Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը. Պարգև սրբազանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

Հոկտեմբեր 02,2026 11:26 Share

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ավելի քան տասնյոթ դար Հայ Առաքելական Եկեղեցին պահպանում է մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը՝ Հայաստանում և աշխարհի հայկական համայնքներում։

Վտանգված մեր կրոնական սրբությունները փրկելը մեր պարտքն է։ Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր կորստի համար, որը հնարավոր էր կանխել։ Անգործությունն արդարացում չունի, այն հավասար է մեղսագործությանը:

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը հայտարարել է, թե Դադիվանքից տեղափոխված խաչքարերի և որմնանկարների մասին տեղեկությունները 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին ու ներառվել գողացված արվեստի գործերի շտեմարանում։ Սա Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունն է։

Ինտերպոլի շտեմարանը համալրվում է լիազորված մարմինների ներկայացրած ոստիկանական տեղեկություններով։ Հետևաբար գրանցման մասին հայտարարությունը չի կարելի ներկայացնել որպես սեփականության իրավունքը հաստատող դատական վճիռ։

Դիմում եմ Ինտերպոլի նախագահ մեծարգո պարոն Լուկաս Ֆիլիպին և Գլխավոր քարտուղար մեծարգո պարոն Վալդեսի Ուրկիզային կոչով՝ ուսումնասիրե՛ք ամբողջ գործը։ Պարզե՛ք կրոնական սրբությունների ծագումը, եկեղեցական պատկանելությունը, տեղափոխության հանգամանքներն ու պահպանության վտանգները։ Առանց այդ քննության տեղափոխությանը վերջնական իրավական գնահատական տալ չի կարելի։

Բոլոր պատմական վկայություններից բավական է հիշել միայն XIII դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցուն։ Նա Դադիվանքի պատկանելության հարցում երկիմաստություն չի թողնում։ Երբ միջնադարյան պատմիչը հստակ արձանագրել է՝ ում է պատկանում Դադիվանքը, դարեր անց այդ փաստը քաղաքական պահանջով փոխելն անհնար է։ Դադիվանքի ծագումը կապված է Սուրբ Դադիի՝ Քրիստոսի յոթանասուն առաքյալներից մեկի հետ, որը Հայոց Առաքյալ Սուրբ Թադևոսի հրամանով մեկնում է Արևելահայոց կողմերը՝ քարոզելու, և առաջին դարում նահատակվում է։ Նրա նահատակության վայրը դեռևս առաջին դարից դարձել է քրիստոնյաների համար մեծ ուխտատեղի։ 4-րդ դարում սբ. Գրիգոր Լուսավորիչը՝ հիմնելով Արևելահայոց կաթողիկոսություն, կաթողիկոս է նշանակել իր թոռանը՝ ՍԲ Գրիգորիսին և, այցելելով Արցախ աշխարհ, հիմնադրել է տասնյակ եկեղեցիներ և վանքեր, Գանձասարի վանքում եպիսկոպոս է օծել ՍԲ Գրիգորիսին, հիմնել է Ամարասի վանքը և Դադիվանքում կառուցել է Սուրբ Դադի եկեղեցին և հիմնել է վանք:

Քռի աջ ափում են տեղակայվել միայն հայեր՝ ձևավորելով հայկական երկու նահանգներ՝ Արցախն ու Ուտիքը, իսկ աղվանից ցեղերը ապրել են բացառապես Քռի ձախ ափում:

Դադիվանքի երրորդ կաթողիկե եկեղեցին 1214 թվականին կառուցել է Արզու Խաթունը՝ իր ամուսնու և որդիների հիշատակին։ Պահպանվել են հայերեն արձանագրությունները։ Զույգ խաչքարերը թվագրված են 1283 թվականով։ Այս վկայությունները ներկայացված են վանքի պատմության մասնագիտական ուսումնասիրություններում։ Ըստ Հայ եկեղեցու բազմադարյան ավանդույթի բոլոր հայ եկեղեցիները իրենց պատերի ու քարերի վրա պարտադիր ունեն հայատառ փորագրված արձանագրություններ։

Եվրոպական խորհրդարանը 2022 թվականի մարտի 10-ի () «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևում արձանագրված է «… վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ոչնչացվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզման և ավելի քան 5 000 տապանաքար»։

Մեր խորը մտահոգությունները հասկանալու համար հիշե՛ք Ջուղան։

Ջուղան հին հայկական քաղաք էր Նախիջևանում՝ պատմական հայկական տարածք, որի ճակատագիրը քսաներորդ դարում որոշեցին Ռուսաստանն ու Թուրքիան առանց հայ ժողովրդի կամքի։ 1921 թվականի Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերով Նախիջևանը, Արցախի և Ուտիքի հետ միասին, սահմանվեց որպես ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանու ներքո։ Հետագա տասնամյակների ընթացքում երբեմնի բազմահազար հայկական բնակչություն ունեցող Նախիջևանը ամբողջովին հայաթափվեց, իսկ հայկական ներկայության հետքերը հետևողականորեն՝ մեկը մյուսի հետևից ամբողջապես ջնջվեցին։

