտրություններին արտաքին միջամտության բացահայտ օրինակ են։ Հուսով եմ՝ նրանց աջակցությունը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Վենսի անձնական այցը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ ապրիլյան ընտրությունների նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանին սատարելու համար, որը ջախջախիչ պարտություն կրեց։
Հայ ժողովրդին այսօր գործնական քայլեր են պետք, ոչ թե դատարկ խոսքեր։ Թրամփը, Վենսը և Ռուբիոն մատը մատին չտվեցին՝ 2023 թվականից ի վեր Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Նրանք նաև չդատապարտեցին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի հալածանքները։ Սա ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում քրիստոնյաներին պաշտպանելու մասին նրանց բազմաթիվ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պարապ խոսքեր։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































