Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան նախկին սանը՝ նոր փորձության առաջ

Հոկտեմբեր 08,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տվյալ պահին ես և իմ անչափահաս երեխան փաստացի մնացել ենք առանց բնակության վայրի»

Սասմա Առաքելյանի ու նրա 4 ամսական փոքրիկի՝ Միկայի մասին «Առավոտը» գրել էր 2017-ին. «Սասման ընդամենը 23 տարեկան է, բայց ասում է՝ ամբողջ կյանքում միայն վիշտ ու դառնություն է կրել, մանկությունն անհոգ չի եղել. 13 տարեկանում մանկատանն է հայտնվել. ասում է՝ 7 երեխա էին, հայրը չէր հասցնում երեխաներին ինչպես հարկն է պահել, եւ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ՝ թաղապետարանի միջնորդությամբ տեղափոխվել են մանկատուն: Սասման 16 տարեկանից աշխատել է, ասում է՝ տարբեր գործեր է արել, որպեսզի ինքն իրեն պահի. «Մատուցող էլ եմ աշխատել, մենեջեր էլ, սուպերմարկետներից մեկում էլ դրամարկղի վրա էի աշխատում: Հիմա էլ կուզենամ աշխատել, բայց փոքրիկիս պահող չկա: Ես հիմա ոչ ոք չունեմ, հայրս մահացել է, մորիցս 7 տարի է՝ լուր չունեմ: Քույրերս ու եղբայրներս էլ չգիտեմ՝ որտեղ են: Լրիվ մենակ եմ, երեխայի հայրն էլ չի օգնում, մեկ-մեկ տակդիր ու երեխայի համար սնունդ է բերում, բայց հազվադեպ: Մենք միասին չենք, ամուսնալուծված ենք, այսինքն՝ զագսով ամուսնացած չենք էլ եղել» («23-ամյա Սասման երբ հղի էր՝ գործից ազատեցին, երեխան ծնվելուց հետո էլ տան հոսանքն անջատեցին»): Հրապարակումից հետո Սասման կրկին հայտնվել է նոր իրադարձությունների կիզակետում…

Սասման մինչ Ռուսաստանի Դաշնություն մեկնելը և այնտեղ մոտ երկու տարի բնակվելը, 2012-2023 թվականը ներառյալ բնակվել է Երևանի Գ. Նժդեհի 56 ա 830 հասցեում։ Ընտանեկան բռնություններից խուսափելու համար նա իր անչափահաս որդու հետ հեռացել էր կարճ ժամանակով Ռուսաստան։

Վերջերս վերադարձել է Հայաստան, կապված ՌԴ-Ուկրաինա պատերազմի հետ, գնացել տուն։ «Դուռը չկարողացա բացել, քանի որ հարևաններս ասացին՝ տունդ վաճառված է, նոր բնակիչ էր ապրում այնտեղ, բանալիները փոխված»,-«Առավոտին» ասաց նա։

Ո՞ւմ ես տունն ի պահ տվել, արդյո՞ք բանալին մեկ այլ մարդու ես տվել, հարցնում եմ նրան։ Սասման ասում է, որ բանալին միայն իր մոտ է եղել…

Այն, որ Սասման բնակվել է նշված ժամանակահատվածում այդտեղ, վկայում են հարևանները, որոնցից 15-ի ստորագրությամբ հայտարարությունն իմ ձեռքին է։ Սասմա Առաքելյանի անձնագրում նույնպես նշված է այդ հասցեն:

Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի 2026 թվականի օգոստոսի 17-ի տեղեկանքի համաձայն. «Տրվում է Սասմա Կարապետի Առաքելյանին (ծնված` 22.11.1993) առ այն, որ նրա ընտանիքը (ԱԱ4284740 հասցե՝ Գ.Նժդեհի փ,. 56 Ա 830 բն.)՝ երկու անձով 2017 թվականի հուլիսի 27-ից հաշվառված է Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի  Ընտանիքների ապահովության գնահատման համակարգում։

2017 թվականի օգոստոս ամսից մինչ 2019 թվականի փետրվար ամիսը ներառյալ, ապա 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ստացել է ամսական 24 000 ՀՀ դրամ ընտանեկան նպաստ։

Ընտանիքը վերջին անգամ փաստագրվել է 2021 թվականի փետրվարի 16-ին։ 2026 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընտանիքը ընտանեկան, սոցիալական, նպաստ, կամ հրատապ օգնություն ստացող շահառու չի հանդիսանում։ Տնօրեն՝ Ասյա Գևորգյան»։

