«Ականատես» դիտորդական առաքելությունն ամփոփել է քվեարկության օրվա արդյունքները.
ՏԵՂԵԿԱՆՔ
2026 թ. հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների
քվեարկության օրվա գործընթացների վերաբերյալ
Կարդացեք նաև
2026 թվականի հունիսի 7-ին «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում։
Առաքելության շրջանակներում ներգրավվել է 712 դիտորդ, որոնք վերահսկել են քվեարկության ընթացքը Հայաստանի ողջ տարածքում։ 520 դիտորդ դիտարկել է ամբողջ քվեարկության օրվա գործընթացները 260 ընտրատեղամասում։ Դիտարկումն իրականացվել է պատահական ընտրանքի մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը։ Թեև դիտարկումն իրականացվել է երկրի բոլոր ընտրական տեղամասերի միայն փոքր մասում՝ 13%-ում, ընտրանքի վրա հիմնված մեթոդը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրական գործընթացի մասին՝ համապետական մակարդակով։
Ի լրումն, 8 դիտորդ հսկել է քվեարկությունը 6 քրեակատարողական հիմնարկում, և 6 դիտորդ դիտարկել է շրջիկ արկղով քվեարկություն կազմակերպող ընտրատեղամասերը, այդ թվում՝ ուղեկցելով շրջիկ արկղը 3 հոգեբուժական հաստատությունում և 3 ռազմաբժշկական հաստատությունում։
Շրջիկ դիտորդներից բաղկացած 54 խումբ այցելել է ընտրանքից դուրս գտնվող 456 (23%) ընտրատեղամաս՝ միաժամանակ հսկելով իրավիճակը համայնքների տարածքներում։
70 դիտորդ հսկել է 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքը։
«Ականատես» դիտորդական առաքելության գնահատականներով՝ քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ միջավայրում, քաղաքական մրցակցության և ընտրողների դինամիկ ու ակտիվ մասնակցության պայմաններում։ Միաժամանակ, որոշ տեղամասերում նկատվել է լարվածություն՝ առերևույթ ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտումների և դրա փորձերի, վերահսկողության և դրա փորձերի, ընտրության գործընթացի որոշ դերակատարների ագրեսիվ դրսևորումների պատճառով։ Տարբեր բնույթի ընտրախախտումներում ներգրավվել են տարբեր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներ։
Ընտրական հանձնաժողովների աշխատանքը, որոշ տեխնիկական թերություններով հանդերձ, ապահովել է ընտրողների քվեարկության և արդյունքների ամփոփման պատշաճ գործընթացները։ Ոստիկանությունը ևս հիմնականում իրականացրել է օրենքով սահմանված իր գործառույթները։
Նախապատրաստական փուլ
Քվեարկության նախապատրաստման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։
Նախապատրաստական նիստերը հիմնականում մեկնարկել են սահմանված ժամանակացույցով։ Տեղամասերի 69.62%-ում (181 տեղամաս) նիստը սկսվել է 07:00-ին, 28.08%-ում (73 տեղամաս)՝ 07:00-07:20 ընթացքում, իսկ 2.31%-ում (6 տեղամաս)՝ 07:20-07:40 ժամանակահատվածում։
- Տեղամասերի 1.54%-ում (4 տեղամաս) նախապատրաստական աշխատանքները սկսվել են առանց քվորումի առկայության։
- Տեղամասերի 0.77%-ում (2 տեղամաս) խախտվել է վիճակահանության անցկացման կարգը։
- Տեղամասերի 0.38%-ում (1 տեղամաս) տեխնիկական սարքի մասնագետը չի ապահովել սարքի նախապատրաստման ընթացակարգը։
- Տեղամասերի 30.38%-ը (79 տեղամաս) դժվարամատչելի է եղել հենաշարժողական, իսկ 6.15%-ը (16 տեղամաս)՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար։
- Տեղամասերի 5.00%-ում (13 տեղամաս) սենյակի կահավորանքը խախտել է քվեարկության գաղտնիությունը, իսկ 0.77%-ում (2 տեղամաս)՝ դժվարացրել է ընտրական գործընթացի դիտարկումը։
