Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ
Միգուցե լուրջ խոսենք
Եթե եվրոպական քաղաքական միտքը երբևէ որոշեր Հայաստանին հնարավորինս հեռու պահել իրական եվրաինտեգրումից կամ ԵՄ անդամակցությունից՝ առանց հրապարակավ եվրոպականացման դեմ որևէ բառ ասելու, դժվար թե ավելի վիրտուոզ լուծում գտներ, քան եվրաինտեգրման քաղաքական քեյսը Նիկոլ Փաշինյանին հանձնելը և հանգիստ սպասելը, մինչև նա հերթական բրենդը վերածի անտիբրենդի։
Կարդացեք նաև
Խնդրում եմ կրկին կարդացեք առաջին պարբերությունը և շարունակենք:
Միտումնավոր օգտագործում եմ «եվրոպականացում», այլ ոչ ավելի խորը՝ «եվրաինտեգրում» և, առավել ևս, «ԵՄ անդամակցություն» հասկացությունները։ Որովհետև մենք իրականում նույնիսկ եվրոպականացման ճանապարհի առաջին կիլոմետրը դեռ չենք անցել, բայց մեզ, որպես խաբկանք, ցույց են տալիս ԵՄ անդամակցության առաջին մետրը։
Այս իշխանության քաղաքական ամենակայուն ունակություններից մեկը դրական հանրային լիցք ունեցող հասկացությունները սեփականացնելն է, դրանց բովանդակությունը փոխելը, դրանք սեփական իշխանության հետ նույնացնելը և, վերջում, արդեն ձևախեղված վիճակում հասարակությանը վերադարձնելը։
Օրինակներ՝
«Հեղափոխությունը» պետք է նշանակեր ինստիտուցիոնալ վերափոխում, բայց արդյունքում դարձավ Արցախի կորստի նախադրյալ։
«Ժողովրդավարությունը» պետք է նշանակեր իշխանության սահմանափակում, բայց դարձավ ավտորիտար իշխանության վոլյունտարիզմ։
«Խաղաղությունը» պետք է լիներ անվտանգային քաղաքականության արդյունք, բայց դարձավ քաղաքական բրենդ, որի անունից արդեն հնարավոր է վիճարկել նույնիսկ հակառակորդի զսպման անհրաժեշտությունը։
«Ինքնիշխանությունը» պետք է նշանակեր պետական կարողությունների մեծացում, բայց այն ևս դարձավ իշխանական հռետորաբանության ապրանքանիշ։
Հիմա նույն քաղաքական արտադրամաս է մտել շատ ավելի թանկ բրենդ՝ Եվրոպան։
Եվ հենց այստեղ պետք է վերջապես տարանջատել երկու բան, որոնք Հայաստանում համառորեն փորձում են նույնացնել, իսկ այդ նույնականացումն էլ մեծապես ունի ֆինանսական և կոնգլոմերատային շահադիտական, ոչ թե արժեքային շարժառիթներ։
Եվրոպականացումը և հակառուսականությունը նույն բանը չեն։
Եվրոպականացումը աշխարհագրական տեղաշարժ չէ և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման չափման միավոր չէ։ Այն առաջին հերթին ինստիտուցիոնալ կոնվերգենցիա է՝ անկախ դատարան, իրավունքի գերակայություն, իշխանության սահմանափակում, սեփականության պաշտպանություն, քաղաքական մրցակցություն, պետական ինստիտուտների ապաքաղաքականացում, մարդու իրավունքներ և իշխանության հաշվետվողականություն։
Հենց այդ պատճառով ԵՄ–Հայաստան CEPA-ի հիմքում ամրագրված են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումը։ Եվրոպան առաջին հերթին պետության որակի չափանիշ է, ոչ թե արտաքին քաղաքական բառապաշար։
Ու հիմա՝ հայկական պարադոքսը։
2025 թվականին Հայաստանը օրենքով հայտարարեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ 2026 թվականի մայիսին տեղի ունեցավ պատմության մեջ առաջին ԵՄ–Հայաստան գագաթնաժողովը։ ԵՄ-ն ճանաչում է Հայաստանի եվրոպական ձգտումները, հարաբերությունները խորանում են, եվրոպական ուղղությունը դառնում է պետական քաղաքականության հիմնական բրենդներից մեկը։
Հրաշալի է։ Բայց այստեղից պետք է սկսվի ոչ թե ծափահարությունը, այլ քաղաքագիտական հարցադրումը՝ իսկ Հայաստանը դրանից որքանո՞վ է դարձել եվրոպական պետություն։
Ոչ թե եվրոպամետ, ոչ թե հակառուսական, ոչ թե Բրյուսելի հետ ավելի հաճախ հանդիպող, այլ՝ եվրոպական։
