Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Կա մի հարց, որը հետընտրական Հայաստանում գրեթե ոչ ոք չի տալիս։ Բոլորը կենտրոնացել են մեկ հարցի վրա՝ լեգիտի՞մ էին ընտրությունները, թե՞ ոչ։ Դա ճիշտ է: Բայց կա շատ ավելի կարևոր հարց. իսկ եթե ընդդիմությունը ճիշտ է, հետո՞ ինչ։
Պատկերացնենք, որ ընդդիմության գնահատականը ճիշտ է, ընտրությունները չեն արտացոլել իրական պատկերը, և բոլոր քննադատությունները հիմնավորված են։ Հետո՞ ինչ։ Սա է քաղաքականության ամենադաժան հարցը։ Քաղաքականության մեջ ճիշտ լինելը և հաղթելը նույն բանը չեն։ Կարող ես ունենալ ուժեղ փաստարկներ, համոզված լինել, որ բարոյապես ճիշտ կողմում ես, և միևնույն ժամանակ չհասնել քաղաքական արդյունքի։
Հենց այստեղ է սկսվում հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը։ Այսօր լեգիտիմության հարցը դարձել է հետընտրական Հայաստանի առանցքային քաղաքական թեմաներից մեկը։
Կարդացեք նաև
Գրեթե ամբողջ ընդդիմությունը եկել է նույն եզրակացության՝ ընտրությունները լեգիտիմ չեն եղել։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ քաղաքական դիրքորոշում։ Իսկ յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում ենթադրում է քաղաքական հետևանք։ Եթե ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա ի՞նչ է բխում դրանից։ Համակարգը չի փոխվում այն պահին, երբ ընդդիմությունը հայտարարում է նրա ապալեգիտիմության մասին։ Համակարգը փոխվում է այն պահին, երբ հասարակության համար գործող իշխանությունը դադարում է լինել ապագայի կրողը, իսկ ընդդիմությունը դառնում է այդ ապագայի համոզիչ ներկայացուցչը։
Ժամանակի գործոնը
Եթե ընդդիմությունը չի դառնում այդ ապագայի համոզիչ ներկայացուցիչ, ապա ժամանակը սկսում է աշխատել իշխանության օգտին։ Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի երկաթյա օրենք. ապալեգիտիմացումը, որը չի վերածվում քաղաքական գործընթացի, ժամանակի ընթացքում սկսում է լեգիտիմացնել հենց այն համակարգը, որի դեմ ուղղված է։ Սա է այն կետը, որտեղ բազմաթիվ ընդդիմություններ պարտվել են։ Նրանք հաղթել են փաստարկներում, բարոյական հարթությունում և հանրային դժգոհության դաշտում, բայց պարտվել են ժամանակին։
Յուրաքանչյուր օր, երբ ապալեգիտիմացման թեզը չի վերածվում քաղաքական գործողության, համակարգը սկսում է վերականգնվել։ Մարդիկ վերադառնում են իրենց առօրյային, իջնում է քաղաքականացվածության էներգիան, և քաղաքականությունը աստիճանաբար դուրս է մղվում նրանց առաջնահերթություններից։ Հետևաբար ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ թե երեկվա ընտրություններն են, այլ վաղվա Հայաստանը։
Ձայների կառուցվածքը
Շատերը նայում են միայն թվերին։ Մոտ պայմանական 700 հազար ձայն՝ իշխանությանը։ Մոտ պայմանական 600 հազար ձայն՝ ընդդիմությանը։ Եվ եզրակացնում են, որ տարբերությունը մոտ հարյուր հազար ձայն է։ Բայց քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն ձայների քանակը, այլ նաև դրանց կառուցվածքը։ Դրա վտանգավորությունը առաջինը հետընտրական փուլում հասկացավ և այդ ուղղությամբ սկսեց գործել Փաշինյանը՝ իր բրիֆինգում հայտարարելով, որ իր ձայները «օրգանական» են, ինչը մեղմ ասած էդպես չէ, բայց նա օգտագործեց «գողը առաջինն է գոռում բռնեք գողին» խոսույթը՝ փորձելով կտրել իր համար վտանգավոր հանգույցը:
Իշխանության շուրջ հավաքված ձայների մեջ, անկասկած, կան գաղափարական և անկեղծ աջակիցներ։ Սակայն կա նաև մի մեծ շերտ, որը կապված է հենց իշխանության կարգավիճակի հետ՝ վարչական ռեսուրս, պետական համակարգի հետ շահերի կապակցում, պաշտոնական կախվածություններ, կապիտալ կախվածություն, ուժային ազդեցություն, տեղեկատվական մանիպուլյատիվ գերակշռություն և հատկապես արտաքին լեգիտիմացման ռեսուրսներ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր նրբություն. այդ ռեսուրսի զգալի մասը պատկանում է ոչ թե կուսակցությանը, այլ իշխանությանը։ Այսինքն՝ այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է իշխանական կարգավիճակը։ Չկա կարգավիճակ՝ չկա վերը նշված ռսուրսը:
