Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ընտրությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրառեց բոլոր հնարավոր՝ օրինական և անօրինական միջոցները՝ բավարար քվեներ ստանալու և նրան կրկին վարչապետի պաշտոնում հինգ տարով վերընտրելու համար։
Փաշինյանը խախտել է Հայաստանի ընտրական օրենսդրության բազմաթիվ դրույթներ։ Նա իր քարոզարշավի համար օգտագործել է պետության հսկայական ռեսուրսները՝ այդպիսով չարաշահելով վարչապետի իր պաշտոնը։ Նա հրամայել է ձերբակալել ընդդիմության հարյուրավոր անդամների՝ նրանց ներկայացնելով ընտրություններին միջամտելու շինծու մեղադրանքներ։ Նա սպառնացել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին՝ դրանով իսկ ոտնահարելով դատարանների անկախությունը։ Նա այս սպառնալիքները կրկնել է նույնիսկ ընտրությունների օրը՝ իր հաղթանակի ելույթի ժամանակ։
Մեկ տարի առաջ Փաշինյանը հրամայեց ձերբակալել հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, որը մի քանի ամիս անօրինական կերպով բանտարկվելուց հետո այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Այսպիսով, Փաշինյանը զրկեց իր հիմնական ընդդիմադիր մրցակցին խորհրդարանական ընտրություններում քարոզարշավ անցկացնելու հնարավորությունից։
Կարդացեք նաև
Վարչապետը, հավանաբար, շինծու մեղադրանքներով կձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ այդպիսով շարունակելով իր վրեժխնդրական հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Նրա հրամանով բարձրաստիճան մի քանի հոգևորականներ ամիսներ շարունակ անարդարացիորեն բանտարկված են եղել, թեև նրանցից երկուսի խափանման միջոցը վերջերս փոխարինվել է տնային կալանքով։
Փաշինյանը նաև ընտրական իրավունքից զրկել է տասնյակ հազարավոր արցախահայերի, որոնք տարիներ շարունակ եղել են Հայաստանի քաղաքացիներ՝ վախենալով, որ նրանք կքվեարկեն իր կուսակցության դեմ։
Երբ Մոսկվայում բնակվող հազարավոր ՀՀ քաղաքացիներ որոշեցին մեկնել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, Փաշինյանը հրամայեց «Զվարթնոց» օդանավակայանում և Վրաստան-Հայաստան սահմանին արգելափակել նրանց տեղաշարժը՝ որպես պատրվակ օգտագործելով 25-օրյա զինվորական վարժական հավաքներին ներգրավվելու անհրաժեշտությունը։ Սա, իրականում, ակնհայտ փորձ էր՝ խոչընդոտելու Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։
Այս ամենից հետո, ըստ հաղորդումների, ընտրողների շուրջ 50 տոկոսը (ավելի քան 700,000 քաղաքացի) քվեարկել է Փաշինյանի կուսակցության օգտին՝ աչք փակելով նրա ձախողված կառավարման վրա, որը հանգեցրեց 2020 թվականի պատերազմում կրած կործանարար պարտությանը՝ խլելով հազարավոր զինվորների կյանքեր և էլ ավելի շատերին թողնելով վիրավոր։ Այնուհետև նա թույլ տվեց Ադրբեջանին 2023 թվականին բռնազավթե ողջ Արցախը՝ այն բանից հետո, երբ 2019 թվականին հայտարարել էր, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Նա անտեսեց Բաքվում բանտարկված Արցախի հայ ղեկավարների ծանր վիճակը, չսատարեց 120,000 արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին և ձախողեց իր պարտականությունը՝ ազատագրելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի այն հատվածները, որոնք 2021 և 2022 թվականներից ի վեր գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։
Փաշինյանը Հայաստանի հասարակությունը բաժանեց «սևերի» և «սպիտակների»՝ իր համակիրների և ընդդիմախոսների։ Նա երկրի բոլոր խնդիրների համար կեղծ կերպով մեղադրեց նախկին ղեկավարներին, թեև արդեն ութ տարի է, ինչ զբաղեցնում վարչապետի պաշտոնը։ Նա պառակտեց արցախահայությանը ու հայաստանցիներին և թշնամանք սերմանեց Սփյուռքի նկատմամբ։
Նրա կործանարար քայլերը շարունակվում են։ 2020 թվականի պատերազմից ի վեր նա գնացել է այն բոլոր զիջումներին, որոնք պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա համաձայնել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և քննարկում է նախկին չորս ադրբեջանական անկլավների փոխանցումը Ադրբեջանին։