Freedom House-ի 2026 թվականի գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է դասակարգվել «Partly Free»՝ 54/100 միավորով։ Այսինքն՝ եթե եվրոպականացումը չափում ենք ոչ թե աշխարհաքաղաքական հռետորաբանությամբ, այլ պետության ինստիտուցիոնալ որակով, Հայաստանի և այն Եվրոպայի միջև, որի անունով կատարվում է այս ամբողջ վերադիրքավորումը, դեռ հսկայական տարածություն կա։
Եվ այդ տարածությունը կոծկելու համար տեղի է ունեցել դասական «подмена понятий»՝ գաղափարական փոխարինում․ Ռուսաստանից հեռացար՝ նշանակում է մոտեցար Եվրոպային, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացան՝ նշանակում է դարձար արևմտամետ, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացրիր՝ նշանակում է եվրոպականացար։
Մինչդեռ պարզ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանից հեռանալը դեռ Եվրոպա հասնել չէ։ Կարելի է դուրս գալ մեկ ինտեգրացիոն համակարգից և չմտնել մյուսի մեջ, փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ առանց փոխելու պետության կառավարման որակը, ունենալ եվրոպական բառապաշար, համաժողովներ ու ԵՄ դրոշներ՝ առանց եվրոպական ինստիտուտների։
Սա է հայկական եվրաինտեգրման քննարկման ամենամեծ ինտելեկտուալ խաբկանքը։
Այս ֆոնին աշխարհում երևի քչերին է հաջողվել այսքան էժան «եվրաինտեգրվել» և միաժամանակ այսքան էժան հակառուսականություն իրականացնել։
ԵՄ-ի 2024–2027 թվականների Resilience and Growth Plan-ը Հայաստանի համար նախատեսում է €270 մլն՝ €200 մլն դրամաշնորհային աջակցություն և €70 մլն ներդրումային դրամաշնորհներ։ Սա, բնականաբար, ԵՄ-ից Հայաստանին ուղղված ամբողջ ֆինանսական հոսքը չէ։
Բայց խնդիրը եվրոպական փողի գինը չէ։ Խնդիրը հայկական աշխարհաքաղաքական ռիսկի գինն է։
Պետություններն անվտանգության համակարգերը դրամաշնորհների դիմաց չեն փոխում։ Դրանք փոխում են, երբ հին համակարգից դուրս գալու ռիսկը փոխհատուցվում է նոր՝ առնվազն համարժեք քաղաքական, տնտեսական և անվտանգային ճարտարապետությամբ։
Հայաստանը վերանայում է Ռուսաստանի հետ անվտանգության հարաբերությունները, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, խնդիրներ են ձևավորվում ԵԱՏՄ ուղղությամբ, իսկ եվրաինտեգրումը դարձել է պետական քաղաքականության կենտրոնական բրենդներից մեկը։
Ուստի հարցը €270 միլիոնը չէ։ Հարցն այն է՝ ի՞նչ է ստանում Հայաստանը, ի՞նչ է տալիս, ի՞նչ անվտանգային համակարգից է հեռանում, ի՞նչ նոր համակարգի մեջ է մտնում և այդ ամբողջ շարժի արդյունքում պետության ինստիտուցիոնալ որակը որքանո՞վ է մոտեցել Եվրոպային։
Հակառակ դեպքում ստանում ենք արտառոց բանաձև՝ Ռուսաստանից հեռանալ ավելի արագ, քան կարող ես վերակառուցել կախվածություններիդ համակարգը, և Եվրոպա գնալու մասին հայտարարել ավելի արագ, քան կարող ես ինստիտուցիոնալ առումով Եվրոպա դառնալ։
Սա արդեն եվրոպականացում չէ։ Սա աշխարհաքաղաքական վերադիրքավորում է։
Իսկ դրանք նույնացնելը Հայաստանի համար կարող է չափազանց թանկ քաղաքական սխալ դառնալ։
Բայց ամենավտանգավորը նույնիսկ սա չէ։
Ամենավտանգավորը սկսվում է այնտեղ, որտեղ Փաշինյանի քաղաքական ճակատագիրը կապվում է Եվրոպայի քաղաքական բրենդի հետ։
Եթե տարիներով կառուցվում է «Փաշինյանը ժողովրդավարությունն է», «Փաշինյանը խաղաղությունն է», «Փաշինյանը ինքնիշխանությունն է», իսկ հիմա նաև՝ «Փաշինյանը Եվրոպա է» բանաձևը, ապա իշխանության նկատմամբ հիասթափությունը մի օր սկսելու է փոխանցվել նաև նրա սեփականացրած հասկացություններին։