- Տեղամասերի 0.77%-ում (2 տեղամաս) բացակայել են ընտրողների ցուցակները, իսկ 3.08%-ում (8 տեղամաս)՝ կուսակցությունների/դաշինքների ցուցակները։
- Տեղամասերի 2.69%-ում (7 տեղամաս) տեխնիկական սարքով տպված ընտրողների թիվը տարբերվել է պատին փակցված հիմնական ցուցակների թվից։
- Տեղամասերի 1.92%-ում (5 տեղամաս) առկա են եղել չհրկիզվող պահարանի, իսկ 0.38%-ում (1 տեղամաս)՝ քվեատուփի հետ կապված պահանջների խախտումներ։
- Տեղամասերի 0.38%-ում (1 տեղամաս) արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն նախապատրաստական փուլում։
Նախապատրաստական փուլի միջադեպեր
Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից դիտարկվել են միջադեպեր, որոնց մի մասը ներկայացվում է ստորև։
Արձանագրվել է տեղամասային կենտրոնի բացմանն առնչվող խնդիր․
- 8/38 տեղամասում հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը բացվել է միայն ժամը 07:18-ին, ինչի հետևանքով մինչ այդ որևէ մեկի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել: Դիտորդի գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Կահավորման հետ կապված խնդիրները դրսևորվել են մասնավորապես հետևյալ կերպ․
- 8/61 տեղամասում քվեախցիկների ետնամասում գտնվել են սանհանգույցներ, որտեղ առկա է եղել ելումուտ: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկել լուծելու տվյալ խնդիրը։
- 13/16 տեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել միմյանց միացված սեղանների վրա, ինչի պատճառով ընտրողները մի շարք դեպքերում անցել են մյուս քվեախցիկի հետնամասով: Դիտորդի նկատառումից հետո սեղաններն առանձնացվել են։
- 14/6 տեղամասում քվեախցիկների ետևում առկա է եղել վարագույր, որն ամրացված չի եղել հարակից պատերին, ինչը չի բացառել քվեարկության գաղտնիության խախտման ռիսկը։ ՏԸՀ նախագահը հրաժարվել է վերացնել խնդիրը, ինչի մասին տեղեկացվել է վերադաս հանձնաժողովին։
- 27/3 տեղամասում քվեախցիկների ետնամասում առկա է եղել մեծ տարածություն՝ ապակեպատ դռներով և պատուհաններով: Խնդիրը բարձրաձայնելուց հետո հանձնաժողովի անդամները դրանք ծածկել են թղթերով։
- 27/10 տեղամասում քվեախցիկներից մեկը տեղադրված է եղել այնպես, որ կողքից տեսանելի կարող էր լինել քվեարկությունը։ Դիտորդի դիտարկումից հետո հանձնաժողովը որոշել է հեռացնել տվյալ քվեախցիկը սենյակից:
- 24/34, 29/20 և 38/26 տեղամասերում քվեախցիկների հետնամասում առկա են եղել դռներ, որոնք պատշաճ փակված և կնքված չեն եղել (բացակայել են կպչուն ժապավենները)։ Թիվ 29/20 տեղամասում դիտորդի պահանջով դուռը որոշ ժամանակ անց փակվել է կպչուն ժապավենով, սակայն 24/34 և 38/26 տեղամասերում հանձնաժողովի նախագահները որևէ գործողություն չեն ձեռնարկել խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Ընտրատեղամասերում տեղադրված քվեախցիկների քանակը չի համապատասխանել այդ տեղամասերում ընտրողների քանակի համար սահմանված պահանջներին և առաջացրել է գործընթացի կազմակերպման խնդիրներ:
- 8/61 տեղամասում (1,745 ընտրող) տեղադրված է եղել ընդամենը 2 քվեախցիկ: Դիտորդի արձանագրումից հետո, ժամը 13:00-ի սահմաններում, ավելացվել է ևս մեկը:
- 11/34 տեղամասում (2,068 ընտրող) տեղադրված է եղել ընդամենը 3 քվեախցիկ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ավելացնել 4-րդը՝ նշելով, որ դա կխախտի սենյակի կահավորման պահանջները տարածքի սղության պատճառով:
