Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորելու ենք կառավարություն». Ռուբեն Ռուբինյան

Հունիս 16,2026 14:37 Share

«Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք խորհրդարանական մեծամասնություն՝ 720 հազարից ավելի քվե։ Մենք ստացել ենք բացարձակ թվով ավելի շատ քվե, քան 2021 թվականին։ Տոկոսայինով մենք ստացել ենք բավարար քվե՝ միանձնյա կառավարություն կազմելու համար, և ես ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանում արդեն երրորդ անընդմեջ ազատ և արդար ընտրությունների արդյունքով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա հիշեցնում է՝ սահմանադրական մեծամասնություն ՔՊ-ն ունեցել է միայն 2018 թվականի ընտրությունների արդյունքներով։

Ընդդիմության մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրների ստացած ձայները մեծապես ընտրակաշառքների արդյունքում են ձևավորվել, արձագանքելով՝ ասաց. «Երեք ընդդիմադիր կուսակցություններն են պատասխանատվություն կրում, նրանց ղեկավարներն են կազմակերպել դա։ Կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ գնալ մինչև վերև, բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովչիկների»։

ՔՊ-ն դիմելո՞ւ է ՍԴ. այդ հարցը պարզելու համար տրված հարցին Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես կարծում եմ, որ այդ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին պետք է արգելվեր։ Մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորելու ենք կառավարություն»։

Նա ասաց, որ շատ ուրախ խորհրդարան կլինի, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն։ Խորհուրդ է տալիս ընդդիմությանը ինքնալուծարվել, մանդատներ չվերցնել. «Վերջապես ստիպված չենք լինի հինգ տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերած գույքը պաշտպանելու կամ իրենց դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»։

Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, գտնում է, որ որևէ խնդիր չի առաջանա, այդ թվում՝ նաև քաղաքական ճգնաժամ չի լինի։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսօր էլ ընդդիմությունը ներկա չէ, առհասարակ գործող խորհրդարանի աշխատանքներին 50 տոկոսով է մասնակցել։

Ինչ վերաբերում է պաշտոններին, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ճակատագրեր դեռ չենք քննարկել»։

«Եթե անկեղծ՝ ես ինքս էլ դեռ չեմ մտածել»,- սա էլ Ռուբինյանի պատասխանն է հարցին՝ ինքը հակված է մնալ օրենսդիրո՞ւմ, թե՞ գնալու է գործադիր մարմին։

Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահի ախորժակ ունի, արձագանքեց. «Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի և շաուրմայի, այն էլ բացառապես բառիս բուն իմաստով և ոչ կալուգացի օլիգարխի մտածած իմաստով»։

Ռուբեն Ռուբինյանը քաղաքականապես ճիշտ է համարում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելը։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930