Փաշինյանը կարող է հեռանալ։ Բայց հասարակության մի հատվածի գիտակցության մեջ կարող է մնալ շատ պարզ շղթա՝
Եվրոպա + Փաշինյան + այս կառավարման արդյունքը = ուրեմն սա էր Եվրոպան։
Եվ այդ պահին Հայաստանի դեմ հակաեվրոպական ամենաարդյունավետ քարոզչական աշխատանքը կարող է արդեն կատարված լինել ոչ թե Մոսկվայից, այլ հենց եվրաինտեգրման անունից։ Ռուսական քարոզչությանը մեծ ինտելեկտուալ աշխատանք էլ չի մնա․ կմնա ցույց տալ արդյունքը և ասել՝ «Սա էր ձեր Եվրոպան»։
Ահա թե ինչու հարցը վաղուց միայն Փաշինյանի մասին չէ։ Հարցը նաև Եվրոպայինն է՝ Հայաստանում ձեզ պետք է եվրոպամետ իշխանությո՞ւն, թե՞ եվրոպական պետություն։
Սրանք նույն բանը չեն։
Եթե եվրոպական արժեքներն իսկապես արժեքներ են, ապա դրանք պետք է լինեն նաև եվրոպամետ համարվող իշխանություններին չափելու չափանիշ։ Իրավունքի գերակայությունը, քաղաքական մրցակցությունը և ժողովրդավարությունը չեն կարող գործել միայն աշխարհաքաղաքականորեն «սխալ» իշխանությունների նկատմամբ։
Եվրոպամետությունը չի կարող իշխանության համար դառնալ աշխարհաքաղաքական ինդուլգենցիա։
Չի կարող ստացվել այնպես, որ որքան իշխանությունն աշխարհաքաղաքականորեն ավելի «եվրոպամետ» է դառնում, այնքան Եվրոպան նրանից ավելի քիչ է պահանջում իրականում եվրոպական լինել։
Այլապես իշխանության համար ստեղծվում է բոլորովին այլ մոտիվացիա՝ ոչ թե եվրոպականացնել պետությունը, այլ աշխարհաքաղաքականորեն այնքան անհրաժեշտ դառնալ Եվրոպային, որ ներսում եվրոպական չափանիշներից շեղումները համարվեն երկրորդական։
Եվ այդ պահին եվրոպականացման փոխարեն ծնվում է շատ ավելի հարմար գործարք՝ աշխարհաքաղաքական լոյալություն՝ ներքաղաքական հանդուրժողականության դիմաց։
Այստեղ արդեն վնասվում է ոչ միայն Հայաստանը, այլև Եվրոպան։ Ժողովրդավարությունը դադարում է արժեք լինելուց և վերածվում է արտաքին քաղաքական գործիքի, իսկ Եվրոպան Հայաստանում կորցնում է իր ամենաթանկ ռեսուրսը՝ ոչ թե փողը կամ քաղաքական ներկայությունը, այլ նորմատիվ հեղինակությունը։
Ուստի Հայաստանի իրական եվրոպականացման առաջին անհրաժեշտ պայմաններից մեկը, որքան էլ պարադոքսալ հնչի, Եվրոպան Փաշինյանի քաղաքական սեփականաշնորհումից ազատելն է։
Եվրոպան Փաշինյանի բրենդը չէ։ Եվրաինտեգրումը ՔՊ-ի սեփականությունը չէ։ Արևմտականությունը հակառուսականության հոմանիշը չէ։ Դրանք Հայաստանի պետական զարգացման մոդելի հարցեր են և չեն կարող կապվել մեկ մարդու, մեկ կուսակցության կամ մեկ իշխանության քաղաքական կենսագրության հետ։
Հիմա այդ քաղաքական արտադրամասում Եվրոպան է։
Եթե իսկապես ցանկանում եք Հայաստանում եվրաինտեգրման գաղափարը տապալել, շարունակեք այն նույնացնել Փաշինյանի հետ։
Իսկ եթե նպատակը եվրոպական Հայաստանն է, ապա պետք է վերջապես տարանջատել երեք բան՝ Եվրոպան՝ Փաշինյանից, եվրոպականացումը՝ հակառուսականությունից, եվրոպամետ իշխանությունը՝ եվրոպական պետությունից։
Որովհետև Ռուսաստանի ազդեցության համակարգից հնարավոր է հեռանալ և այդպես էլ Եվրոպա չհասնել։
Եվ դա կարող է դառնալ Հայաստանի ամենաթանկ աշխարհաքաղաքական ճանապարհորդությունը՝ վճարել հեռանալու ամբողջ գինը՝ առանց հասնելու արժեքային, անվտանգային և ինստիտուցիոնալ նշանակետին։
P.S. Իսկ գուցե «դիվերսիֆիկացիայի» անվան տակ ստացվող ռազմավարական «դեզօրիենտացիան» ոչ թե սխալ է, այլ հենց սցենա՞րը՝ հին հենարաններից հեռացնել, նորերին չհասցնել և Հայաստանը թողնել այն միջակայքում, որտեղ նրա նկատմամբ պահանջներ ու հավակնություններ ունեցողները ստանում են գործելու ամենամեծ ազատությունը։


















































