Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մերը չէին, ապա ինչո՞ւ էին այնտեղ կերուխումի գնում». Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի՝ Տավուշի վեց գյուղերն ադրբեջանական տարածքներ համարելու հայտարարությունների մասին

Հունիս 25,2026 18:55 Share

«Երկու տարի առաջ մեր երկրում սկսեցինք հակաահաբեկչական գործողություններ, որպեսզի կարողանանք կասեցնել, կանխել և ազատագրել մեր երկիրն այս ահաբեկիչներից, որոնք այժմ այս կամ այն պատճառներով, կեղծիքների, արտաքին ուժերի ազդեցության, ստի, զրպարտությունների և ընտրությունները գողանալու միջոցով ֆորմալ իմաստով գտնվում են իշխանության ղեկին»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։

Անդրադառնալով դատական նիստի ընթացքում դատախազների կողմից «ապացույցների» ներկայացման՝ մի քանի ժամ տևած գործընթացին՝ Բագրատ սրբազանն ասաց.

«Այս 33 էջանոց նյութերը, որ կարդում են՝ զենք-զինամթերքի մասին ինչ-որ տեղեկություններ, ասել եմ՝ Շամշադինում թնդանոթներ էլ ունենք, դրանք էլ կարող են ներառել այս ծրագրում։ Այն որակումը, որ մեզ տալիս են՝ որպես ահաբեկիչների, դատարանի դահլիճում պարզվում է, որ ոչ թե մենք ենք ահաբեկիչ, այլ դատախազները։ Մարդկանց ահաբեկչության են ենթարկում՝ այդ անիմաստ, ոչ ապացուցողական նյութերը կարդալով։ Դա ի՞նչ արժեք ունի։ Մեզ ասում էին՝ ապացույցների ժամանակը գա, կտեսնեք։ Սա՞ պիտի բացահայտեին, սա՞ է ապացույցը։ Բա չեն ամաչո՞ւմ։ Ձուն գա ձեր գլխին, դուք ամոթ չունե՞ք, գալիս՝ ձեզ համար կարդում եք»։

Անդրադառնալով Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ Բագրատ սրբազանն ասաց.

«Ուրախ եմ։ Վստահաբար արդարացնելու ժամանակն էլ կգա, հետո՝ հատուցման ժամանակը։ Այն օրերի համար, որ Միքայել սրբազանն անցկացրել է կալանավայրում, նաև իմ ներկայությամբ, կրկնակի հատուցում պիտի տան»։

Հարցին, թե ինչպես էին անցկացնում ժամանակը բանտախցում, Բագրատ սրբազանը պատասխանեց.

«Վերագտնում էինք մեր եղբայրությունը, անդրադառնում մեր հոգևոր կյանքին, ապրած օրերին, ճեմարանական տարիներին։ Ոչ մի նեղություն չի եղել։ Միակ նեղությունը պետության, մեր կյանքի, այս իրականության և այս աբսուրդի թատրոնի մասին մտահոգությունն էր»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի գյուղերն ադրբեջանական անվանումներով կոչելուն և դրանք ադրբեջանական տարածքներ համարելու վերաբերյալ հայտարարություններին՝ Բագրատ սրբազանն ասաց.

«Դրանք տարածքներ չեն, հայրենիք են։ Ոսկեպարի եկեղեցին երբեք սահմանագլխի եկեղեցի չի եղել, այլ կենտրոնական եկեղեցի։ Այդ մարդը, որի անունը տալիս եք, իր ընկերների և տարբեր մարդկանց հետ այդ բոլոր տարածքներում կերուխում է արել, զբաղվել է նաև հարբեցողությամբ, հյուրընկալվել է այնտեղ։ Եթե դրանք մերը չէին, ապա ի՞նչ գործ ունեին այնտեղ։ Իրենք այդ տարածքներով անցել-գնացել են, և երբեք մտքով չի անցել որևէ բան հանձնելու մասին մտածել»։

Նշենք, որ իր գործով Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո Միքայել սրբազանն այցելել էր Բագրատ սրբազանի գործով դատական նիստին։ Նրան դատարանի դահլիճում դիմավորել են ծափահարություններով։

Տաթև Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930