Բնակչության պետական ռեգիստրում ռեգիստրի տվյալներով թե մայրը՝ Սասման, թե վեցամյա որդին հաշվառված են Երևանի Գ. Նժդեհի 56 ա 830 բնակարանում։  (Ըստ 2026 թ. օգոստոսի 5-ի տեղեկանքի, ստորագրված՝ Ն. Օհանյանի կողմից)։

Սասման մեզ հայտնեց, որ ժամանակավոր բնակվում է իր ծանոթի տանը, քանի որ տեղ չունեն գնալու։

«Առավոտը» դիմել է համայնքապետարանին, ինչպես նաև «Լիլիթ» համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանին։

Վերջինս հարցիս, թե տեղյա՞կ է նոր բնակչից, ովքեր են, ինչու դուռը չեն բացում, ասաց, որ տեղյակ է, որ «հանրակացարանում» Արցախից եկած փախստական կին է բնակվում, երեխայի հետ, ընտանիք է։ Նրանք գնել են այդ տունը Սասմայի հարազատներից մեկից, որի մասին ինքը նույնպես լսել էր։ Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է համայնքին, այսինքն, գործ ունենք համայնքային սեփականության հետ։ Համատիրության նախագահն ասաց, որ այս գործով իրեն ասել են, որ գործը դատախազությունում է, ուստի ձեռնպահ կմնա հավելյալ տեղեկություններ հայտնելուց. «Թող զբաղվեն, ասեն, ինչն ինչոց է»։

Նոր բնակիչը սանհանգույց էր իր միջոցներով սարքել։ Ի դեպ, ժամանակին այս հանրակացարան կոչվող տարածքում, ուր ապրում է մոտ երկու հարյուր անձ, որոշ սենյակներ տրվել էին մանկատան երեխաների, երկու տարբեր սենյակներ էլ ունեն նաև Սասմայի եղբայրները…

ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Գրիգորյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժ. Թովմասյանի քննարկմանն էր ուղարկել Սասմա Առաքելյանի կողմից  ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված դիմումը։

Սասմա Առաքելյանն ասաց, որ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ «առերևույթ  հանցագործության դեպքի վերաբերյալ» հաղորդումով».

«Ես՝ Սասմա Առաքելյանս, եղել եմ մանկատան սան։ Մանկատնից դուրս գալուց հետո  ՀՀ համապատասխան պետական մարմինների կողմից ինձ բնակության նպատակով տրամադրվել է բնակելի տարածք՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 56 ա 830 բնակարանում, որը գտնվել է նախկին հանրակացարանի շենքում։ Այսինքն, շուրջ տասնմեկ տարի  տվյալ բնակելի տարածքը հանդիսացել է իմ փաստացի բնակության հիմնական և մշտական վայրը»։

Սասման հայտնում է, որ ինքը նույնպես իրականացրել է  սեփականաշնորհման գործընթացին ուղղված գործողություններ, այդ թվում՝ ստացել է տարածքի հասցե, կատարել սեփականաշնորհման համար անհրաժեշտ գործողություններ. «Թեև սեփականաշնորհման  գործընթացը վերջնականապես չեմ ավարտել,  և տվյալ տարածքի նկատմամբ իմ սեփականության իրավունքը  պետական գրանցում չի ստացել, ձեռնարկել եմ իրավական կարգավիճակ ստանալուն ուղղված գործողություններ»։

Նա հիմնավորել էր նաև, թե ինչու է թողել փաստաթղթերի մի մասը, իրերի մի մասը տանը, երբ մեկնում էր Ռուսաստան. «Իմ բացակայությունը պայմանավորված չէր տվյալ բնակելի տարածքից  հրաժարվելու, այն որևէ անձի հանձնելու կամ դրանից օգտվելու իմ իրավունքը դադարեցնելու  ցանկությամբ կամ կամքով»։

Թե գլխավոր դատախազին, թե արդարադատության նախարարին ուղղված նամակում նա խնդրել է՝ պարզել տվյալ անձանց կողմից տարածքը զբաղեցնելու, օգտագործելու իրավական հիմքերը, այդ թվում, առկայության դեպքում, պահանջել համապատասխան պայմանագրերը, որոշումները, թույլտվությունները,  կամ այլ փաստաթղթեր. «Անհրաժեշտության դեպքում խնդրում եմ կատարել տվյալ բնակելի տարածքի  զննություն, արձանագրել դրա ներկայիս վիճակը, ինչպես նաև, առկայության դեպքում, այնտեղ գտնվող իմ անձնական իրերի և փաստաթղթերի հանգամանքը»։

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել