«Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է։
«Ձեր մեջբերած մտքի հեղինակը, եթե չեմ սխալվում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ես չեմ հիշում, որ Սամվել Կարապետյանը… Մեր հիմնական ձևակերպումը եղել է այն, որ լինելու են փոփոխություններ, և Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի Սամվել Կարապետյանը»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ընդդիմադիր լիդերները՝ տարբեր ձևակերպումներով, բայց մոտավորապես այս միտքն էին ասում, որ եթե իշխանությունը փորձի քվեներ գողանալ, ապա հեղափոխություն կստանա. ո՞ւր է հեղափոխությունը։
Զանգվածային բնույթի «քվեագողությունը», ըստ Էդգար Ղազարյանի, հնարավորություն չի տվել, որ ժողովուրդը օրինական ընտրություն կատարի, և «Ուժեղ Հայաստանի» սպասելիքներն իրականություն դառնան։
Ինչ վերաբերում է հետընտրական փուլերին, մեր զրուցակցի փաստմամբ, իրավական իմաստով ընտրությունները դեռ չեն ավարտվել, և դեռևս բողոքարկման գործընթացը չի սպառվել․ դրա սպառվելուց հետո միայն դրանից բխող որոշումներ կկայացվեն։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ դուք շատ լավ հասկանում եք քաղաքական գործընթացները և լավ հասկանում եք, որ ընդդիմությունը մի քանի անգամ բաց է թողել փողոցով գործընթաց գեներացնելու և ընդդեմ իշխանության հանրային կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորությունը, որի մեծագույն կետը ամսի 8-ի ժամը 2:00-ն էր, երբ տեղամասերի 10-15 տոկոսում դեռ հաշվարկ էր գնում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն հաղթել է, և հարցին՝ ո՞ւր են հետընտրական քաղաքական գործընթացները, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Իսկ դուք ինչո՞ւ եք մտածում, որ այդ քաղաքական գործընթացը պետք է դրսևորվի հատկապես հենց այդ օրը՝ բողոքի ինչ-որ հանրահավաք կազմակերպելով։ Մեր կողմից կայացվող որոշումները հուզական չեն, հնարավորինս ռացիոնալ են՝ հնարավոր արդյունքի հասնելու իմաստով»։
Ընդգծելով, որ «Ուժեղ Հայաստանը» փողոցային գործողություններից երբեք չի խուսափել, Էդգար Ղազարյանը նաև ասաց. «Պետք է հասկանալ՝ հանրահավաքն արդյոք խնդիր է լուծում նման իրավիճակում և նման քայլերով»։
Ընդդիմադիր պայքարի նախորդ փորձից ելնելով՝ մեր զրուցակիցն արձանագրում է, որ անգամ բազմամարդ փողոցային պայքարը չի ազդում իշխանությունների որոշումների վրա։ Վկայակոչում է նաև հարևան Վրաստանի օրինակը, որտեղ ընդդիմությունն հրաժարվեց մանդատներից և փողոցային պայքարի անցավ, բայց անգամ այն դեպքում, երբ եվրոպական երկրների ղեկավարներն էին աջակցում վրացական ընդդիմությանը, իշխանությունների որոշումները նույնը մնացին։
«Իմ տպավորությամբ, մեր հասարակության մեջ նախընտրական շրջանում բավականին մեծ սպասումներ էին ձևավորվել, որ փոփոխություններ կլինեն, և դրանք սին չէին, պատրանք չէին, խաբկանք չէին։ Իրականում հասարակական տրամադրությունները և ընտրությունների արդյունքները լրիվ տարբեր բաներ են։ Մարդիկ զգում էին, որ հնարավոր է ընտրական գործընթացով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից…
Սամվել Կարապետյանի գործոնը որոշակի համախմբող էր։ Այդ սպասումների չարդարանալը, իմ կարծիքով, մարդկանց մոտ հիասթափություն, որոշակի ապատիա է առաջացրել, ուժերն են սպառել մարդիկ, արդեն հավատն են կորցրել, որ հնարավոր է իրենց մասնակցությամբ, իրենց գործողություններով ինչ-որ բան լինի, և թերևս անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի մարդկանց մեջ վերականգնվի պայքարի տրամադրությունը։ Օրինակ, ինձ մոտ տրամադրության որևէ փոփոխություն չի եղել։ Ես էլ շատ հույս ունեի, որ հնարավոր է խնդիրը հունիսի 7-ին լուծել, բայց եթե դա հունիսի 7-ով չի լուծվել, չի նշանակում, որ դա երբեք չի լուծվելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































