«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ահազանգը ստացել է դեպքից հետո, հիմա քննություն է գնում, համապատասխան բաժինները քննություն են անցկացնում, արդյունքների մասին անպայման կտեղեկանաք»,- Aravot.am-ի հարցին՝ ահազանգ ստացե՞լ եք այն մասին, որ մի խումբ անհայտ անձինք ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներից պահանջել են ոչնչացնել ՀՀ Արմավիրի մարզի ընտրական տեղամասերից մեկի այցելության արձանագրությունը, որում խախտումներ էին արձանագրված, այսպես պատասխանեց Արմավիրի մարզի թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը։
Այս ընտրական հանձնաժողովը ներառում է Արմավիր քաղաքը և հարակից գյուղերը։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան, ով ընդգրկված է եղել նաև ԱՊՀ առաքելության դիտորդական խմբի կազմում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր․ «Առաքելության աշխատանքի շրջանակներում մենք արձանագրություններ ենք կազմում հայտնաբերված թերությունների ու խախտումների վերաբերյալ… Խախտում հայտնաբերելով՝ նրանք (դիտորդները – խմբ․) արձանագրություն են կազմել։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները դա տեսել են, պատնեշ են կանգնել և պահանջել ոչնչացնել արձանագրությունները»։
Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ այս միջադեպը ո՞ր ընտրատեղամասում է գրանցվել, նա պատասխանեց․ «Լրացուցիչ տեղեկատվություն կներկայացվի, քանի որ պատկան մարմինները զբաղվում են դրանով»։ Նաև ասաց, որ ձայների վերահաշվարկ է անցկացնում և երկար խոսել չի կարող։
Կարդացեք նաև
Լյուդմիլա Մարկինան նաև արձանագրել էր ձայների հաշվարկի անհիմն բարդացված գործընթաց և մասնավորապես ԱՊՀ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ նշել․ «Մենք արձանագրել ենք, որ ձայների հաշվարկի գործընթացը բավականին բարդ է և անհիմն բարդացված։ Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ դա արվել է ԸՕ-ին համապատասխան։ Բայց սա հսկայական ծանրաբեռնվածություն է ընտրական հանձնաժողովների անդամների վրա։ Չնայած բավականին մեծ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, սակայն ընտրական հանձնաժողովի անդամները շփոթվում էին ձայների հաշվարկի ընթացքում, այդ գործընթացը բավարար չափով մշակված չէր, և ընդհանուր առմամբ՝ ձեռք չեն բերվել գործնական հմտություններ այդ գործընթացի համար»։
Aravot.am-ի դիտարկմանը՝ ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները ձայների հաշվարկի բարդացված համակարգի մասին են դիտարկում արել, և հարցին՝ ԿԸՀ-ն հաշվի առնելո՞ւ է այդ դիտարկումները և հետագայում աշխատելո՞ւ է ձայների հաշվարկի ավելի պարզեցված համակարգի ներդրման ուղղությամբ, ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը պատասխանեց․ «Մեր ընտրական համակարգը պարզ է այն մարդկանց համար, որոնք այս գործընթացի մեջ են։ Մեր համակարգը բարդ չէ, միգուցե այդ համակարգին անծանոթ մարդկանց համար դա բարդ է թվում, բայց այն մարդիկ, որոնք այս համակարգում աշխատում են, իրենց համար բարդացված չէ, և հետևաբար, որպես այդպիսին՝ հաշվի առնելու կարիք չունենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































