Մեզ խնդրեցին մեկ օր սպասել, մեկ օր հետո կոլեգիալ որոշում կլինի․ ԿԸՀ շենքից դուրս գալուց հետո հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակի անդամ Գեւորգ Ստեփանյանը։
«Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակի երեք անդամները՝ Իվետա Տոնոյանը, Գեւորգ Ստեփանյանը եւ Մանուկ Սուքիասյանը մտել էին ԿԸՀ շենք, որպեսզի իրենց մտահոգությունների պատասխանները ստանան ԿԸՀ նախագահից։ ԿԸՀ երկու անդամներն, որոնց հետ նրանց հաջողվել է հանդիպել եւ զրուցել, իրենց հարցերին հստակ պատասխաններ չեն տվել, հորդորել են սպասել մինչեւ ԿԸՀ-ն պաշտոնապես կհայտարարի ընտրությունների արդյունքները։
«Դեռ մենք վերջնական տվյալներ չունենք»,- ԲՀԿ պատվիրակներին ասել են ԿԸՀ անդամները՝ հորդորելով սպասել մինչեւ վաղը։
«ԿԸՀ նախագահը հայտարարել էր, որ 59 ձայնով չի հաղթահարում շեմը։ Մեր մի տվյալն էլ ընդունեցին, որ մենք գտել ենք 131 ձայնը։ Ասացին, այո՝ կներառենք»,-ըստ Գեւորգ Ստեփանյանի, ասել են ԿԸՀ անդամները։ Նաեւ պարզաբանել, որ երկու տեղամասերում ընտրությունների չեղարկումը եղել է հանրային ճնշման արդյունքում։
Կարդացեք նաև
«Մեղավորն իշխանությունն է, քանի որ երեկոյան 20․00-ից հետո զինվորներին տանել քվեարկության կարող էր միայն իշխանությունը»,- կարծում է Գեւորգ Ստեփանյանը։
Իվետա Տոնոյանն էլ տարակուսեց՝ երկու ընտրատեղամասերում հավելյալ քվեարկություն իրականացնելու մասով ԿԸՀ անդամները հստակ պատասխաններ չեն տվել, նույնիսկ անձնական դիրքորոշումներ են խուսափել հայտնել։
Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ բոլոր հնարավոր եւ անհնար իրավական քայլերը կիրառելու են՝ ընտրական իրավունքը պաշտպանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո։
Ցուցարարները ԿԸՀ նախագահին նաեւ նվեր փոխանցեցին՝ նկարչական պարագաներ՝ իր «նկարչական բուռն ցանկություններն իրականացնելու համար, ոչ թե աճպարարություններով զբաղվելու․ թող Մասիս սարը նկարի»։
«Մտքներովդ չանցնի՝ մեր գլխի տակ փափուկ բարձ դնել, «քյանդրբազություն» անել»,- հայտարարեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
ԲՀԿ-ականները իրենց աջակիցներին հորդորեցին ԿԸՀ շենքի մոտ հավաքվել կիրակի օրը՝ երբ ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































