Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը ընդդիմության պայքարը համարում է հետընտրական որոշակի վայրիվերումներ, շարժումներ, որոնք ոչ հեռանկար ունեն, ոչ ապագա

Հունիս 12,2026 21:44 Share

«Իհարկե, դպրոցական էքսկուրսիաները պետք է լինեն առանձնահատուկ հսկողության ներքո։ Եվ այստեղ մենք դպրոցների հետ պատշաճ կոմունիկացրել ենք։ Այդ ուշադրությունը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած տրանսպորտային միջոցից, որն էքսկուրսիան կազմակերպում է, մինչև կազմակերպման անվտանգության հետ կապված մնացած բաղադրիչները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա աշակերտի հետ էքսկուրսիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ըստ որի՝ արդեն հիվանդանոցում նրա օրգանիզմում թմրանյութ էր հայտնաբերվել։

«Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ես պետք է հորդորեմ՝ սպասել փորձաքննության եզրակացությանը։ Եվ ասեմ, թե ինչու։ Կարծում եմ՝ բոլորս հիշում ենք նախորդ տարի Մխչյանի հետ կապված բավականին աղմկահարույց միջադեպը, երբ լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, որը սկզբնական տեղեկատվություն էր այն մասին, որ էլի թմրամիջոցների հետ կապված իրավիճակ է։ Եվ դրանից մի քանի ամիս անց իրավապահներն արդեն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրին, որ իրականում խոսքը թմրամիջոցների մասին չէ։

Ես հիմա միակ բանը, ինչ բոլորիս խորհուրդ կտամ, նախ սպասելն է փորձաքննության արդյունքներին և եզրակացությանը, որպեսզի մենք իսկապես իմանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ երկրորդ՝ առանձնահատուկ նրբանկատություն, որովհետև մենք խոսում ենք երեխաների մասին։ Բոլոր այսպիսի դեպքերում մենք պետք է շատ զգույշ լինենք՝ երեխաներին կրկնակի չզոհականացնելու, չպիտակավորելու, նրանց տվյալներն այս ծավալով և այս մանրամասնությամբ հանրային քննարկման չդարձնելու, որը կարող է նրանց հետագա ճակատագրի համար ունենալ բացասական ազդեցություն։ Պիտի հորդորեմ, որ բոլորս այս հարցով ուշադիր լինենք։ Ես ինքս այս պահին կսպասեմ իրավապահների եզրակացությանը։ Պետք է ձեզ նաև ասեմ, որ այս ծավալի բազմաթիվ էքսկուրսիաներ են իրականացվում այս ժամանակահատվածում։ Եվ հուսով եմ, որ այդ ամբողջ ընթացքում պահպանվում են պատշաճ անվտանգության կանոնները»։

Պատասխանելով հարցին, թե վիճակագրության առումով որքան են նման դեպքեր արձանագրվել, նախարարը ասաց. «Իրականում այդպիսի դեպքերը հաճախակի չեն։ Ինչո՞ւ ասացի, որ հիմա բազմաթիվ էքսկուրսիաներ են իրականացվում։ Մենք պիտի հասկանանք, որ մեր հանրակրթության համակարգն ամենամեծերից մեկն է՝ 420 հազար երեխա է ամեն օր դպրոց մտնում և դուրս գալիս։ Եվ մենք խոսում ենք մի քանի դեպքերի մասին։ Ինձ համար այստեղ կարևորը վիճակագրության ծավալները չեն։ Իսկ եթե մեկ դեպք է, այդ դեպքը պետք է մինչև վերջ հասկանալ, բացահայտել և, ամենակարևորը, այդ խնդիրները կանխարգելել։ Պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկենք, որպեսզի նման իրավիճակներ չլինեն։ Այդտեղ եմ ես տեսնում պետության հիմնական անելիքը և ոչ թե մենք մեզ հանգստացնենք, որ 100-ից մեկ դեպքում է այսպես լինում, հետևաբար, վիճակը վատ չէ։ Իհարկե, այդ իմաստով վիճակը վատ չէ, բայց նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»։

Ժաննա Անդրեասյանը լրագրողների խնդրանքով ներկայացրեց նաև հունիսի 7-ի ընտրությունների, ընդդիմության հնչեցրած որակումների ու կատարած քայլերի մասին իր գնահատականը։ «Ես կարծում եմ՝ այստեղ մեկնաբանությունների կարիք չկա, որովհետև մեր քաղաքացիները հունիսի 7-ին գնացին ընտրության և ընտրեցին ինքնիշխան, ազատ Հայաստանը։ Եվ ես շատ ուրախ եմ այդ ընտրությամբ, որովհետև այդ ընտրությունները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, և խաղաղության օրակարգը այլընտրանք չունի, և խաղաղության օրակարգը մեր քաղաքացու այսօրվա կյանքի իրողությունն է։ Եվ սա ուղղակի քննարկման ենթակա չէ։ Ես սա համարում եմ նախընտրական և հիմա՝ հետընտրական որոշակի վայրիվերումներ, շարժումներ, որոնք ոչ հեռանկար ունեն, ոչ ապագա»,- հայտարարեց նախարարը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930