Դրա ամենասարսափելի խորհրդանիշը Ջուղայի հայկական գերեզմանատունն էր։ Այնտեղ դարերով կանգնած էին հազարավոր հայկական խաչքարեր։ Դրանց ոչնչացման վերջին և վճռական փուլը տեղի ունեցավ 2005 թվականի դեկտեմբերին։ Տեսագրություններում հստակ երևում էին զինվորականներ, որոնք մուրճերով կոտրում էին խաչքարերը և դրանց բեկորները հեռացնում տարածքից։ Այդ ժամանակ բանակի կողմից կործանվեց 5000 հայկական պատմական միջնադարյան խաչքարեր՝ քրիստոնեական համամարդկային մշակույթի արժեքներ:

2006 թվականի փետրվարի 16-ի «Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանում մշակութային ժառանգության վերաբերյալ» բանաձևը խստորեն դատապարտեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը և Ադրբեջանից պահանջեց թույլ տալ միջազգային մասնագետների ու Եվրոպական խորհրդարանի պատվիրակության մուտքը տարածք։ Այդ մուտքը այդպես էլ չապահովվեց։

Ջուղան առանձին դեպք չէր։ Այն տեղի ունեցավ մի երկրում, որի իշխանական համակարգն այսօր միջազգային անկախ գնահատականներում բնութագրվում է որպես ավտորիտար, և որի պետական կառույցների կողմից հայերի դեմ ազգային ու էթնիկ ատելության հրահրումը կանխելու անհրաժեշտության մասին նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է հատուկ միջանկյալ միջոց սահմանել։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև կանխել ու պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը։

Ես այս ամենը չեմ դիտում որպես պատահական կամ իրարից անջատ դեպքեր։ Ինձ համար սա Բաքվում տասնամյակներով ձևավորված ավտորիտար իշխանության և պետական մակարդակով սնուցված հակահայկական քաղաքականության, հայատյացության, աշխարհում՝ ամեն հայկականի դեմ թշնամանքի հետևանք է։

Ես դրա հետևանքները տեսել եմ նաև սեփական աչքերով։ 1991–1994 թվականների պատերազմի տարիներին ականատես եմ եղել, թե ինչպես էին ադրբեջանական օդուժն ու հրետանին թիրախավորում հայկական պատմական սրբավայրերը։ Ռմբակոծությունների և հրետակոծությունների տակ էին հայտնվում նաև Ամարասի ու Գանձասարի վանքերը։ Դրանք վնասվում էին, իսկ մենք հետո ստիպված էինք վերականգնել հասցված վնասը։

Տարիներ անց նույն վտանգը նորից կանգնեց հայկական ժառանգության առաջ։ 2023 թվականի իրադարձություններից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած զանգվածային տեղահանումից հետո Արցախի ամբողջ հայ բնակչությունը հարկադրված հեռացավ իր հայրենիքից։ Եվրոպական խորհրդարանն է «2023 թ. հոկտեմբերի 5-ի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի Հայաստանի դեմ հարձակումից և շարունակվող սպառնալիքներից հետո» բանաձևում Ադրբեջանի այդ գործողությունները համարել համազոր էթնիկ զտման։ Մեջբերում եմ բանաձևից. «… մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը էթնիկ զտումը բնորոշում է որպես որևէ տարածքի էթնիկ առումով միատարր դարձնելու գործընթաց՝ ուժի կամ ահաբեկման միջոցով այնտեղից այլ էթնիկ կամ կրոնական խմբի պատկանող անձանց հեռացնելու ճանապարհով, ինչը հակասում է միջազգային իրավունքին. մինչդեռ հրատապ անհրաժեշտություն կա կասեցնելու և հետ շրջելու տեղի հայ բնակչության շարունակվող հարկադիր տեղահանումը, որը հավասարազոր է էթնիկ զտման … »։

Հետագա բանաձևերում Եվրոպական խորհրդարանը շարունակել է ահազանգել հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանոցների ու մյուս պատմական հուշարձանների ոչնչացման, վնասման և ինքնության փոփոխման վտանգի մասին։

Մենք այսօր էլ տեսնում ենք, թե ինչ վտանգի տակ է Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։ Ջուղայի փորձը մեզ իրավունք չի տալիս սպասելու մինչև հերթական հուշարձանը վերածվի քարերի կույտի, և հետո միայն միջազգային հանրությանը պատմելու, թե ինչ և ինչպես է դա եղել։

Նույն ճակատագրին կարող էին արժանանալ նաև Դադիվանքի որմնանկարներն ու խաչքարերը։ Հինգերորդ դարից մինչև 1820-ական թվականներ այդ տարածքները գտնվել են Պարսկական տիրապետության տակ և, ի տարբերություն Ադրբեջանի, պարսիկներն այդ ժառանգությունը չեն համարում իրենց սեփականությունը՝ գիտակցելով, որ դա հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն է և չեն հերքում ճշմարտությունը:

Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը կանխելու և պատժելու համար։ Որոշումն ընդգրկում է եկեղեցիները, գերեզմանատներն ու մշակութային առարկաները։ Ուրեմն քննության առարկա պետք է դառնա նաև այդ պարտավորության կատարումը։ Սրբությունների տեղափոխության հարցը չի կարելի կտրել դրանց անվտանգությունից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպական խորհրդարանին դիմում եմ՝ հայկական հուշարձանների վիճակի անկախ ուսումնասիրությունն առաջնահերթ պահելու պահանջով։ Անհրաժեշտ են՝ տեղում ստուգումների իրականացում, գույքագրում և արդյունքների հրապարակային արձանագրում։ Ինչպես նշել եմ վերևում, Եվրոպական խորհրդարանն արդեն պահանջել է մասնագիտական առաքելության անարգել մուտքն ու հայկական և միջազգային մասնագետների մասնակցությունը։

Հռոմի Պապին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներին կոչ եմ անում մասնակցել այս սրբավայրերի պահպանությանը։ Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի անդամներին, Եվրոպական Միությանը դիմում եմ՝ ուսումնասիրե՛ք փաստագրումները և կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային այս ցեղասպան ու հետևողական քաղաքականությունը։

Եվրոպական խորհրդարանի՝ 2022 թվականի մարտի 10-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» վերոհիշյալ բանաձևում արձանագրվել է, որ հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականություն է։ Մեջբերում եմ. Եվրոպական խորհրդարանն«Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության ջնջումը մաս է կազմում ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող՝ հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգված, պետական ​​մակարդակի քաղաքականության ավելի լայն դրսևորման, որը ներառում է ապամարդկայնացում, բռնության փառաբանում և Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում»։

Այս ամենը նաև Ինտերպոլի տնօրենի ուշադրությանն եմ հանձնում:

1989 թվականի մարտից մինչև 2021 թվականի փետրվարի 21-ը ես ծառայել եմ որպես Արցախի թեմի առաջնորդ։ 1930 թվականին Բաքվի իշխանությունների վարած հայատյաց և հակաքրիստոնեական քաղաքականության հետևանքով պատմական ու փառավոր Արցախի թեմը փակվեց։ Արցախում չմնաց գործող որևէ եկեղեցի կամ վանք։ Բազմաթիվ հոգևորականներ գնդակահարվեցին, ուրիշները՝ աքսորվեցին։ Տասնամյակներ շարունակ մեր սրբավայրերը մնացին լքված, ավերված ու խոնարհված։

Երբ 1989 թվականին ստանձնեցի Արցախի թեմի առաջնորդությունը, մենք սկսեցինք գրեթե զրոյից։ Պետք էր վերականգնել կործանված եկեղեցիներն ու վանքերը, նորից հնչեցնել զանգերը, վերադարձնել հոգևոր կյանքն այնտեղ, որտեղ այն տասնամյակներ շարունակ բռնի կերպով լռեցվել էր։ Դա պարզապես շինարարություն չէր։ Մենք վերականգնում էինք Արցախի հոգևոր հիշողությունը։

Ցավոք, այն քաղաքականությունը, որի հետևանքով ժամանակին փակվեց Արցախի թեմը և հալածվեցին նրա հոգևորականները, այսօր էլ շարունակվում է ավելի ուժգին, նոր մեթոդներով ու դրսևորումներով։ Ադրբեջանի իշխանությունները հայկական քրիստոնեական ժառանգությունը ներկայացնում են որպես այսպես կոչված «ալբանական» ժառանգություն՝ փորձելով փոխել եկեղեցիների, վանքերի և խաչքարերի պատմական ինքնությունը։ Այդ քաղաքականությունն արդեն տարածվում է անգամ տարածաշրջանի վրացական եկեղեցիների պատմության վրա։

Իմ կյանքի ավելի քան երեք տասնամյակները կապված են Արցախի թեմի հետ։ Այնտեղ են իմ ծառայության տարիները, իմ հիշողությունները, իմ ժողովրդի ցավն ու ուրախությունը։

Ցավոք, առողջական ծանր վիճակիս պատճառով, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ, մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ բուժվելու և պահպանելու առողջությունս։ Հետագայում ստացա կաթողիկոսական նվիրակի կոչում։

Մարդը, սակայն, կարող է հեռանալ իր երկրից, իսկ երկիրը՝ ոչ միշտ մարդուց։

Մինչև այսօր և քանի ապրում եմ իմ ամբողջ հոգով, իմ ողջ էությամբ կապված եմ լինելու իմ հարազատ Արցախ աշխարհին, նրա եկեղեցիներին ու վանքերին, նրա լեռներին ու մարդկանց։ Արցախն ինձ համար անցած կյանքի մի հատված չէ. այն իմ ծառայությունն է, իմ անջնջելի հիշողությունը, իմ կյանքն ու կյանքիս իմաստը…

Ճշմարտության դեմ մեղք գործելը նշանակում է մեղանչել Աստծո դեմ:

Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը: Աստված օրհնի ճշմարտության պաշտպաններին:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031