Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ վերջնարդյունքից, Սահմանադրական դատարան դիմելն իրավական առումով ճիշտ քայլ էր. նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյան. «Հրապարակ»

Հունիս 23,2026 10:27 Share

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանն է:

– 7 քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Աննախադեպ երեւույթ է, որ այսքան շատ ուժեր դիմեն ՍԴ` չճանաչելով ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել, որ Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցելու դիմումների քննությանը, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» կողմերի հանդեպ: Նրանցից մեկը «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, մյուսը` ՔՊ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նախկին գործիչներին ուղարկել է ՍԴ, ուստի նման որոշումն անխուսափելի էր: «Հայաստան» դաշինքը դիմել է նաեւ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը կասեցնելու պահանջով, քանի որ նա Մարտի 1-ի գործով ներկայացուցիչ է եղել, զեկույցի համահեղինակ եւ կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ ՍԴ-ն կարո՞ղ է անաչառ որոշում կայացնել, թե՞ ոչ: Նկատենք նաեւ, որ 2021-ին էլ «Հայաստան» դաշինքը դիմել էր ՍԴ՝ նույն պահանջով, սակայն մերժվեց:

– Անկողմնակալ արդյունքի, որոշման վերաբերյալ թերահավատ եմ, հաշվի առնելով այսօրվա Սահմանադրական դատարանի կազմը: Այո, երկու դատավոր չեն մասնակցելու գործի քննությանը, սակայն Սեդա Սաֆարյանը մասնակցելու է, նրա օբյեկտիվությունը եւս ինձ համար կասկածի տակ է: Նույն հիմքերով նա նույնպես չպետք է մասնակցեր, հաշվի առնելով նրա նախկին կուսակցական պատկանելությունը, նրա հայտարարությունները եւ այլն: Նա ինչքանո՞վ կլինի օբյեկտիվ՝ մեծ հարցական է: Վերջնական արդյունքի մասին կդժվարանամ հստակ գնահատական տալ այս պահին, սակայն կարող եմ ասել, որ կուսակցությունները ճիշտ են արել` դիմելով ՍԴ, ես դրական եմ վերաբերվում այս քայլին:

– Բայց եթե ՍԴ-ն անկողմնակալ չէ, եւ արդյունքում արդարությունը չի վերականգնվելու, ի՞նչ է տալու ՍԴ դիմելը, ընդդիմադիր զանգվածին եւս մեկ անգամ հիասթափեցնելուց բացի:

– Իսկ եթե չդիմեին, ի՞նչ էին շահելու: Ենթադրենք՝ չեն դիմել, ի՞նչ է տալու դա: Անկախ վերջնարդյունքից, Սահմանադրական դատարան դիմելն իրավական առումով ճիշտ քայլ էր: Նույնիսկ եթե այն բացասական վճիռ կայացնի, հայցվորները հերթական ապացույցը կունենան իրենց ձեռքին, թե Հայաստանում օրենքն ինչպես է գործում: Եթե չդիմեին ՍԴ, հասարակությունը կարող էր հարցնել` ինչո՞ւ չդիմեցիք, գուցե դատարանն օբյեկտիվ վճիռ կայացներ….

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի օրենքին դեմ գնաց, անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքները, ապա հայտարարեց, որ վերաքվեարկություն չի նշանակելու: Ի՞նչ քայլ է սա:

– Պարտադիր չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ աննախադեպ երեւույթ է սա: Մենք լսել էինք մոլդովական սցենարի մասին, լսել էինք ռումինական սցենարի մասին, բայց պարզվեց, որ կա նաեւ հայկական սցենար, ինչն առավել աննախադեպ է, քան մնացյալը: Ձայները հաշվելու ընթացքում ԿԸՀ-ն ուղղակի որոշում է, որ պետք է 3 հազար ձայն անվավեր ճանաչի եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կատարի: Նման երեւույթ ոչ միայն Հայաստանում երբեք չի եղել, այլեւ ամբողջ աշխարհում սա չլսված բան է, ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելու ընթացքում այսքան ձայն կարող է ուղղակի անվավեր ճանաչվել, ու նոր քվեարկություն չնշանակվել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930