«Մեր ամենամեծ պակասը միասնությունն է, եթե մեր ազգը դառնա բանակ, միանա իր հայրենակիցների հետ եւ իսկապես ցույց տա աշխարհին, որ միասնական ենք, մեկ գաղափարի շուրջ ենք, թշնամին իրեն պարտված կզգա: Պարտադիր չէ գերժամանակակից դրոններ ունենանք, հոգեբանական հարձակումն ու ազգային միասնությունն ավելի ուժեղ են հրթիռներից, բայց հրթիռներ պակաս էլ չպետք է ունենանք»,- ուղիղ եթերում ասաց «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանը:
Նրա խոսքով. «Պետք է եւ հրթիռներ ունենանք, եւ արտադրող լինենք, եւ զենք-զինամթերք արտահանող: Այսօր ասում ենք՝ աշխարհում գունավոր հեռուստացույցը հայ է ստեղծել, ՄՌՏ-ն հայ է ստեղծել, սառը-տաք ջրի ծորակները հայերն են ստեղծել, շատ նորարարություններ… Այսօր ունենք գունավոր հեռուստացույցներ, բայց պետք է ունենանք նաեւ տարբեր գույների զենք-զինամթերք նույնպես, կապ չունի երկրի, ժողովրդի քանակը, տարածքի չափը: Տեսնո՞ւմ եք՝ Իսրայելն ինչ է անում, ինչ դիրք ունի տարածաշրջանում: Հրեաների գումարներն այսօր մեծ են աշխարհում, բայց մենք էլ ոչ մեկից պակաս չենք, մենք էլ կարող ենք:
Չեմ ուզում այսօրվա քաղաքականությունից խոսել, որովհետեւ ինձ մոտ շատ մութ հարցեր են մնացել, դրա համար էլ մեր «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը՝ իր թիմակիցների հետ չմասնակցեց, մեր կողմից մենք միայն հետեւողական ենք ու տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Ցավոք, այսօր չունենք այն խորհրդարանը, որին մեր ժողովուրդը սպասում է, որը մեր ազգի զարգացմանը կծառայի, կկատարի խոստումները, որ ժողովուրդը չլինի խաբված, շփոթված: Հուսով եմ՝ շուտով մեր հայ ազգը ճիշտ որոշումներ կկայացնի, եւ իր միասնականությունը ցույց կտա…»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































