Լրահոս
Օրվա լրահոսը

Քննվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ․ «Ազատություն»

Հունիս 14,2026 00:16 Share

2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր է ներկայացրել վարչական դատարան:

ԲՀԿ հայցադիմումի քննությանը որպես 3-րդ կողմ մասնակցում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը: «Քաղաքացիական պայմանագիրը» միջնորդել էր դատարանին հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու պատճառաբանությամբ: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը: Պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նիստում նշեց, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:

Նիստին ՔՊ ներկայացուցիչ Եվա Առաքելյանն ուշացումով ներկայացավ, Արամ Օրբելյանը խնդրեց ընդմիջել նիստը՝ պարզելու, թե արդյոք ՔՊ ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու նիստին:

Օրբելյանը պնդեց, որ ՔՊ ներկայացուցիչ ներկայացած փաստաբանն ընդամենը մեկ ամիս առաջ պաշտպանում էր հայցվոր կողմի, այսինքն՝ ԲՀԿ շահերը մինչև հունիսի 1- ը ներառյալ: Իսկ հիմա հանդես է գալիս որպես 3-րդ կողմ՝ ինչը շահերի բախում է և փաստաբանական գաղտնիքի բացահայտման խնդիր կա:

Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո:

Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ:

ԲՀԿ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջեց բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձեց՝ գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրեց հայցը մերժել:

Դատաքննությունն ավարտվեց, դատավորը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի մինչև օրվա ավարտը: Խոսքը 35/65 ընտրատեղամասի արդյունքներն անվավավեր ճանաչելու մասին ԿԸՀ որոշման դեմ ներկայացրած ԲՀԿ դիմումի մասին է, այս ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել էր 82 քվե:

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930