Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999 թ.-ին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն

Հունիս 03,2026 10:51 Share
arcrun margaryan

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930