Նյու Յորքում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների 19-րդ կոնֆերանսի (COSP19) շրջանակում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ելույթ է ունեցել «Քաղաքական մասնակցության խթանում. մատչելի խորհրդարանները՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ներառման շարժիչ ուժ» խորագրով հարակից միջոցառմանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կատրին Լանգենզիպենի, Միջխորհրդարանական միության ներկայացուցիչ Ալեսանդրո Մոտերի, «Fight for Right Ukraine» կազմակերպության ներկայացուցիչ Իրինա Տեկուչովայի, Մոնտենեգրոյի հաշմանդամություն ունեցող երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչ Մարինա Վույաչիչի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) ներկայացուցիչ Լիզա Յակոբսենի հետ պատգամավորը քննարկել է այն գործնական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են քաղաքական ինստիտուտներն ավելի մատչելի ու ներառական դարձնելու համար:
Քննարկման ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հիմնական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ներառումն ապահովելու համար:
Մասնավորապես, շեշտվել է, որ իրական փոփոխությունները սկսվում են որոշումների կայացման հարթակներում հաշմանդամություն ունեցող անձանց ներկայությունից:
Կարդացեք նաև
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի փորձին՝ կարեւորելով Կոնվենցիայի սկզբունքների վրա հիմնված ազգային օրենսդրությունը, որը երաշխավորում է հավասար հիմունքներով ընտրելու եւ ընտրվելու իրավունքը:
Պատգամավորն ընդգծել է, որ միայն օրենքներն ու մատչելի շենքերը բավարար չեն. հետխորհրդային շատ երկրներում դեռեւս պետք է փոխվի այն մտածելակերպը, երբ որոշումները կայացվում են «մեր փոխարեն, այլ ոչ թե մեզ հետ միասին»:
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ դրա համար անհրաժեշտ է հետեւողականորեն բարձրացնել պետական պաշտոնյաների ու խորհրդարանի աշխատակազմի իրազեկվածությունը, որպեսզի իրավական հանձնառությունները դառնան իրական, գործնական քայլեր:
ՀՀ Ազգային ժողով


















































