«Մենք փուլ առ փուլ միշտ շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով։ Բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ վերջին իրադարձություններից է այն, որ այժմ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ուղիղ առեւտուր է իրականացվում։ «Մաքսային իմաստով է ուղիղ առեւտուր, իսկ աշխարհագրորեն դա դեռեւս տեղի է ունենում երրորդ երկրների տարածքով։ Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջեւ։ Եվ պետք է ասեմ, որ այս հանդիպումն էականորեն տարբերվում էր նախորդ երբեւէ եղած գործարար շփումներից, որովհետեւ շատ հագեցած օրակարգ ուներ, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաեւ Թուրքիայի արեւելյան, հյուսիս-արեւելյան նահանգների գործարարների մոտ։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է, ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը ՀՀ տարածքում։ Ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների միջեւ։ Վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, նյութականացումը եւ շոշափելի պտուղները։ Մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեմ վստահություն հայտնել, մեծ հաշվով չի կանգնելու եւ բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքների, այլ նաեւ իր հետեւից բերելու է նաեւ քաղաքական լավ արդյունքներ»,- նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Միրզոյանն ասաց, որ 2025 թվականին Հայաստանն ընդլայնել է ռազմավարական գործընկերների շրջանակը։ «Վեց ռազմավարական գործընկերություն հաստատեցինք, օրինակ՝ Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չինաստան, Ղազախստան։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք համառորեն, հետեւողական շարունակում ենք իրականացնել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Մենք աստիճանական եւ հետեւողականորեն շարունակելու ենք ավելացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը տարբեր երկրներում»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































