Նկարել՝ նշանակում է առանց բառերի խոսել, զգացումներն ու երազները հանձնել թղթին, նկարել՝ նշանակում է երազել… Այս զգացումն ունեցա հունիսի 6-ին ՀԳՊԱ Ալբերտ եւ Թով. Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցած «Ղազարյան» նկարչական ստուդիայի սաների «Հեքիաթի կախարդանքը գույների աշխարհում» խորագիրը կրող ցուցահանդեսից:
Ստուդիայի սաներն իրենց երեւակայությամբ եւ մտահղացումներով նոր ստեղծագործություններ էին ներկայացրել: Հեքիաթի հերոսները նոր գույն, իմաստ եւ գեղեցկություն ունեին: Տարիների ընթացքում ստուդիայի սաները բազում հմտություններ են ձեռք բերել: Հետաքրքրական էին իրենց մտքի թռիչքով երեխաների նկարազարդած եւ հեղինակած հեքիաթները՝ Արփի Կարապետյանի «Անհայտ մոլորակը», Սոֆյա Պողոսյանի «Անքուն ուրվականը», Սոֆի Զաքարյանի «Մանեն ու նապաստակը», իսկ Իրինա Մամիկոնյանն իր ուրույն մեկնաբանմամբ նկարազարդել է Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» հայտնի հեքիաթը: Ցուցահանդեսին երեխաները ներկայացել էին դիմակներով. խորագրին համապատասխան միջոցառումը դարձրել հեքիաթային:
Աչքի էին ընկնում նաեւ սաների վառ գույներով բնության տեսարանները, սեր դեպի ծաղիկներն ու կենդանիները, հատուկ նկարազարդված հովանոցները, հետաքրքիր կոմպոզիցիաները:
Նշեմ նաեւ, որ ստուդիայի սաները հաճախ հանդիպումներ են ունենում արդի հայտնի արվեստագետների հետ, որոնք իրենց օգտակար խորհուրդներով նպաստում են երեխաների ճաշակի ձեւավորմանը եւ նկարելու ունակությունների զարգացմանը: Նրանք մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի, ծանոթանում կերպարվեստի նորություններին, այցելում թանգարաններ, տեղեկանում հայտնի արվեստագետների կյանքին եւ ստեղծագործություններին:
Ստուդիայի սաները տարբեր տարիներին իրենց մասնակցությունն են ցուցաբերել «Մինորա» մշակութային կենտրոնի, «Բեմարվեստ» հանրապետական, «Արեւորդիներ» միջազգային բնապահպանական, «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային մրցույթ-փառատոներին: Գեղեցիկ աշխատանքներով ներկայացել են Երեւանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն «Իմ հեքիաթի հերոսը» նկարչական մրցույթին` արժանանալով առաջին եւ երկրորդ տեղեր՝ Վիկտորյա Էմեքսուզյան, Ռոզա Խաչատրյան:
2024 թվականին Ֆրանսիայում անցկացվող արվեստի միջազգային մրցույթում ստուդիայի սան Արիաննա Մովսիսյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի: Միջազգային հերթական վերապատրաստման նպատակով 2025 թվականի հոկտեմբերին, ստուդիայի հիմնադիր տնօրեն եւ խմբակավար Լուսինե Ղազարյանը մեկնել էր Ավստրիա: Լ.Ղազարյանի նպատակն է երեխաների մոտ զարգացնել բարձր ճաշակ, գեղագիտական ճիշտ ընկալում, ամենակարեւորը՝ մարդկային բարձր արժանիքներ, ինչպես նաեւ գնահատել ազգային մշակույթի ակունքները:
Ստուդիայում աշխատում են «Արվեստը ազգություն չի ճանաչում» սկզբունքով, որտեղ կարելի է հանդիպել տարբեր ազգության պատկանող երեխաների, որոնց միավորում է մի բան, սեր առ կյանքը, գեղեցիկն ու բարությունը: Միջոցառումն ամփոփվեց ստուդիայի սաների շնորհակալագրերի ստացմամբ:
Սպասենք «Ղազարյան» նկարչական ստուդիայի սաների նոր հաջողություններին:
Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2026






















































