«Հունիսի 7-8-ից հետո այս ամենն ավելի սարսափելի մասշտաբների է հասնելու, նույնիսկ առաջիկայում նման բաներ լինելու են էթնիկ հողի վրա»,- «Հայելի» ակումբում նշեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից Մասիսում և Արթիկում կայացած հարձակումներին՝ «Ուժեղ Հայաստանի» եւ «Հայաստանի» համակիրների վրա։
«Ինչքան էլ մեզ փորձեն համոզել, որ այդպիսի պայմանավորվածություններ չկան, 300 ադրբեջանցի և այլն, և այլն… Նման տեսարաններ մենք կտեսնենք նաև էթնիկ հողի վրա, երբ սկսելու են ծեծել հայ լինելու համար, ծեծելու են ինչ-որ մարդկանց խմբեր, որոնց մասին պարզ չի, թե ինչ ազգի ներկայացուցիչներ են, ու իրենք պաշտպանված են լինելու, այսինքն՝ դա այն է, ինչ պատրաստվում են անել Հայաստանի հետ՝ թե Թուրքիան, թե Ադրբեջանը…»,- նշեց Սահակյանցը։
«Ընդ որում, ոչ մի ատրիբուտիկա չկար «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին հիշեցնող, ընդամենը համակիրների խնդիր էր, ըստ երևույթին՝ մեկն ասել է՝ ոչ Նիկոլին, ու եղել է այն, ինչ մենք տեսանք… Եվ եթե ուզում ենք, որ այս ամենը ավարտվի, մեր գլխավոր նպատակը, պարտականությունն է հունիսի 7-ին վռնդել սրանց իշխանությունից, որ նման արարքների համար նախ պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր դա անում են, և այսուհետ վերացնենք նմանատիպ դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Դավիթ Սահակյանցը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի քաղաքականության պատճառով Հայաստանի դեմ ՌԴ պատժամիջոցներին, Արևմուտքի աջակցությանը Փաշինյանին, այս մասին էլ մուլտիպլիկատորը նշեց. «Այս հողակտորը մեզ համար սրբություն է, իսկ ուրիշների համար՝ պարզապես տարածք, միշտ կարևոր դերակատարություն է ունեցել մեր՝ ոչ բարով հարևանների համար, իրենք միշտ ցանկություն են ունեցել գրավել։ Այդ էքսպանսիան տարբեր փուլեր է ունեցել պատմության մեջ, իսկ այսօր հասել ենք այն փուլին, որ ուղղակի այս տարածքները պետք են դատարկ՝ առանց հայերի։
Կարդացեք նաև
Նրանք այս ռեգիոնից պատրաստվում են սարքել մի պլացդարմ, որը կաշխատի թե Իրանի, թե Ռուսաստանի դեմ և թե այն միավորի, որը, իրենց պատկերացմամբ, կարող է իրենց համար վտանգ ներկայացնել։ Պարզ ասած՝ այս տարածքը իրենց դատարկ է պետք՝ առանց հայերի և առանց հետագայում որևէ շանսի, որ այստեղ կարող է բուսնել մի բան, որը իրենց պլաններին կարող է հակառակ լինել։
Հիշում եմ՝ մի անգամ այն ժամանակվա ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին Մեծ Թուրանի վերաբերյալ հարց տվեցին, հոնքը բարձրացրած, մեծամտաբար ասաց՝ ինչ Մեծ Թուրանի մասին է խոսքը, նման բան գոյություն չունի… ՔՊ-ն իր իշխանությունը պահպանելու համար այսօր լծված է ցանկացած, անգամ ամենաէժան մեթոդներով մարդկանց խաբելուն, փորձում են համոզել, որ նման գաղափարներ, ինչպիսիք են Արևմտյան Ադրբեջանը, Մեծ Թուրանը, Հայաստանն առանց հայերի, սին են, գոյություն չունեն, իբր թուրքը փոխվել է, և նման խնդիր դրված չէ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































