«Ես շատ կոշտ գնահատականներ կտամ, որոնք, իմ կարծիքով, ամբողջությամբ համապատասխանում են ստեղծված իրավիճակին եւ իրողությանը»,- ասաց ՀԱԿ փոխնախագահ, այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ «Հայելի» ակումբում խոսելով հունիսի 7-ին կայացած ընտրությունների ընթացքում իշխող ուժի թույլ տված խախտումների եւ հրապարակված նախնական արդյունքների մասին։
«Մենք ընդունել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը 2018 թվականին, ինչը չէր նշանակում, որ մենք իր հետ համաձայն էինք։ Համարել էինք, որ այնուամենայնիվ ընտրվել է քիչ թե շատ արդար եւ ունեցել է ժողովրդի աջակցությունը։ Անգամ 2021 թվականին, երբ արդեն ակնհայտ էր վարչական ռեսուրսի անխնա շահագործումը ընտրությունների ժամանակ, վերապահումներով հանդերձ, որ ինքը կորցրել է իր լեգիտիմությունը պատերազմի պարտությամբ, ընդունել էինք, որ այնուամենայնիվ իրավական առումով, բայց ոչ քաղաքական, ստացել է ժողովրդի ձայնը։
Եվ ահա 2026 թվականի ընտրություններից հետո հայտարարում եմ. Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, նրա իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ։ Եվ այսուհետեւ, այս պահից սկսած, մենք չունենք լեգիտիմ կառավարություն»,-ասաց Լեւոն Զուրաբյանը եւ իր այս գնահատականները հիմնավորեց ընտրության օրն իրենց արձանագրած չորս փաստերով։
«Չորս կարեւոր բան է եղել հենց ընտրության օրը։ Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ընտրվել, ինքը հանցագործություն է կատարել, ամբողջությամբ կեղծել է ընտրությունները եւ իշխանության ուզուրպացիա է արել։
Կարդացեք նաև
Առաջին հանգամանք։ 20։00-ից հետո բանակի քվեարկությունն է, որը փաստագրված է։ Սա ոչ միայն ընտրական իրավունքի մասսայական խախտում է, այլեւ ակնհայտ է, որ ուղղորդված, ժամը 20։00-ից հետո բերել են զինվորականներին քվեարկելու տարբեր տեղամասերում։ Սա շատ կարեւոր վկայություն է։ Եթե 20.00-ից հետո, երբ որ տեղամասերը փակվել են, ռեժիմը դիմել է նման մեթոդների, միայն մի բացատրություն ունի։ Իրենք իմացել են, որ իրենք պարտվել են եւ ավրալային մեթոդներ են կիրառել՝ արագ իրավիճակը շտկելու։
Երկրորդ հանգամանք։ Հոսանքազրկումները։ Ընդ որում, մենք ունեցել ենք նաեւ մեր վստահված անձանց կողմից տեղեկությունները։ Եվ նորից այստեղ կարեւոր է հետեւյալ հանգամանքը։ Այստեղ ոչ թե խախտման փաստն է կարեւոր, այլ այն, թե ինչո՞ւ պետք է դիմես նման մեթոդի։ Միակ բացատրությունը նորից հետեւյալն է. գիտես, որ դու պարտվում ես ամենուրեք, հետեւաբար, գնում ես նման քայլերի։ Ոչ միայն հոսանքազրկում ես, մթության մեջ չգիտեմ ինչեր ես անում, վստահված անձանց ես վախեցնում, տեղափոխություններ ես անում, ստիպում ես արձանագրություններ ստորագրել եւ այլն։ Այս ամենը տեղի է ունեցել ժամը 20.00-ից հետո; Այսինքն, իմացել են, որ գործերը լավ չեն։ Այսինքն, փորձել են իրավիճակը բերել վերահսկողության տակ։
Երրորդ փաստ, որը գուցե անգամ ավելի կարեւոր փաստ է, այդ օրվա՝ լուսաբացից սկսված զանգվածային ձերբակալություններն են, որոնց միակ նպատակը պետք է լիներ ընդդիմության կազմակերպական ուժը թուլացնել, ընտրական օրինականության նկատմամբ վերահսկողությունը թուլացնել գլխավորապես փոքր գյուղերում։
Եվ չորրորդ փաստը, որի մասին շատերը չգիտեն ու դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Սա արդեն մաթեմատիկական մեթոդ է։ Չգիտեմ, տեղյակ եք, թե չե, ընդհանրապես, եթե դու ունես ամբողջ պատկերը 2000-ից ավելի տեղամասերում, կարող ես անել մաթեմատիկական վերլուծություն՝ շվեյցարացի մաթեմատիկոս Հաուսի կորի վիճակագրական վերլուծությունը։ Այդ վերլուծությամբ բացահայտված անոմալիաները ոչ միայն վկայում են խախտումների մասին, այլեւ մաթեմատիկորեն հաշվելու։ Հիմա ասում եմ. կորի անոմալիաների վերլուծությունը ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր ձայներ կեղծվել են հօգուտ իշխանության։
Այս չորս հանգամանքը բավարարում է, որ մենք հայտարարենք, որ այս ընտրությունները ամբողջությամբ կեղծված են»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