Նկատվել են ընտրողների ցուցակին առնչող խնդիրներ․
- 25/27 տեղամասում արձանագրվել է թվային անհամապատասխանություն. տեխնիկական սարքավորման կողմից տպված տեղեկանքում ընտրողների թիվը կազմել է 1,287, մինչդեռ տեղամասային կենտրոնում փակցված հիմնական ցուցակում առկա թիվը եղել է 1,273։ Սա բացատրվել է թարմացված ցուցակները տեղամասային կենտրոնում փակցված չլինելու հանգամանքով:
Արձանագրվել են քվեարկության պարագաներին առնչվող պահանջների խախտումներ․
- 23/20 և 4/54 տեղամասերում չհրկիզվող պահարանը մինչև ժամը 07:00-ն արդեն իսկ բացված է եղել: 23/20 տեղամասում 07:00-ին նկատվել է, որ պահարանի վրա սոսնձված ստորագրված թուղթը պատռված է, իսկ 4/54 տեղամասում հանձնաժողովի նախագահը պահարանը բացել է 06:55-ին՝ պատճառաբանելով, թե իրավունք ունի այն բացել 06:45-ից:
Քվեարկություն
Քվեարկությունն, ընդհանուր առմամբ, դիտարկված ընտրանքի տեղամասերում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Քվեարկության համար ընտրատեղամասերի 93.85%-ը (244 տեղամաս) բացվել է ժամը 08:00-ին։ Տեղամասերի 1.92%-ը (5 տեղամաս) բացվել է նախատեսվածից շուտ, իսկ 4.23%-ը (11 տեղամաս)՝ ուշացումով (08:01-08:10):
- Ընտրանքի տեղամասերի 8.14%-ում (21 տեղամաս) արձանագրվել է տեխնիկական սարքի խափանման 1-5 դեպք։
- Տեղամասերի 1.16%-ում (3 տեղամաս) խախտվել է վիճակահանությամբ սահմանված աշխատանքային գործառույթների հերթափոխը։
- Տեղամասերի 8%-ում (21 տեղամաս) արձանագրվել է 24 ուղղորդման/վերահսկվող քվեարկության դեպքեր։
- Տեղամասերի 2.69 %-ում (7 տեղամաս) արձանագրվել են առերևույթ քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման 7 դեպք, որոնց մի մասը միտված է եղել քվեարկությունը վերահսկելուն։
- Տեղամասերի 18.22% (47 տեղամաս) դեպքում 1-3 ընտրողների անվան դիմաց արդեն իսկ եղել է այլ անձի ստորագրություն։
- Տեղամասի ներսում կուտակումներ արձանագրվել են տեղամասերի 22.48%-ում (58 տեղամաս), իսկ հարակից տարածքներում կուտակումներ՝ տեղամասերի 02%-ում (31 տեղամաս)։
- Տեղամասերի 5.43%-ում (14 տեղամաս) առկա են եղել կողմնակի անձինք։
- 04%-ում (13 տեղամաս) նկատվել է ենթադրյալ վերահսկողություն իրականացնող անձանց շարունակական ներկայություն մուտքի մոտ։
- Տեղամասերի 0.78%-ում (2 տեղամաս) խոչընդոտվել են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց գործողությունները։
- Տեղամասերի 2.71%-ում (7 տեղամաս) ՏԸՀ նախագահը կամ քարտուղարը հրաժարվել են գրանցել դիտորդի գնահատականը խախտումների վերաբերյալ։
- Տեղամասերի 11.63%-ում (30 տեղամաս) արձանագրվել են հանձնաժողովի անդամներին հյուրասիրության դեպքեր՝ հիմնականում կուսակցությունների կողմից։
Տեղամասերի մեծամասնությունը (95.35%) ընտրողների քվեարկության համար փակվել է սահմանված ժամին՝ 20:00-ին:
Քվեարկության ընթացքի միջադեպեր
Տեղամասերում տեղակայված, ինչպես նաև շրջիկ դիտորդների կողմից դիտարկվել են միջադեպեր, որոնց մի մասը ներկայացվում է ստորև։
Քվեարկության օրվա ընթացքում տեղ են գտել քվեաթերթիկներ լուսանկարահանելու, կամ այլ կերպ բաց (նաև ընտանեկան) քվեարկելու և քվեարկությունն այլոց համար բացահայտելու դեպքեր։
- 10/38, 33/10, 38/26 տեղամասերում ընտրողները փորձել են կամ հասցրել են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկները (10/38-ում արձանագրվել է 3 առանձին դեպք՝ ժամը 09:15, 10:05, 12:21-ին)։ Հանձնաժողովի նախագահները կանխել կամ արձանագրել են գործընթացը, սակայն ոստիկանություն չի հրավիրվել։
