Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ էր նախատեսված այդ զենքը օգտագործել ու ովքեր պետք է օգտագործեին. Բագրատ սրբազան

Հունիս 11,2026 18:03 Share

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր մեղադրյալներն ու նրանց պաշտպանները վրդովվեցին, որ մեղադրող դատախազը ապացույցները ներկայացնելիս չի տարանջատում ու չի հստակեցնում, թե որ զինամթերքը ում է վերագրվում:

Մեղադրյալներից Հայկ Շահնազարյանի պաշտպանն էլ նկատեց, որ իր պաշտպանյալը որսորդների միության անդամ է ու իրեն վերագրվող հրացանները օրինական են եղել, հայտնաբերված պարկուճներն էլ համապատասխանել են հրացաններին:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ ասաց. «Մեղադրողը, որ ներկայացրեց զենքը, բոլորս էլ գիտենք՝ Հայկ Շահնազարյանին է պատկանում, օրինական զենք է, որսորդների միության թուղթ ունի: Այդ զենքը իմ հետ կապ չունի: Այդ զենքը, որ օրինական Հայկ Շահնազարյանի զենքն է, մեր գործի հետ ի՞նչ կապ ունի, պայքարի հետ ի՞նչ կապ ունի: Մենք դուրս ենք եկել փողոցային պայքարի, որ իրականացնենք սահմանադրորեն մեր իրավունքները, որ հիմա վերաձեւակերպել են տեռորիզմ, ինչ կապ ունի մեր այս գործի հետ…. այս ապացույցները, որ ներկայացնում եք, ինչ կապ ունի այս գործի հետ, դա ենք ուզում հասկանալ»:


Բագրատ սրբազանն էլ հարցրեց՝ եթե զենք-զինամթերքի փորձաքննություն է նշանակված, ի՞նչը պարզելու համար է նշանակված, պարզապես, որ պարզեն, որ դրանք զենքե՞ր են. «Ի՞նչ եք փորձել պարզել այդ զենքերը ուսումնասիրելով: Շատ վտանգավոր բան է տեղի ունենում, ինչպես մեղադրանքն է լղոզված, համընդհանուր դարձրած, այդպես էլ փորձաքննության սպասվելիք եզրակացությունը: Հատիկ հատիկ պարտավոր են ապացուցել՝ յուրաքանչյուրն ինչ կապ ունի այս գործի հետ, անհասկանալի է՝ ով ինչի համար է մեղադրվում, նույնն էլ եզրակացությունն է լինելու»:

Բագրատ սրբազանը դիմելով մեղադրողներին՝ ասաց. «Ցույց տվեք՝ այդ զենք- զինամթերքը ոնց է առնչվում ամբողջ գործընթացի հետ, որտեղ էր նախատեսված այն օգտագործել ու ովքեր պետք է օգտագործեին, իսկ փորձաքննությունն ի՞նչ պարզեց, պարզեց, որ զե՞նք են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930