«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր նույնպես դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք, ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ ՍԴ են ներկայացրել նաև ԴՕԿ-ը եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
Լրագրողների հետ զրույցում «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն ասաց, որ հունիսի 8-ից սկսած հայտարարել են՝ չեն ընդունում ընտրության արդյունքները և հետամուտ են լինելու իրավական ճանապարհով ամբողջ գործիքակազմն օգտագործելուն. «Քայլեր ձեռնարկել ենք, նախ դիմեցինք ամբողջ Երևանում վերահաշվարկի համար, նաև որոշ մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև դիմում ներկայացրինք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու խնդրանքով»։
Իր գնահատմամբ, ԿԸՀ նիստը խայտառակություն էր, իրավական ոչ մի կարգ չէր պահպանվում, միջնորդությունները նորմալ քննության առարկա չէին դառնում։
Կարդացեք նաև
«Միասնության թևերի» դիմումի երկրորդ պահանջը վերաբերում է «Իմ քայլը» հիմնադրամի ծախսերին. «Մեր համոզմամբ՝ օրենքով սահմանված շեմն անցած է։ ՔՊ-ն ամբողջ ծավալով օգտագործել է այդ միջոցները, շուրջ 800 միլիոն դրամի հայտարարագիր են ներկայացրել, բայց նախընտրական հիմնադրամում չեն ներառվել մի շարք ծախսեր, որոնք փաստացի կատարվել են մեր համոզմամբ, կամ կատարվել են ծախսեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝ այն ծավալով, որով ներկայացվել են»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ փորձագետ ներգրավելու և ճիշտ հաշվարկների իրականացնելու իրենց դիմումը ԿԸՀ-ն մերժել էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիմնականում իրավաբաններից կազմված «Միասնության թևերում» չեն կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելն անիմաստ է. «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսն օգտագործելու ենք»։ Նման կարծիք ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն էր հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