Ընդդիմադիր այն փոքր կուսակցությունները, որոնք չունեին անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու իրատեսական հնարավորություն, չպետք է մասնակցեին ընտրություններին, քանի որ նրանց ձայների 50 տոկոսը, Հայաստանի արտառոց ընտրական օրենսդրության համաձայն, վերաբաշխվելու է Փաշինյանի կուսակցությանը։ Տասնվեց կուսակցությունների և երկու դաշինքների մասնակցությունն ընտրություններին չափազանց շատ է Հայաստանի նման փոքր երկրի համար։
Հունիսի 7-ին, երբ ձայների դեռ միայն չնչին մասն էր հաշվարկված, Փաշինյանը շտապեց հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ իր կուսակցությանը հաղթող հռչակելու համար։ Սա բացահայտ միջամտություն էր ընտրական գործընթացին։
Փաշինյանին հաջողվեց մոլորեցնել հայ ընտրողների մեծամասնությանը՝ խոստանալով գոյություն չունեցող խաղաղություն: Ալիևը չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ ակնկալում է նորանոր զիջումներ կորզել Փաշինյանից: Նույնիսկ 2025թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև կայացած հանդիպումը չհանգեցրեց Ադրբեջանի ղեկավարի վրա այնպիսի ճնշման, որը կստիպեր նրան ստորագրել պայմանագիրը։
Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է։ Հայ ժողովուրդը Փաշինյանից ազատվելու երկրորդ հնարավորություն ունի. առաջիկա ամիսներին, երբ նա հայ ժողովրդին դիմի հանրաքվեով հաստատել կամ մերժել Հայաստանի նոր Սահմանադրության իր, ավելի ճիշտ՝ Ալիևի տարբերակը, պետք է գործադրել բոլոր ջանքերը այն տապալելու համար, թեև Փաշինյանը կանի հնարավոր ամեն ինչ դրա հաստատումն ապահովելու համար։
Քանի որ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորել է նոր Սահմանադրության ընդունմամբ, Փաշինյանը քաղաքականապես կործանված կլինի, եթե չստանա ժողովրդի հավանությունը։ Նույնիսկ եթե նա մերժի այդ պահին հրաժարական տալ, միևնույն է կդառնա հայ ազգի ծաղրի առարկան, և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու նրա մեծ ծրագրերն ի չիք կդառնան։
Վերջապես, նրանց համար, ովքեր անդադար կրկնում են մեզ՝ Փաշինյանին քննադատողներիս, թե հայ ընտրողներն արդեն ասել են իրենց խոսքը, և մենք իրավունք չունենք միջամտելու Հայաստանի ներքին գործերին, ահա իմ հետևյալ պատասխանները.
1. Ես չեմ միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Ես պարզապես օգտվում եմ իմ կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից։
2. Որպես լրագրող և ազատ երկրում ապրող քաղաքացի՝ ես իրավունք ունեմ արտահայտել իմ կարծիքը ցանկացած թեմայի շուրջ, հատկապես՝ Հայաստանին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյալ։
3. Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ երբ ես կարծիք եմ հայտնում Չինաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Ճապոնիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ոչ ոք ինձ չի մեղադրում միջամտության մեջ, բայց հենց անդրադառնում եմ հայրենիքիս, Փաշինյանի կողմնակիցներն անմիջապես փորձում են լռեցնել ինձ։
4․ Որպես Հայաստանի երկքաղաքացի՝ ես ունեմ բոլոր իրավունքները՝ արտահայտելու իմ կարծիքը և ներգրավվելու Հայաստանի ներքին գործերում։
5. Ի վերջո, Փաշինյանի կողմնակիցների իրական խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք ես Հայաստանի մասին խոսելու իրավունք ունեմ, այլ այն փաստը, որ ես քննադատում եմ Փաշինյանին։ Եթե ես գովաբանեի նրան, նրա աջակիցներից որևէ մեկը չէր պնդի, թե ես դրա իրավունքը չունեմ։
Փաշինյանի աջակիցները պետք է ավելի շատ մտահոգված լինեին օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի գործողություններով, որոնք միջամտել են Հայաստանի ընտրություններին։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































