«2026 թվականի ընտրությունները կեղծված են… այս պահի դրությամբ՝ բոլոր գործողությունները հօգուտ իշխանության դելիգիտիմացրել են ընտրությունները»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ըստ նրա՝ հնարավոր է, որ ընտրատեղամասերում ընտրություններն անցնեն առանց բարդությունների եւ առանց կոնֆլիկտների, բայց. «Այս համակարգային արշավը՝ այդ թվում վարչական ռեսուրսների, իրավապահ մարմինների աշխատակիցների ոչ օրինական գործողությունները ազդում են ընտրությունների արդյունքների վրա»:
Հովհաննես Խուդոյանի խոսքով, իշխանությունների կողմից ընտրակաշառք է բաժանվում՝օրինական տեսքով. «Ցանկացած կառավարության որոշում, որ հիմա հրապարակվում է՝ արտոնություններ տրամադրելու, գյուղացիներին հատկացվող սոցիալական օգնության տեսքով, անասնակերի համար փոխհատուցում եւ այլն, դրանք բոլորը ցանկացած ժողովրդավարական ինստիտուտի՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին ուղեցույցում բոլոր այս դեպքերը նկարագրված են վարչական ռեսուրսի չարաշահում»:
Կարդացեք նաև
Փաստաբանը պատմեց, որ 10 օր առաջ են Արթիկում արձանագրել իշխանությունների քարոզարշավում ներգրավված համայնքային պաշտոնյաներին դեմքերով ու հաղորդում են ուղարկել ԿԸՀ եւ Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն անցել է 10 օր, ոչ մի տվյալ չեն ստացել քրեական վարույթի նախաձեռնման մասին: Այդպիսի հաղորդում էլ ուղարկել են Մարտունիի դեպքով, սակայն կրկին անարձագանք. «Էլի դեմքերը ֆիքսած, չի կարող այնպես լինել, որ 40 անձ միաժամանակ գտնվի արձակուրդում, իրավապահները պետք սա գնահատեն: Դեպքեր ունենք, երբ համայնքի կոմունալ բաժնի պատասխանատուն իրեն ենթակա բոլոր աշխատակիցներին ուղղորդել է գնալ եւ տարածքը փոխել, գնալ հեռավոր այն գյուղի տարածք, որտեղ ինքը հանձնաժողովի նախագահ է: Լսում ենք խոսակցություններ, որ կան ոչ ժողովրդավարական մեթոդներով մարդկանց համոզելու գործընթացներ: Որոշակի սպառնալիքներ, հարկադրանք խոստումների կորզում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































