Իսպանիայի Թագավորության Տոլեդո քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 53-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պաշտոնյաներ, Եվրոպայի տարածաշրջանի անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը։
Համաժողովի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտներին։
Ելույթներ են ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդես Ուրքիզան, Ինտերպոլի նախագահ Լուկաս Ֆիլիպը, Իսպանիայի պետական անվտանգության քարտուղար Աինա Կալվո Սաստրեն, Ինտերպոլի տարբեր ենթաբաժինների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ։ Ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը։
Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր ոտնձգությունների դեմ պայքարին ուղղված հարցեր։ Ներկայացվել է Ինտերպոլի արձագանքը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորություն, կիբեռհանցավորություն, ահաբեկչություն, մարդկանց թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ապօրինի միգրացիա, ֆինանսական բնույթի հանցագործություններ, ինչպես նաև անդամ երկրների կողմից հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի շրջանակում իրականացված օպերացիաների արդյունքները։
Կարդացեք նաև
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տարբեր ենթաբաժինների ներկայացուցիչների, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։
Քննարկվել են Եվրոպայի տարածաշրջանում անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը ուղղված տարաբնույթ հարցեր։
Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հաջորդ՝ 54-րդ համաժողովը կանցկացվի Վրաստանի Հանրապետությունում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


















































