Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտ անեք, բրդեք, սղացնեք, անցկացնեք»․ Արթուր Խաչատրյանը՝ ընտրական ցենզ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը հապշտապ քննարկելու մասին

Հուլիս 02,2026 13:58 Share

«Այս նախագծով, որն առերևույթ հակասահմանադրական հստակ ուղղվածություն ունի, փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ենթակա իրավունքը»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններին։

Ըստ այդ փոփոխությունների՝ ներդրվում է բնակության ցենզ, որի համաձայն՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 6 ամսում մշտական բնակություն չեն ունեցել ՀՀ-ում, զրկվում են ընտրությանը մասնակցելու իրավունքից։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ակնհայտորեն անտեսված են նաև ՀՀ օրենսդրությամբ պահանջված մի շարք ընթացակարգեր՝ այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը․ «Վենետիկի հանձնաժողովը ՀՀ կարևորագույն գործընկեր կազմակերպություն է և միջազգային չափանիշներ առաջ մղող կազմակերպություն։ Նույնիսկ առանց այս կազմակերպության ներկայացրած կոնկրետ փոփոխությունների, կարծիքի՝ միանգամից երկու ընթերցում է նախատեսվում, ինչը վկայում է գործող իշխանության հակապետական մտածողության մասին»։ Ըստ պատգամավորի՝ հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի այն հիմնավորումներին, թե հանրային քննարկում է եղել և հանրային պահանջ, որի արդյունքում է նախագիծը բերվել խորհրդարան, ասաց․ «Ես չգիտեմ՝ հանրային քննարկումն ինչ ձևաչափով է եղել, բայց վերջերս առաջարկ ստացա այս հարցով հրապարակային բանավեճ ունենալ ՔՊ պատգամավորի հետ։ Մոտ 10-15 ընտրական, քաղաքական իրավունքի ՀԿ-ների ներկայացուցիչներ էին։ Ինչ հարցադրում բարձրացնում էինք՝ ասում էին՝ դեռ ժամանակ կա։ Հիմա նախագիծը բերել են Հայաստանի ԱԺ։ ԱԺ-ի փորձագիտական այն գրասենյակը, որը բազմաթիվ օրենքի նախագծերի հետ կապված տալիս է իր եզրակացությունը, դա բացակայում է։ Իրականում սա հանրության հետ կապ չունեցող, հանրության կարծիքը չլսող նախագիծ է»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ մտահոգություն հայտնեց․ «Կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները բերվում են հապշտապ՝ առանց պատշաճ հանրային քննարկման և բոլոր կողմերի՝ թեր և դեմ կարծիքները լսելու։ Ասում են՝ քննարկման ժամանակ առաջացել է հանրային պահանջ․ ո՞վ ասաց, որ հանրային պահանջ է։ Եթե մի քանի հոգի պատրաստված հարցերով գալիս ու այդ գաղափարը սկսում են քննարկել, դա նշանակում է՝ կա հանրային պահա՞նջ։ Նման կարևորագույն օրենք բերել 8-րդ գումարման ԱԺ-ի վերջին օրերին՝ հրատապ կարգով արտահերթ նիստում, հասկանալի է, չէ՞՝ ինչ եք ուզում անել․ շուտ անեք, մտցնեք, բրդեք, սղացնեք, անցկացնեք, ժողովրդավարության և շառաչող թափանցիկության պայմաններում»։

ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031