Այսօր առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տունը։
«Այսօր առավոտյան ժամը 8-ին, ոնց էին ասում՝ շնորհքով ներխուժե՞լ են։ Ժամանակին նորմալ հոդվածներով են եկել, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով է, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացնում՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու, չգիտեմ՝ ինչ-որ անհասկանալի հոդվածով։ Բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջապատել էին, ծիծաղելի է այս ամենը»,- խուզարկությունից հետո լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրավապահներն առգրավել են տան զարդերը, կանխիկ գումար։ Խուզարկել են նաեւ Իշխան Սաղաթելյանին պատկանող ավտոմեքենաները, Սաղաթելյանի խոսքով՝ փող էին փնտրում։
«Ես ընդամենը կարող եմ ասել, որ սա այս 8 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ-ին ներգրավել են իրենց պրոցեսների մեջ, ԴԱՀԿ-ն ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել։ Սրա շրջանակներում դիմել ենք Վարչական դատարան՝ զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում դատախազությունը շատ արագ գործ է հարուցել, ուղարկել է քննչական, վարույթ է նախաձեռնվել։ Մի երեք ամիս է՝ այս պրոցեսը բզբզում են, այս ընթացքում ԴԱՀԿ-ի հետ կա նամակագրություն, ապօրինի պահանջ են ներկայացրել։ Չնայած դրան, ասել ենք, որ պահանջն ապօրինի է, այս ամենն իրավունքի հետ կապ չունի, հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այս իրավիճակում մենք չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել։ Ամեն անգամ չեն կարողացել մեր հարցերին պատասխանել, եւ հերթական ապօրինի գործընթացին ականատես եղանք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե սա կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած սպառնալիքների հետ, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան։ Օրինակ՝ ժամանակին սահմանադրական կարգի տապալու, զանգվածային անկարգություն, սենց հոդվածներ էին դնում, հիմա սա է։ Այս ամեն ինչը ծիծաղելի է։ Ես, իմ ընտանիքի անդամները, նույնիսկ այսօր մեր տան շունն էր իրեն շատ ադեկվատ պահում իրավիճակին։ Այսինքն՝ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, եւ այս մեթոդներով որեւէ հաջողության չեն հասնելու։ Այս ամենը շատ տհաճ է՝ առավոտ շուտ, երեխեքը քնած»։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս պահին քրեական գործ է հարուցված, ինքը դեռ կարգավիճակ չունի, բայց չի բացառում, որ որպես մեղադրյալ կներգրավեն․ «Կանչել են հարցաքննության, կարծում եմ՝ այդ ժամանակ պարզ կլինի»։
«Մենք բոլոր հնարավոր միջոցներով մեր իրավունքները պաշտպանելու ենք, եթե մեկը հույս ունի, որ սրանից ընկրկելու ենք, նահանջելու ենք, ուղղակի լավ չեն ճանաչում մեզ։ Կարծում եմ՝ այս 8 տարվա ճանապարհը հաշվի առնելով՝ պետք է արդեն իրենց եզրակացություններն արած լինեին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