Հիմա նայենք մյուս կողմին։ Ընդդիմության շուրջ հավաքված մոտ 600 հազար ձայների գերակշիռ մասը ձևավորվել է բոլորովին այլ միջավայրում։ Դրանք հիմնականում քաղաքացիական, բողոքական և օրգանական ձայներ են։ Մարդիկ, որոնք իրենց ընտրությունը կատարել են ոչ թե համակարգի ներսում գտնվելու, այլ հաճախ հենց համակարգին հակառակ լինելու պայմաններում։ Սա որակապես այլ քաղաքական կապիտալ է, որը չի գովազդվում, որին արժանի ծավալի ազդեցություն չի տրվում և ցավոք թույլ է տրվել, որ Փաշինյանը այն սննկացնի «ոչ օրգանիկ» լինելու նարատիվով, մինչդեռ իրականությունը արմատապես հակառակն է:
Քաղաքական տեսանկյունից նման բազան հաճախ ավելի կայուն մեկնարկային հենարան է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Այն ձևավորվել է ոչ թե իշխանական հնարավորությունների, այլ համոզմունքների, սկզբունքների, արժեքների, դժգոհությունների և փոփոխության պահանջի շուրջ։ Այդպիսի աջակցությունը սովորաբար ավելի դժվար է հավաքվում։ Այդ իմաստով 600 հազարանոց օրգանական ընդդիմադիր բազան պարզապես մեծ թիվ չէ․ դա ահռելի քաղաքական կապիտալ է, որը կարող է լինել ավելի վստահելի մեկնարկային ռեսուրս, քան իշխանական կարգավիճակից զգալիորեն կախված 700 հազարանոց բազան։
Եվ այստեղ է թաքնված հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական ինտրիգը։ 700 հազարանոց իշխանական բազան և 600 հազարանոց ընդդիմադիր բազան նույն բնույթի և որակի ռեսուրսներ չեն։ Դրանք նույն թվաբանական հարթության վրա են, բայց ոչ նույն քաղաքական հարթության։ Մի դեպքում կարևոր դեր ունի իշխանության պահպանման գործոնը, մյուս դեպքում՝ հասարակության ներսում արդեն գոյություն ունեցող ինքնուրույն քաղաքական էներգիան՝ շեշտում եմ ինքնուրույն։ Այդ պատճառով թվերի միջև եղած տարբերությունը քաղաքական առումով կարող է շատ ավելի փոքր լինել, քան թվում է առաջին հայացքից։
Ընտրություններում հաշվում են ձայները։ Իսկ քաղաքական համակարգերի ճակատագիրը որոշվում է նաև հասարակական տրամադրությունների ուղղությամբ։ Քաղաքական պատմության մեջ բազմաթիվ իշխանություններ են հաղթել իրենց վերջին ընտրությունը, բայց արդեն պարտվել հաջորդ քաղաքական փուլում, որովհետև հասարակական դինամիկան այլևս իրենց կողմ չէր շարժվում։ Հայաստանը այսօր հենց այդ շրջափուլում է, երբ ավարտվում է մեկ ցիկլը, որը տևել է առայժմ ութ տարի:
Վաղվա մեծամասնությունը
Ընդդիմության գլխավոր խնդիրը չպետք է լինի անընդհատ հաշվել երեկվա ձայները։ Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասկանալ, թե վաղվա տրամադրություններն ո՞ւմ կողմն են շարժվում։ Որովհետև ընտրությունները ցույց են տալիս, թե հասարակությունն ինչպիսին էր երեկ, իսկ քաղաքականությունը որոշվում է նրանով, թե հասարակությունն ինչպիսին է դառնալու վաղը։
Հետևաբար ընդդիմության ռազմավարական խնդիրը պետք է լինի ոչ միայն գործող իշխանության լեգիտիմությունը վիճարկելը, այլ նաև սեփական լեգիտիմությունը կառուցելը և վաղվա մեծամասնությունը ձևավորելը։ Իշխանությունները սովորաբար չեն ընկնում այն պահին, երբ կորցնում են իրենց լեգիտիմության մի մասը։ Նրանք ընկնում են այն պահին, երբ հասարակության աչքի առաջ հայտնվում է ավելի վստահելի, կենսունակ և լեգիտիմ այլընտրանք։
Եվ վերջում՝ ամենակարևոր միտքը։ Եթե ընդդիմությունը համոզված է, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա նրա խնդիրը դա անվերջ կրկնելը չէ։ Դա արդեն ասել է։ Նրա խնդիրը հիմա շատ ավելի բարդ է։ Պետք է ապացուցի, որ այն հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք քվեարկել են փոփոխության օգտին, ոչ թե պարտված մեծամասնություն են, այլ վստահ ձևավորվող մեծամասնություն։
Որովհետև ընտրությունները ցույց տվեցին, թե Հայաստանն ինչպիսին էր հունիսի 7-ին չոր թվային արդյունքում, բայց ոչ խորքում։ Բայց, քաղաքական գլխավոր հարցը դա չէ։ Գլխավոր հարցն այն է, թե Հայաստանն ինչպիսին է լինելու 7-ից հետո։
P.S. Պատմությունը սովորաբար չի պատկանում երեկվա հաղթողներին։ Պատմությունը պատկանում է վաղվա մեծամասնությանը։ Պահպանեք, սնեք, հոգ տարեք, կոմունիկացվեք միմյանց հետ: Դուք խորքային մեծամասնություն եք, նրանք թվային:


















































