Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ եղել ենք, նորմալ, առողջ աշխատանքային մթնոլորտ էր. ԱՊՀ դիտորդների խմբի համակարգող

Հունիս 07,2026 13:08 Share

ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը դիտարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը: Տեղամասերում դիտարկմանը նախորդել է նախնական վերլուծական աշխատանք:

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբ կազմավորվեց, որը պետք է դիտարկեր ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Մեր խմբում 42 դիտորդ կա, որից 34-ը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում, մյուսներն աշխատում են մայիսի 7-ից: Փորձագետներն ուսումնասիրել են, թե որքանով է ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ էր դիտարկել, թե օրենքները որքանով են համապատասխանում առաջին հերթին 3 հիմնարար փաստաթղթերին, դրանք են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՄԱԿ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պակտերը՝ ներառյալ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների դեմոկրատական ընտրությունների վերաբերյալ կոնվենցիան»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խմբի համակարգող Ժակիպ Ասանովը:

Նա հավելեց, որ իրենց փորձագետները կենտրոնացել են հատկապես օրենքների պահանջների բավարարման վրա, դիտարկել են, թե որքանով է երաշխավորված փակ գաղտնի քվեարկության պահանջը, եւ որքանով են թափանցիկ լինելու գործընթացները: Ասանովի խոսքով, դիտորդների խումբը եկել է այն եզրակացության, որ ՀՀ օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին, միաժամանակ խորհրդատվություն է փոխանցել, որն ուղղված է ընտրական օրենսդրության հետագա կատարելագործմանը. «Հարցերն առնչվում են հատկապես արտաքին ֆինանսավորմանը, հանձնաժողովների ստեղծմանը եւ այլնին: Հույսով եմ, որ այս եւ այլ հարցերը ապագա խորհրդարանը կվերանայի՝ կատարելագործելու համար ընտրական իրավունքներին վերաբերող օրենսդրությունը»:

Ժակիպ Ասանովը նաեւ նշեց, որ կարճաժամկետ դիտորդական առաքելության ընթացքում իրենք իրականացրել են բազմաթիվ հանդիպումներ պետական տարբեր կառույցների հետ, ԿԸՀ նախագահի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նրա ձեւակերպմամբ, ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները կարողանան արտահայտել իրենց տեսակետները եւ հասցնել դրանք ընտրողներին:

«Ինչ վերաբերում է այսօրվան, մենք համոզվեցինք, որ ժամը 8-ի դրությամբ բացված են եղել բոլոր տեղամասերը, ինքներս ներկա ենք գտնվել տեղամասերից մեկի բացմանը: Մեր ստանդարտ գործողությունները հետեւյալն են՝ դիտարկում ենք, թե որքանով են համապատասխանում պայմանները գաղտնի քվեարկության համար, քննարկում ենք հնարավոր հարցերը այլ դիտորդների հետ: Ընդհանուր առմամբ, որտեղ եղել ենք, նորմալ եւ առողջ աշխատանքային մթնոլորտ է եղել, զգացվում էր, որ մեծ կազմակերպչական աշխատանք է կատարվել ԿԸՀ-ի եւ տեղական հանձնաժողովների կողմից, զգացվում էր աշխատանքային մթնոլորտ: Երեկոյան էլ կդիտարկենք ձայների հաշվարկը»,- ասաց Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930