Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել․ Սահմանադրական դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Առաջիկայում երկու ընդդիմադիր ուժերի լիդերների հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ՝ քննարկելու համար ընդդիմության միավորման Սամվել Կարապետյանի առաջարկը, Արծվիկ Մինասյանը տեղյակ չէ։
«Հայաստան» դաշինքն այսօր նույնպես դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Իշխանությունն ինքը ոչ միայն գործադրել է աննախադեպ վարչական ռեսուրսը, հանրությանը պատկանող ֆինանսական միջոցները ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, նաև գործադրել է իր ամբողջ «լիազորությունները»՝ բռնության ենթարկելու քաղաքացիներին։ Այս իշխանությունը Հայաստանում երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն անցկացրած իշխանությունն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ, բացի նրանից, որ իշխանությունը սուտ տեղեկություններ է հրապարակում ընդդիմության կողմից ընտրակաշառքների իբրև բաժանման մասին, նաև Նիկոլ Փաշինյանն իր «խառնակիչ» էությանը համաձայն այժմ էլ քաղաքացիական բախումներ է փորձում հրահրել։
Կարդացեք նաև
Հարցին՝ հետևաբար, ի՞նչ սպասելիքներ ունեն իշխանության սատելիտ ՍԴ-ից, որի կազմը ընդդիմության համար լեգիտիմ էլ չի եղել, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Այսպես չէ, որ ՍԴ-ի մասով երազների մեջ ենք գտնվում։ Իսկ եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտություններն արձանագրելով՝ անվավեր ճանաչի ընտրությունները, պետք է իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն․ սահմանադրականությունն ապահովելու համար պետք է հնարավորություն տա՝ արգելելու այս հակաժողովրդավարական, հակաքաղաքական միավորին և իր ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից։ Իսկ սա նշանակում է, որ ժողովուրդը կկարողանա համախմբվել, կատարել նորմալ ընտրություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































