Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանից կխնդրեի՝ դադարեցնի այս անհարկի հետապնդումները, իր կարած գործերը փուչիկի պես պայթում են»․ Ավետիս Առաքելյան

Հունիս 11,2026 20:50 Share

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, այսօր ևս անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գյումրիում հնարավորինս շուտ պիտի տեղի ունենան արտահերթ ՏԻՄ ընտրություններ, ասաց․ «2025 թվականին Գյումրիում եղել են արդար, թափանցիկ ընտրություններ, և դա գործող իշխանությունն ընդունել է։

30 հազարից ավելի մարդ քվե է տվել ընդդիմությանը, միասնական ընդդիմությանը, որը ձևավորել է Գյումրու իշխանությունը։ Գյումրու առաջնային մանդատով օժտված ավագանիները ընտրություն են կատարել, քաղաքապետ են ընտրել Վարդան Ղուկասյանին, իսկ առաջին տեղակալը, որը նույնպես ընտրովի է, ինձ։ Պարզ, թափանցիկ է եղել, բոլորն այդ ամենը տեսել են։

Ես հիմա Նիկոլ Փաշինյանից կխնդրեի՝ այս անհարկի հետապնդումները դադարեցնի, այն, ինչ-որ կարվել է 2025 թվականին, այդ գործը, որը փուչիկի պես պայթվում է՝ վկաներով, ամեն ինչով, ես ամեն դատին ներկա եմ, դրա համար եմ համոզված այդ ամենում, թեև մինչ դա էլ էի համոզված, թող այդ ամենը հանի մեր վրայից ու տեսնի՝ Գյումրին ինչպես ենք շենացնելու», – ասում է Ավետիս Առաքելյանը։

Նա ասում է, թե չի հասկացել Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե կշրջանցենք ՏԻՄ օրենքները Գյումրիում։

«Չեմ հասկանում՝ ինչ ՏԻՄ օրենքներ շրջանցեն, պետության կողմից հաստատված ՏԻՄ օրենքները շրջանցեք, իշխանափոխություն անեք, հա՞։

Ժողովրդավարությունն էս երկրում գոյություն չունի, դա միֆ է, եթե ժողովրդավարություն գոյություն ունենար ու հավասար սկզբունքներով ընտրություն լիներ, պատկերն այլ կերպ կլիներ»,- ասում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը։

Նա ասում է՝ վախեցան թե՛ Վարդան Ղուկասյանից, և թե՛ Սամվել Կարապետյանից, նրանց զրկեցին քարոզչություն անելուց, ու այդքանից հետո դեռ խոսում են արդար ընտրություններից։

Ավետիս Առաքելյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում վախի մթնոլորտ է տիրում, առավել ևս Գյումրիում, որտեղ նախընտրական քարոզչության ընթացքում տոտալ ռեժիմ է աշխատել՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կօգտագործի այն փաստը, որ քրեական հետապնդում է հարուցված Ավետիս Առաքելյանի նկատմամբ, նրան կալանավորել կտա ու իշխանափոխություն կանի Գյումրիում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե քաղաքում ուզեն կոլապս ստեղծել, ապա ինձ կկալանավորեն, այս իշխանությունը կարմիր գծեր չունի, իրեն ամենակարող է զգում, օրենքի հետ վարվում է՝ ինչպես մի հատ չգիտես ինչ»։

Ի դեպ, Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի 7-րդ համարն է զբաղեցնում, նա նշում է՝ դեռ անհայտ է՝ իրենց ուժը կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ։ Անորոշ է նաև այն, թե ԱԺ մտնելու դեպքում ինքը կմնա քաղաքապետի պաշտոնակատար, թե՞ կգնա խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով։

Նա անդրադարձավ Գյումրու Անի թաղամասի փողոցներին, որի խայտառակ վիճակից դժգոհել էր Նիկոլ Փաշինյանը։

Ավետիս Առաքելյանը նաև դժգոհեց, որ սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող գյումրեցիներին բարեգործության օրենքի արգելքով զրկել են անգամ 20 հազար դրամ ստանալու հնարավորությունից, երբ շատերը այն դեղի ու վառելիքի փող են օգտագործում։

Ավետիս Առաքելյանը հարցնում է՝ օրենքը միայն իրենց համա՞ր է, բա Թալինի քաղաքապետի հատկացրած 15 միլիոն դրամը չե՞ն տեսնում։

«Թե՞ օրենքները մեր վրա են միայն գործում, մեզ են գաղտնալսում, առավոտից իրիկուն մեր վրա են հարձակվում», – նեղսրտում է Ավետիս Առաքելյանը։

Նա նշում է, որ ով էլ լինի քաղաքապետը, որ ուժն էլ ներկայացնի, եթե ընտրյալ է, կենտրոնական իշխանությունն իր դիրքերում պիտի մնա, այդքան չցածրանա ու նորմալ աշխատի ՏԻՄ-ի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930