«Առավոտվանից տարածված տեղեկության համաձայն՝ քաղաքական իշխանությունն իր հլու հպատակ իրավապահ համակարգով գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի շտաբերում ու վայրերում իրականացնում է օպերացիաներ: Դրանք ակնհայտ լուրջ հետեւանքներ չեն ունենում, բայց թե՛ իրենց հրապարակումները, թե, այսպես կոչված, բացահայտումները խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է եւ փորձում է սրանով կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ ու տալ հիմնավորումներ միջազգային կազմակերպություններին, թե իբր տեսեք՝ ՀՀ-ում ընդդիմությունը իրականացնում է ընտրախախտումներ, մինչդեռ ամենախոշոր ընտրախախտողը իրենք են»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի խոսքով, այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ահռելի չափով կիրառվում է վարչական ռեսուրս. «Մենք նկատի ունենք ոչ միայն ֆինանսական ռեսուրսները, որոնք համայնքային ու պետական բյուջեի մսխումն է ու բացահայտ ընտրակաշառքի տեսք ունեցող աջակցություններն են, այլեւ կառավարման, լիազորությունների, կադրային, տեղեկատվական ակնհայտ չարաշահումներն են»:
Մինասյանը հիշեցրեց, երբ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հնչեցրեց Ծառուկյան դաշինքի պատգամավորի թեկնածուի մասին տեղեկություններ եւ հայտնեց, որ վաղը նրան մեղադրանք է ներկայացվելու պետական դավաճանության հատկանիշներով, սա ոչ միայն օրենքի խախտում է, այլ պետական գաղտնիքի, քրեական դատավարության օրենսդրության եւ Սահմանադրության խախտում է. «Եթե ունենայինք գլխավոր դատախազ, որը քիչ թե շատ հավատարիմ լիներ Սահմանադրությանը եւ օրենքով իրեն վերապահված լիազորություններին, պետք է տեղում քրեական հետապնդում հարուցեր Փաշինյանի նկատմամբ: Բայց մենք սովոր ենք, որ իրավապահ մարմինները ծառայում են այս իշխանությունների ապօրինի գործողություններին եւ այդ գործողությունները քողարկելուն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































