Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազային Կոմիտաս՝ ամերիկացի երաժիշտ Ջոել Մարտինի, Սիփան Օլահի և Կամերային նվագախմբի համագործակցությամբ

Հունիս 14,2026 20:07 Share

Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան) կներկայացնի Jazzical Komitas յուրօրինակ նախագիծը։ Համերգի մենակատարն է Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։ Իսկ համերգը կղեկավարի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։

Aravot.am-ի հետ զրույցում Սիփան Օլահը նշեց, որ համերգն առանձնահատուկ է նրանով, որ Կոմիտասը կներկայացվի ջազային մշակումներով՝ ոչ հայ կոմպոզիտորի, դաշնակահարի միջոցով: «Ջոել Մարտինի, իմ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում: Ջոել Մարտինը 6 տարի է, ինչ ոգեշնչված է Կոմիտասի երաժշտությամբ և արդեն 3 ալբոմ պատրաստել է Jazzical Komitas խորագրով, որը հիմնականում դաշնամուրային մեկնաբանությամբ է, բայց եղել են այլ ելույթներ՝ ուրիշ նվագախմբերի կամ ավելի փոքր անսամբլների հետ: Իսկ այս անգամ Ջոել Մարտինը նոր երգացանկ է կազմել՝ նոր մշակումներով: Դրանք 9 ստեղծագործություն են նվագախմբի և դաշնամուրի համար»,- նշեց Սիփան Օլահը։

Հարցրինք, թե ինչպես կմեկնաբանի հայկական արմատներ չունեցող Ջոել Մարտինի և կոմիտասյան երաժշտության միջև կապը: «Ջոելը, չլինելով ազգությամբ հայ, չունենալով հայկական արմատներ, պարզապես ոգեշնչվելով, լսելով և ուսումնասիրելով Կոմիտասի գործիքային և վոկալ ստեղծագործությունները, տպավորվել է Կոմիտասի մեղեդիներով, որ հասկացել է, որ այնտեղ կա մեծ հիմք ստեղծելու ջազային իմպրովիզացիաներով, մեկնաբանություններով յուրօրինակ ստեղծագործությունների շարք: Կոմիտասի մեծությունը հայերս, իհարկե, հասկանում ենք, բայց դիտելով Կոմիտասին միջազգային աչքերով և տեսանկյունից, ևս մեկ անգամ գնահատում ենք նրա մեծությունը: Ինչ վերաբերում է տաղանդաշատ կոմպոզիտոր և դաշնակահար Ջոել Մարտինին, Կոմիտասի մեծության ընկալումն արդեն իսկ գործի ամենակարևոր մասն է եղել: Նա կոմիտասյան երաժշտությունը հետաքրքիր ձևաչափով է ներկայացնում ԱՄՆ-ում, նաև զրույցներ է ունենում ամեն ստեղծագործություն ներկայացնելիս, այսինքն՝ ոչ միայն նվագում է, այլև հանդիսատեսին պատմում է ստեղծագործության մասին»։

Մեր զրուցակիցը նշեց, որ երևանյան համերգը մաս է կազմում Jazzical Komitas 2026–2028 թվականների համաշխարհային շրջագայության, որը կընդգրկի 20 քաղաք։ Ինչպես արդեն վերևում նշվեց, իրենց առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025 թ. Նյու Յորքում, երկրորդ համերգը Երևանում կկայանա, հաջորդ համերգն արդեն Լոնդոնում է լինելու՝ իր ղեկավարած «Քլինգեն» նվագախմբի հետ։ Մաեստրոն ասաց, որ իրենց առաջ խնդիր են դրել ավելի ճանաչելի դարձնել աշխարհում Jazzical Komitas նախագիծը, որը յուրօրինակ է, հանրամատչելի և դուր կգա երաժշտական տարբեր ոճեր նախընտրող մարդկանց։

Ինչ վերաբերում է միջազգայնորեն ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինին, նրա համագործակցությունների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ՝ Ալան Մենկենը, Ֆերգին, Սթիվի Ուանդերը և օպերային լեգենդ Քեթլին Բաթլը։ Ջոել Մարտինից հետաքրքրվեցինք, թե հատկապես Կոմիտասի որ ստեղծագործությունն է իր համար ամենասիրելին: Նա պատասխանեց, որ դա Կոմիտասի «Էջմիածնի պարն» է: Նա հավելեց, որ նախատեսվում է Jazzical Komitas շարքի երրորդ ձայնասկավառակի թողարկումը Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ։ Միաժամանակ ընթացքի մեջ է վավերագրական ֆիլմի արտադրությունը, որի ռեժիսորը «Օսկար»-ի անվանակարգում առաջադրված Նարե Մկրտչյանն է։

Ջոելը նշեց նաև, որ նախատեսում է Jazzical Komitas-ի գաղափարները ներգրավել արվեստի և կրթության ծրագրերում Հայաստանում և աշխարհում՝ համագործակցելով Children of Armenia Fund (COAF)-ի և Թումոյի հետ։ Նա ասաց, որ նպատակը Jazzical Komitas-ի միջոցով հայկական մշակույթը հանրահռչակելն է։

Սիփան Օլահն էլ ասաց, որ Կամերային նվագախմբի հետ սա իր 4-րդ համագործակցությունն է, և ամեն համագործակցություն եղել է նոր ստեղծագործությունների մեկնաբանությամբ, իսկ նվագախումբը միշտ նշաձողը բարձր է պահել և հետաքրքրությամբ է մոտեցել նորարարական փորձարարություններին։

Դառնալով Կոմիտասի ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններին, Օլահն ասաց. «Իմ կարծիքով, մեկնաբանության ժամանակ պետք է լինեն որոշակի նորմեր և չափանիշներ, չափանիշները Ջոել Մարտինի պարագայում պահպանված են, սա որպես տեսաբան երաժիշտ եմ ասում: Նա Կոմիտասի ստեղծագործությունից չի հեռացել, մտածելակերպը, ոճը, մեկնաբանությունը, իմպրովիզացիան պահպանում են Կոմիտասի շունչն ու ոգին, ինչն ամենից կարևորն է: Իմ համոզմամբ, Կոմիտասի ջազային մեկնաբանությունը ձեռքբերում է»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ համերգի փորձերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Joel Martin das dedicated his full life to Komitas since 2019 and produced 3 albums since then. Yerevan concert is part of his 2026-2028 World Tour with final objecitce of Grammy nomination. Go and listen to his concert with Sipan Olaf as Conductor and National Chamber Orchestra of Armenia on June 16 at the Aram Khachaturian Concert Hall.

Պատասխանել