- 10/38 տեղամասում ընտրողն իր քվեաթերթիկը ցուցադրել է ընտրող որդուն։
- 14/56 տեղամասում ընտրողը քվեարկել է բացահայտ՝ առանց քվեախցիկ մտնելու, իսկ նախագահը միջոցներ չի ձեռնարկել։
- 33/12 տեղամասում ընտրողը քվեարկելուց հետո մտել է մեկ այլ զբաղված քվեախցիկ, որից հետո քաղաքացիները միասին են դուրս եկել։
Տեղ են գտել ընտրողների քվեարկությունը առերևույթ վերահսկելու կամ վերահսկողության փորձ անելու, միջամտելու և ուղղորդման դեպքեր, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և ՏԸՀ անդամի կողմից։
- 4/47 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք ամբողջ ընթացքում կանգնել են քվեատուփի կողքին, դրսում զրուցել և ներս են բերել ընտրողներին: Նույն տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձինք թևանցուկ ներս են բերել երկու կնոջ, ովքեր առերևույթ ֆիզիկական օգնության կարիք չեն ունեցել։
- 7/6 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը շարունակաբար զրուցել է ռուսախոս ընտրողների հետ թե՛ բակում, թե՛ սենյակում։
- 8/7 տեղամասում ամուսինները մոտեցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձին՝ ասելով «մենք ձեզանից մեկն ենք», ապա պահանջել են միայն 16 համարի քվեաթերթիկը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի նկատողությունից հետո կինը քվեախցիկում շարունակել է ուղղորդել ամուսնուն։ Տվյալ դեպքն արձանագրվել է։
- 10/30 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն ակտիվորեն ուղեկցել է ընտրողներին դեպի քվեախցիկ և քվեատուփ՝ առաջ ընկնելով հանձնաժողովի նախագահից և բացատրելով քվեարկության կարգը։ Քարտուղարը մերժել է դիտորդի գնահատականի արձանագրումը գրանցամատյանում։
- 11/42 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձինք (2-ը ներսում, 2-ը՝ դրսում) կանգնել են մուտքին շատ մոտ և ակտիվորեն շփվել ընտրողների հետ։ Տվյալ երևույթը դադարեցվել է ոստիկանության միջամտությամբ։
- 14/48 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձինք տետրում հատուկ նշումներով վերահսկել են մուտք գործողներին, ընդ որում, վստահված անձանցից մեկը, տեսնելով տեղամաս մուտք գործած ընտրողին, բարձրաձայն հարցրել է վերջինիս՝ «բա ընտանիքդ ու՞ր ա»։
- 21/6 տեղամասում ՏԸՀ անդամը, տարեց կնոջը քվեաթերթիկների թվերը ցույց տալով, 16-րդ համարի մոտ շեշտել է. «Սա էլ 16-ն է, գնա՛ ընտրիր», ինչին կինը բարձրաձայն արձագանքել է. «Այո՛, ես 16-ին էլ ընտրելու եմ»։
- 29/20 տեղամասում երիտասարդը մոտեցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձին՝ հայտնելով. «Ախպերս, հետա ընտանիքով եկել ենք»։
- 30/53 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ողջունել են ընտրողներին («ընտրի՛ գնա», «եկել ե՞ս ընտրության»)։ Դիտորդը նաև նկատել է, որ նրանց՝ ծխելու նպատակով դուրս գալու ընթացքում ընտրողների հոսքը նվազել է, իսկ վերադառնալուն պես՝ կտրուկ աճել։
- 34/3 տեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձը հեռախոսն ուղղել է քվեախցիկների ուղղությամբ՝ ստեղծելով վերահսկողության ռիսկ, մինչդեռ խցիկների դիրքը լիարժեք չի ապահովել գաղտնիությունը (նախագահը մերժել է շտկել կամ գրանցել խախտումը)։
- 38/26 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձն ուղեկցել և ուղղորդել է ընտրողներին մինչև քվեախցիկ։
