Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմում հինգ բացառիկ պարողներ կյանք տվեցին ավանդական հայկական գորգի հինգ հիմնական գույներին, որոնք խորհրդանշում են դարերի միջով անցած հին, անանուն կտավի կտորներ»

Հունիս 09,2026 15:43 Share

Բուլղարիայի մշակութային քաղաքում՝ Պլովդիվում, հունիսի 2-ին մեկնարկել է «Սև արկղ» ժամանակակից պարի և թատրոնի 20-րդ հոբելյանական միջազգային փառատոնը, որի պաշտոնական բացումը նշանավորվել է Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» (Հայկական գորգ) ներկայացմամբ։

Մինչև հունիսի 12-ը բլուրների տակ գտնվող այդ քաղաքը, ըստ էության, կրկին դառնում է աշխարհի ավանգարդ արվեստի խաչմերուկ՝ իր բեմերում միավորելով Հայաստանից, Բելգիայից, Իսպանիայից և Բուլղարիայից արվեստագետների։

Այս օրերին բուլղարական մամուլի ուշադրության կենտրոնում է փառատոնային յուրաքանչյուր անցք։

Aravot.am-ը մամուլից տեղեկացավ, որ փառատոնի բացման երեկոյի հուզիչ պահը Պլովդիվի քաղաքապետարանի մշակույթի, հնագիտության և տուրիզմի գծով փոխքաղաքապետ Պլամեն Պանովի ողջույնի խոսքն էր։ Նա նշում է փառատոնի ոգեշնչող ուղին՝ 2007 թվականից մինչև մեր օրերը, անընդհատ կատարելագործումն ու աճը, որոնց շնորհիվ «Սև արկղը» վերածվել է Բուլղարիայի միջազգային թատրոնի և ժամանակակից պարի ամենաճանաչելի և հեղինակավոր միջոցառումներից մեկի։

Պարբերականներից մեկում կարդում ենք. «Բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը Հայաստանում ժամանակակից պարի իսկական ռահվիրաներից և նորարարներից մեկն է։ Պլովդիվի բնակիչներին և քաղաքի հյուրերին նա ներկայացրեց ինքնության և գոյաբանական որոնումների մասին խորը, հուզականորեն հնչեղ պատմություն։ Բեմում հինգ բացառիկ պարողներ կյանք տվեցին ավանդական հայկական գորգի հինգ հիմնական գույներին, որոնք խորհրդանշում են դարերի միջով անցած հին, անանուն կտավի կտորներ։ Ժամանակակից բալետի, ժամանակակից պարի և մարտարվեստի միախառնմամբ ստեղծված յուրօրինակ խորեոգրաֆիկ լեզվի միջոցով ներկայացումը բառացիորեն «հյուսել» է նախնիների մոռացված պատմությունը՝ հանդիսատեսին թողնելով անշնչացած…»։

Մեկ այլ հրապարակման մեջ կարդում ենք. «Ներկայացումը չափազանց հզոր, հուզիչ և գեղեցիկ էր։ Անզուգական պարային լեզվի և ուժեղ բեմական էներգիայի միջոցով այն մեզ տեղափոխեց հայկական գորգի պատմության դարերն ու աշխարհները։ Սակայն տեսողական շքեղությունից անդին այն կարողացավ հուզել նաև իր խոր փիլիսոփայական շերտերով։ Պատկերների, երաժշտության, շարժման և խորհրդանիշների ներդաշնակ ու գեղեցիկ համադրությունն իսկապես տպավորիչ էր…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930