ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ հաղորդում է ներկայացնում զանգվածային հանցագործության մասին, որը, նրա խոսքով, իրականացնում է ՀՀ քաղաքական իշխանությունը, Պաշտպանության նախարարը, իսկ գործիքներն են՝ ռազմական ոստիկանությունը և զինկոմիսարիատները։
«Վերջին օրերին մի քանի առիթներով խոսել եմ 25-օրյա վարժական հավաքների մասին և այդ հավաքներն իշխանության կողմից օգտագործելու անբարո, անթույլատրելի և հակաօրինական գործելաոճի մասին։
Երեկ պարզվեց, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնք ժամանել են հայրենիք և պատրաստվում են վերադառնալ պայմանական Ռուսաստան, նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելված է, իսկ արգելում են այն քաղաքացիների ելքը, որոնք կատարել են հանցագործություն, գտնվում են քրեական հետապնդման տակ, ունեն երկրից բացակայելու սահմանափակում։ Պարզվեց, որ Ռազմական ոստիկանության պահանջով բազմաթիվ մեր հայրենակիցների ելքն արգելվել է…
Հիշում եք՝ այս օրերին իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, նախարարներ սպառնում էին, թե ով գալիս է Ռուսաստանից, միանգամից 25-օրյա հավաքների պետք է տանեն, մինչդեռ օրենքն ասում է՝ 25-օրյա վարժական հավաքների մասին քաղաքացուն տեղեկացնում են էլեկտրոնային փոստով, եթե փոստ չունի՝ առձեռն, եթե անհնար է կամ հրաժարվում է առձեռն ընդունել, azdarar.am-ով հայտարարում են ծանուցման մասին, և միայն 9-րդ օրը քաղաքացին համարվում է ծանուցված»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