Քվեարկության ընթացքում իրականացվել է քարոզչություն, այդ թվում՝ քաղաքական ուժերի տարբերանշանները կրելու միջոցով։
- 25/28 տեղամասում երիտասարդ ընտրողը բարձրաձայն գոռացել է «Սամվել- վարչապետ» և հայտարարել, որ քվեարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
- 30/7 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը բացահայտ քարոզել է՝ «ընտրեք, որ խաղաղություն լինի»։ Այս գործողությունը դադարեցվել է «Հայաստան» դաշինքի վստահված անձի և նախագահի միջամտությամբ։
- 35/56 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը կրել է կուսակցության քարոզարշավի հետ ասոցացվող խորհրդանիշը (ՀՀ քարտեզի տեսքով)՝ պնդելով, որ դա զարդ է։
Քվեարկությանը օրը նկատվել են կողմնակի անձանց կողմից ընտրողների տեղափոխման և հնարավոր վերահսկողության դեպքեր։
- 2/13 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի մուտքն արգելվել է վկայականի բացակայության (և վստահված անձանց քանակը գերազանցելու) հիմքով: Նա մնացել է 50մ շառավղով տարածքում, հեռանալուց հետո վերադարձել է այլ հագուստով, դիմավորել երիտասարդներին, իսկ ավելի ուշ սնունդ է բերել ՏԸՀ-ի համար։
- 4/47 տեղամասում երկու անձ տևական ժամանակ վերահսկել են մուտքը, դիտորդի կողմից լուսանկարվելուց հետո հեռացել են, ապա վերադարձել՝ փոխելով հագուստը (ոստիկանությունը և նախագահը չեն արձագանքել)։ Նույն տեղամասում հայտնաբերվել է առանց վկայականի անգլիախոս անձ, ով ներկայացել է որպես միջազգային դիտորդ։ Նա հեռացվել է ոստիկանության միջոցով։
- 9/6 տեղամասի մուտքի մոտ 4 տղամարդ պարբերաբար շփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի հետ: Ոստիկանի 3-րդ զգուշացումից հետո նրանք հեռացել են։
- 15/27 և 35/57 տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունեցել է սահմանվածից ավել վստահված անձինք (մի մասը՝ մուտքի մոտ դրսում)։
- 16/41 տեղամասում նկատվել է մեծ թվով տարեցների (17-ից ավել) կազմակերպված տեղափոխում Ford Transit մակնիշի մեքենայով։
- 29/41 տեղամասում 49RR888 պետհամարանիշով Range Rover մակնիշի մեքենան մի քանի անգամ ընտրողների է տեղափոխել տեղամաս։
- 35/56 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը 3 ժամ շարունակ գտնվել է մուտքի մոտ և շփվել ընտրողների հետ: Նույն տեղամասում ոստիկանության ծառայողը 1.5 ժամ անընդմեջ գտնվել է ներսում և հեռացել միայն ԸԸՀ-ի միջամտությունից հետո։
Որոշ խնդրահարույց դեպքերում նկատվել է համայնքապետերի և վարչական ղեկավարների ուղղակի ներգրավումը․
- 16/41 տեղամասում Բաղրամյանի համայնքապետ Մհեր Հարթանյանն առանց վկայականի տևական ժամանակ գտնվել է ներսում, զրուցել ընտրողների հետ, սնունդ հյուրասիրել ՏԸՀ-ին։ Հանձնաժողովը և տեղամասում գտնվող այլ կազմակերպության դիտորդին համոզել են չարձանագրել դեպքը, սակայն ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ խախտման գնահատականը արձանագրվել է գրանցամատյանում։
- 22/32 տեղամասի մուտքին հարակից տարածքում (30մ հեռավորության վրա) Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը զրուցել և ուղղորդել է ընտրողներին, ինչի վերաբերյալ կազմվել է առանձին արձանագրություն։
- 38/32 տեղամասում Խաշթառակի վարչական ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը նստել է մուտքի մոտ՝ 10-ից ավելի անձանցից բաղկացած խմբի հետ, և շփվել ընտրողների հետ։
Քվեարկության օրն արձանագրվել են նաև որոշ տեղամասերում ճնշումների, վիճաբանությունների և դիտորդների իրավունքների խոչընդոտման դեպքեր, ինչը ստեղծել է վախի և ճնշման մթնոլորտ։
- 4/47 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք դիտավորյալ կանգնել են դիտորդների կողքին՝ նպատակ ունենալով կաշկանդել նրանց աշխատանքը։
- 6/50 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը բղավելով և ճնշում գործադրելով դուրս է վռնդել տարեց ընտրողին, որը կորցրել էր կտրոնը։ ՏԸՀ նախագահը չի կանխել միջադեպը։
- 9/22 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը տևական ժամանակ գտնվել է քվեախցիկներին անմիջապես հարակից տարածքում և փաստացի ստանձնել ՏԸՀ նախագահի գործառույթները՝ կազմակերպելով ընտրողների քվեարկության հետ կապված գործընթացները։ Երբ այցելուի կարգավիճակ ունեցող անձը բարձրաձայնել է խնդիրը և արձանագրել խախտումը գրանցամատյանում, վստահված անձը ոչ միայն չի դադարեցրել իր վարքագիծը, այլև սկսել է ճնշում գործադրել այցելուի նկատմամբ՝ բղավելով, սպառնալով և հայտարարելով, որ ի պատասխան՝ կեղծ գրառում կկատարի նրա դեմ։ Վստահված անձը գրանցամատյանում կատարել է ակնհայտորեն կեղծ գրառում այցելուի կողմից ուղղորդման վերաբերյալ, չնայած ներկա անձանց և ՏԸՀ անդամի կողմից հաստատվել է, որ այցելուն որևէ ընտրողի չի ուղղորդել։ Միջադեպն այնուամենայնիվ ստեղծել է վախի և ճնշման մթնոլորտ, որի հետևանքով այցելուն ստիպված է եղել լքել ընտրատեղամասը։ Միջադեպին ներկա է եղել նաև միջազգային դիտորդ։
- 12/40 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը վիճաբանել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ դիտորդի հետ՝ իրեն լուսանկարելու պատճառով:
- 14/56 տեղամասում ընտրողը սպառնալիքով հրավիրել է դիտորդին «դուրս գալու և խոսելու»։
- 30/7 տեղամասում քարտուղարն արգելել է դիտորդին լուսանկարել օգնող անձանց ցուցակը, ինչն ի վերջո թույլատրել է միայն անձնագրային տվյալները ծածկելու պայմանով։
Մի քանի տեղամասերում տեղի են ունեցել ընտրողին օգնելու կարգի խախտումներ։
- 10/15 տեղամասում Հայաստանի շնորհապետական կուսակցության վստահված անձն ինքնակամ, առանց ՏԸՀ-ին տեղեկացնելու, մի անձի է ուղղորդել քվեախցիկ՝ տարեց կնոջն օգնելու նպատակով։
- 34/37 տեղամասում որպես օգնող ներկայացած անձն ինքնուրույն է կատարել բոլոր գործողությունները, մինչդեռ ընտրողը կանգնել է հեռվում։ Նույնանման դեպք արձանագրվել է 33/12 տեղամասում։
Քվեարկության ընթացքում նկատվել են քվեարկության պարագաներին առնչվող պահանջների խախտումներ։
- 8/46 տեղամասում ժամը 12:00-ին հայտնաբերվել է, որ քվեատուփի վրա բացակայել են կապիչները: Նոր կապիչները բերվել են ԸԸՀ-ից ժամը 12:30-ին։
- 12/12 տեղամասում ժամը 13:30-ի սահմաններում արձանագրվել է, որ քվեատուփը կնքված չի եղել կապիչներով: Դիտորդների կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո հանձնաժողովի անդամները անմիջապես փակել են քվեատուփը կապիչներով։
- 8/7 տեղամասում ՏԸՀ անդամն ընդմիջման ժամանակ խանութ է գնացել՝ իր հետ տանելով անհատական կնիքը, կորցրել է այն, որից հետո մի քաղաքացի գտել և վերադարձրել է տեղամաս:
Մի քանի տեղամասերում նկատվել են քվեաթերթիկների, կտրոնների և դրոշմանիշների հետ կապված խնդիրներ։
- 1/13 տեղամասում առավոտյան առնվազն 20 քվեարկության կտրոնի վրա ՏԸՀ անդամը անփութությամբ անհատական կնիք չի դրել։
