Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե ժողովրդավարության մասին խոսող կառույցները պարտավոր չեն առաջին հերթին սպասել, ուսումնասիրել, գնահատել․ «Փաստ»

Հունիս 13,2026 10:30 Share

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շուրջ ձևավորված քաղաքական և տեղեկատվական մթնոլորտը Հայաստանում բացահայտում է մի շատ կարևոր, բայց հաճախ դիտավորյալ շրջանցվող խնդիր։ Արտաքին միջամտության թեման այլևս չի կարող դիտարկվել միայն այն նեղ շրջանակում, որով այն սովորաբար ներկայացվում է արևմտյան դիվանագիտական և մեդիա հարթակներում։

Եթե որևէ երկրի ընտրական գործընթացին արտաքին դերակատարները ոչ միայն հետևում են, այլ նաև նախապես ձևավորում են քաղաքական ակնկալիքներ, հրապարակային գնահատականներ են տալիս դեռևս մինչև բոլոր գործընթացների ամբողջական ավարտը, ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են ներքաղաքական ընկալումների վրա, ապա այդ ամենը դժվար է անվանել զուտ դիտորդական կամ արժեքային դիրքորոշում։ Այդպիսի միջամտությունը հատկապես տեսանելի է դառնում այն պահին, երբ Եվրոպական միությունը վերջնական արդյունքների լիարժեք ամփոփման, բողոքարկումների քննության, վերահաշվարկների և իրավական ընթացակարգերի ավարտից առաջ հանդես է գալիս հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին անհապաղ հարգել քվեարկության արդյունքները և ժողովրդավարական ընթացակարգերը։ Առաջին հայացքից նման ձևակերպումը կարող է թվալ չեզոք, դիվանագիտական և ժողովրդավարական կայունության պահպանմանն ուղղված, սակայն հենց դրա ժամանակագրությունը, շեշտադրումները և անտեսված հանգամանքները լուրջ հարցեր են առաջացնում։ Եթե կան բողոքարկումներ, եթե քաղաքական ուժերը հայտարարում են խախտումների մասին, եթե առկա են վերահաշվարկի պահանջներ, ավելին՝ եթե հայտարարվել է ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի հնարավորության մասին (երեկ արդեն դիմումը հանձնվել է ԿԸՀ), եթե նույնիսկ միջազգային դիտորդական կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդները, թեկուզ շատ զգուշավոր և դիվանագիտական լեզվով ակնարկում են նախընտրական միջավայրի լրջագույն խնդիրների մասին, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ արտաքին քաղաքական կառույցը նման արագությամբ քաղաքական ազդակ ուղարկի՝ փաստացի նախապես լեգիտիմացնելով գործընթացը և մյուսներին հորդորելով այն ընդունել։ Նույնը վերաբերում է ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ու ԱՄՆ նախագահին, որը նունիսկ չի էլ թաքցրել, որ Նիկոլ Փաշինյանի «հաղթանակը» իր աջակցությամբ է եղել:

Այստեղ առաջանում է բնական հարցադրում՝ լուրջ եք ասո՞ւմ, կամ՝ seriously?։ Մի՞թե ժողովրդավարության մասին խոսող կառույցները պարտավոր չեն առաջին հերթին սպասել, ուսումնասիրել, գնահատել, համեմատել փաստերը, արձագանքել բողոքներին, լսել բոլոր կողմերին, հասկանալ՝ արդյո՞ք ընտրողի կամարտահայտությունը ձևավորվել է ազատ միջավայրում։ Երբ այդ ամենը շրջանցվում է, իսկ դրա փոխարեն հնչում է արդյունքները շտապ ընդունելու կոչ, դա արդեն ոչ թե ժողովրդավարական ընթացակարգերի պաշտպանություն է հիշեցնում, այլ քաղաքական դիրքորոշում՝ նախապես որոշված արդյունքի նկատմամբ։

Հայաստանի նման զգայուն քաղաքական միջավայր ունեցող երկրում ընտրությունները երբեք չեն լինում միայն տեխնիկական գործողություն. դրանք միշտ ներգրավում են անվտանգային, աշխարհաքաղաքական, ներքին լեգիտիմության, ինստիտուցիոնալ վստահության և հանրային համերաշխության խոր շերտեր։ Հետևաբար, ցանկացած արտաքին հայտարարություն՝ հատկապես խոշոր միջազգային դերակատարի կողմից, կարող է ունենալ ոչ թե պարզապես խորհրդանշական, այլ գործնական ազդեցություն։

Երբ Եվրոպական միությունը հայտարարում է, որ քաղաքական դերակատարները պետք է հարգեն արդյունքները, մինչդեռ այդ արդյունքների շուրջ դեռ ընթանում են իրավական ու քաղաքական վեճեր, այն փաստացի ազդում է ներքին գործընթացի վրա՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե բողոքարկող ուժերը ոչ թե օգտվում են իրենց սահմանադրական ու իրավական իրավունքներից, այլ խոչընդոտում են ժողովրդավարությանը։ Սա վտանգավոր տրամաբանություն է, որովհետև ժողովրդավարությունը միայն քվեարկության օրը չէ և միայն թվերի հրապարակումը չէ։ Ժողովրդավարությունը նաև բողոքարկելու իրավունքն է, վերահաշվարկ պահանջելու իրավունքը, ընտրական հանձնաժողովների գործողությունները կասկածի տակ դնելու իրավունքը, դատարան դիմելու իրավունքը, հանրային վերահսկողություն իրականացնելու իրավունքը։ Եթե այս ամենը դեռ ընթացքի մեջ է, ապա որևէ արտաքին դերակատարի շտապողականությունը կարող է ընկալվել որպես ճնշում ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև իրավական մարմինների և հանրային կարծիքի վրա։ Այդ ճնշումը կարող է լինել ոչ թե կոպիտ, ոչ թե բացահայտ սպառնալիքի տեսքով, այլ հենց այն «փափուկ ուժի» տրամաբանությամբ, որով միջազգային կառույցները հաճախ ձևավորում են քաղաքական օրակարգեր՝ միաժամանակ հայտարարելով, թե չեն միջամտում ներքին գործերին։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930