«Այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների, փաստ է՝ պայմանավորված վերջին ընտրական գործընթացով։ Ես կարծում եմ՝ դրա համար բավարար օրենսդրական շեմ կամ բազա կա, և իրավապահ մարմիններն այդ առումով բավականին մեծ աշխատանք են տանում։ Առաջիկայում այդ աշխատանքներն ավելի ինտենսիվ պետք է շարունակվեն։ Ինչ վերաբերվում է մեր մանդատին՝ մենք մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցություններին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եթե լինի կոնսենսուս, մենք հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք»,- ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ կան քաղաքական ուժեր, որոնք ամբողջովին զբաղված են քրեական օրենսգիրքը խախտելով և հարցին՝ ժամանակը չէ՞, որ օրենքով կամ դատարանի որոշմամբ՝ այդ քաղաքական ուժերին դնենք այնտեղ, որտեղ պետք է լինեն, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Այնուհետև Գեղամ Նազարյանն ասաց․ «Իմ առաջարկն է՝ ոչ թե քաղաքական ուժին արգելել մասնակցել միայն ընտրություններին, այլ ընդհանրապես այդ ուժի գործունեությունը պետք է կասեցնել, և առնվազն առաջին 50 ընդգրկված մարդկանց քաղաքական գործունեությունը 30 տարով պետք է արգելել։ Թե չէ մենք հիմա ավելի ու ավելի վատ դեպքերի ենք բախվելու»։
Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ե՞րբ է ավերվելու Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը և նոր շենք կառուցվելու, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Մենք ունենք հստակ որոշում, որը վաղուց է ընդունվել, որ պետք է Նուբարաշենը փակել, բայց դրա համար պետք է այլընտրանք, որի շուրջ քննարկումները վերջնական փուլում են։ Ունենք երկու տարբերակ՝ կամ պետական միջոցների հաշվին կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, կամ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներին»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային

















