- 4/24 տեղամասում ՏԸՀ նախագահը հանձնաժողովի անդամին տվել է 100 դրոշմանիշ առանց հաշվելու կամ ստանալու 100 քվեարկության կտրոնները։
- 14/56 տեղամասում ՏԸՀ անդամը ընտրողին չի հանձնել թիվ 3 քվեաթերթիկը։ Խնդիրը շտկվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի միջամտությամբ։
- 14/56 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ընտրողը մոտեցել է քվեախցիկին առանց ցուցակում սահմանված կարգով ստորագրելու, իսկ նրա կտրոնի վրա բացակայել է անհատական կնիքը:
Մի քանի տեղամասերում ի հայտ են եկել ցուցակների հնարավոր անճշտություններ։
- 4/24 տեղամասում երկու ընտրող հայտարարել են, որ իրենց հասցեներում հաշվառված են իրենց անծանոթ այլ երկու անձինք։
Ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում դիտարկված քվեարկությունը համապատասխանել է շրջիկ արկղով քվեարկության կարգին։ Արձանագրվել են մի քանի խնդիրներ։
- 34/29 ընտրատեղամասի ներքո գտնվող Սիսիանի ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժում ստացող զինծառայողին քվեաթերթիկը տրամադրող հանձնաժողովի անդամի կողմից տրվել են բոլոր քվեաթերթիկները բացառությամբ համար 16-ի։ Քվեաթերթիկի բացակայությունը նկատել և տեղեկացրել է հանձնաժողովին հենց քվեարկողը, ինչից հետո ստացել է բացակայող քվեաթերթը։
- 4/3 ընտրատեղամասի ներքո գտնվող Երևանի Արաբկիրի ռազմաբժշկական հաստատությունում քվեարկությունը ժամանակավորապես կասեցվել է բացակայող քվեաթերթիկների պատճառով։ Երկու անգամ ռազմաբժշկական հաստատություն են բերվել նախ 9-րդ, ապա 11-րդ համարի քվեաթերթիկների տրցակը, քանի որ քվեարկելիս պարզ է դարձել, որ վերջիններս ոչ բավարար քանակով էի բերվել հանձնաժողովի անդամի կողմից։
- Նույն 4/3 ռազմաբժշկական հաստատությունում դիտորդը նկատել է, որ շրջիկ արկղը փակված չի կապիչով եղել ի սկզբանե։ Հանձնաժողովի նախագահի ցուցումով անդամներից մեկը տեղամասից բերել և տեղում կապիչով փակել է քվեատուփը շտկելով տվյալ խնդիրը։
Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ընդհանուր առմամբ պահպանվել է քվեարկության կարգը՝ որոշ բացառություններով։
- Արձանագրվել է քվեարկությունը սահմանված ժամին չսկսելու երկու դեպք 9/61 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և 10/56 տեղամասում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Քվեարկության արդյունքների ամփոփում
Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։
- Տեղամասերի 0.39%-ում (1 տեղամաս) արձանագրվել է կողմնակի անձի ներկայություն։
- Տեղամասերի միայն 0.78%-ում (2 տեղամաս) արձանագրվել են ՏԸՀ-ների կողմից ամփոփման ընթացակարգով նախատեսված գործողությունների ընթացակարգերի խախտումներ։
- Տեղամասերի միայն 0.78%-ում (2 տեղամաս) արձանագրվել են բուն արդյունքների հաշվարկի ընթացակարգի խախտումներ:
- Արձանագրության քաղվածքը և մասնակցության տեղեկանքը տրամադրվել են գրեթե բոլոր տեղամասերում (99.61%):
- Միայն 0.39%-ում (1 տեղամաս) հանձնաժողովը մերժել է տրամադրել տեխնիկական սարքավորման տեղեկանքը դրա իրավունքն ունեցող անձին։
Քվեարկության արդյունքների ամփոփման փուլի միջադեպեր
Հանձնաժողովների կողմից հաշվարկի գործընթացը հիմնականում իրականացվել է սահմանված կարգով, սակայն նկատվել են թերացումներ։
Նկատվել է քվեարկության սահմանված ժամանակահատվածի կոպիտ խախտման դեպք։
