Կա թերեւս մի թյուրըմբռնում, թե Նիկոլ Փաշինյանը Արցախյան շարժումն ու դրա հետ կապված ամեն ինչ որակում է «թոկ» եւ անկախության ու ինքնիշխանության սպառնալիք, որ զսպի Ադրբեջանի «հայելային» որեւէ գործողություն: Թվում է, թե նույն տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը հորդորում չխոսել արցախցիների կամ Ադրբեջանի քաղաքներում ապրած հայերի վերադարձի մասին՝ որ Ադրբեջանն էլ չխոսի այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» մասին: Փաշինյանն ինքն էլ հայտարարում է՝ մենք լռենք, որ չխոսեն նաեւ իրենք:
Իհարկե, ցանկացած ողջախոհ մարդ մատնացույց է անում, որ իրենք այդուհանդերձ չեն լռում: Ավելին, ոչ միայն չեն լռում, այլ ավելի բացահայտ ու հանդուգն են խոսում, որ Հայաստանը պարտավոր է ընդունել ադրբեջանցիներին: Եվ որեւէ ողջախոհ մարդու մատնացույց արած այդ հայտարարությունների առնչությամբ, պաշտոնական Երեւանից չի հնչում որեւէ ողջախոհ բացատրություն: Ավելորդ է ասել, որ չի հնչում Ադրբեջանի հավակնությունների հանդեպ եւ ոչ մի առարկություն:
Մանտրայի նման կրկնվում է, թե մեր «գիծը» խաղաղությունն է: Կրկնվում է անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ չի կարող լինել խաղաղություն՝ եթե չլինի «ադրբեջանցիների վերադարձ»: Ավելին, երբ Բաքվից ընդհուպ պաշտոնապես հնչող այդ հայտարարություններին «ի պատասխան», Երեւանից հնչում է, ոչ թե առարկություն, այլ՝ թե մենք կառուցում ենք խաղաղություն, ապա դա փաստացի նշանակում է. «խաղաղություն կառուցելու «շինարարական աշխատանքը» մի օր հասնելու է նաեւ այդ խաղաղության ադրբեջանական հերթական նախապայմանի՝ ադրբեջանցիների «վերադարձի» բավարարմանը:
Վերադառնալով սկիզբ, նշեմ՝ թյուրընկալում է թերեւս, թե Փաշինյանը Ադրբեջանի «հայելային» արձագանքը զսպելու համար է փակել արցախյան թեման ու դրա հետ կապված ամեն ինչ: Փաշինյանը դա արել է հիանալի իմանալով, որ Ադրբեջանը չի լռել ու չի լռելու: Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ Ադրբեջանի քաղաքականությունը «հայելայնությամբ» չէ, որ պայմանավորված է, այլ Հայաստանի հանդեպ ռազմավարական անվերապահ գերակայության հավակնությամբ: Չէ՞ որ այդ ամենը թերեւս հենց նրան է ներկայացվում ամենից ուղիղ տեքստով՝ հայ-ադրբեջանական հանդիպումների սենյակներում:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցն ու դրա հետ կապված ամեն ինչ փակել է մի գլխավոր նպատակով՝ իշխանության պահպանման համար ներքին անհրաժեշտ միջավայրի ձեւավորում, հասկացություններն ու պատմական, փաստական իրողությունները գլխիվայր շրջելու միջոցով: Եթե նա չի փակում այդ թեման, ապա նա չի կարող ունենալ պատասխան Արցախի հայաթափման ու կորստի համար, նա չի կարող այդ ամենը ներկայացնել իբրեւ ինքնիշխանության ձեռքբերում: Եթե նա չի կարող ներկայացնել անգամ այդպես, ապա չի ունենալու իր վարչապետությունից ութ տարի անց նույնիսկ նենգափոխված ներկայացնելու եւ ոչ մի այլ թեմա: Սրա համար է Փաշինյանը «փակել» արցախյան թեման: Դա ոչ մի կապ չունի դեպի Հայաստան ադրբեջանցիների «ճանապարհը» փակելու հետ, եթե չասենք, որ կապը լիովին հակառակն է:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ


















































