Կառավարությունն առաջարկում է թե՛ դատավարության եւ թե՛ քրեակատարողական (պատիժների կատարման) փուլերում ներդնել տեսակապի համակարգը եւ դատավարությունն իրականացնել տեսակապի կիրառմամբ:
Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացմամբ առաջարկվում է դատական նիստին նախատեսել տեսակապի միջոցով ազատությունից զրկված (ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող) մեղադրյալի մասնակցության հնարավորություն: Մասնակցությունը կարող է ապահովվել ինչպես հենց իր՝ մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ:
Արփինե Սարգսյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ դատարանը կարող է քննությունն անցկացնել տեսակապի միջոցով, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի ու առողջության պահպանման, վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների, ազատությունների եւ անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ դատական քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:
Կարդացեք նաև
Նախագծերի փաթեթով Կառավարությանը կվերապահվի լիազորող նորմ՝ գործընթացի ինստիտուցիոնալ կազմակերպման չափանիշներն ու տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջները սահմանելու համար, ինչը կբացառի իրավունքի որեւէ չարաշահում:
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավաչափ է համարում տեսակապի միջոցով ազատությունից զրկված անձանց մասնակցությունը դատական գործընթացին:
Առաջարկվում է, որ օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնի 2027 թվականի հունվարի 1-ից հետո նշանակվող դատական նիստերի համար, որպեսզի թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Արդարադատության նախարարությունը եւ թե՛ Ներքին գործերի նախարարությունը կարողանան նյութատեխնիկական առումով համալրվել ու դատարանների համար ապահովել այդ նիստերը տեսակապի միջոցով անցկացնելու հնարավորությունը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, տեղեկացնելով, որ օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում, կոչ է արել կողմ քվեարկել:
ԱԺ


















