- 35/65 տեղամասում ժամը 20:00-ին տեղամասային կենտրոնի դռները փակելուց հետո պարզվել է, որ շենքի ներսում (միջանցքում) այդ պահին եղել է մի քանի հարյուր զինծառայող։ Հրամանատարությունը հայտնել է, որ ուշացել են հերթափոխից։ Չնայած զինծառայողները ժամը 20:00-ի դրությամբ չեն գտնվել բուն քվեարկության սենյակում (որն առանձնացված է եղել դռներով), ՏԸՀ-ն թույլատրել է զինծառայողներին քվեարկել։
Նկատվել են արդյունքների ամփոփման ընթացակարգի խախտումներ։
- 3/17 տեղամասում հաշվարկի ժամանակ ՏԸՀ նախագահը քվեատուփից ծրարները հանել է ոչ թե մեկական (ինչպես սահմանված է), այլ մի քանի հատով միաժամանակ՝ դրանք դնելով իր առջև սեղանին:
- 33/36 տեղամասում հանձնաժողովի նախագահը 2 քվեաթերթիկ, առանց ծրարից հանելու, համարել է անվավեր՝ ծրարի վրա ՏԸՀ անդամի անհատական կնիքի հետքի պատճառով, և պատռել է ծրարները։ Դիտորդի պահանջով հարցը դրվել է քվեարկության, և չնայած 7 անդամից միայն 3-ն է կողմ քվեարկել անվավեր ճանաչելուն, նախագահն ընդունել է որոշումը՝ կոպտորեն խախտելով կարգը։
- 7/6 տեղամասում դիտորդները նկատել են, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկված 2 քվեաթերթիկի վերևի հատվածը միտումնավոր և նույն կերպ ծալված է եղել (ենթադրյալ ուղղորդման նշան)։ ՏԸՀ նախագահը մերժել է դիտորդների՝ ապացույցը լուսանկարելու խնդրանքը՝ պատճառաբանելով, թե դա պատահականություն է, և հորդորել է «չխանգարել» գործընթացին։
Ընտրական փաստաթղթերի հանձնում ԸԸՀ-ներ
Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո «Ականատես» նախաձեռնության դիտորդները ՀՀ ողջ տարածքի 38 ԸԸՀ-ներում գիշերվա ընթացքում հսկել են ընտրական փաստաթղթերի և պարկերի հանձն-ընդունման և արդյունքների մուտքագրման գործընթացները և վեր հանել խախտումներն ու թերացումները։ Բացահայտած խնդիրների ցանկը ներառում է հետևյալը․
- Արձանագրվել են դեպքեր, երբ ՏԸՀ-ները մեծ պարկերը ԸԸՀ են բերել բաց, կիսաբաց կամ վնասված վիճակում։
- Բազմաթիվ ՏԸՀ-ներ սխալմամբ ընտրողների ցուցակների փոքր պարկը տեղադրել են մեծ պարկի մեջ, ինչի հետևանքով ԸԸՀ-ներում ստիպված են եղել արձանագրություններ կազմել, բացել մեծ պարկերը, հանել ցուցակները կամ այլ պարագաներ (կնիքներ, քաղվածքներ, բրայլյան կաղապարներ) և կրկին փակել։
- Բազմաթիվ ՏԸՀ նախագահներ մեծ պարկը ԸԸՀ են ներկայացել առանց ստորագրելու և/կամ կնքելու։
- Որոշ դեպքերում քվեաթերթիկները ԸԸՀ են բերվել առձեռն՝ առանց պարկի, ինչի հիման վրա որոշվել է իրականացնել վերահաշվարկ։
- ՏԸՀ-ների կողմից ԸԸՀ ներկայացված արձանագրություններում/քաղվածքներում նկատվել են զանգվածային վրիպակներ և թվաբանական սխալներ, որոնք շտկվել են ԸԸՀ-ներում։ Արձանագրվել են տվյալների շփոթման և անճշտությունների դեպքեր:
- Արձանագրվել են տվյալների մուտքագրման համակարգչային ծրագրի խափանումներ մի շարք ԸԸՀ-ներում, ինչը հանգեցրել է գործընթացի տևական կանգառների և հերթերի առաջացման:
Քվեարկության օրը դիտարկված էական խախտումների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ներկայացվել են դիմում-բողոքներ ընտրական հանձնաժողովներին, առանձին դեպքերով նախապատրաստվում են նաև հաղորդումներ իրավապահ մարմիններին։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018թ. օգոստոսին։ Նախաձեռնության անդամներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:
ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































