2021 թվականից Հայաստանում կայուն նահանջել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, այսօր «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ մեր մղձավանջային իրականությունը թույլ է տալիս արձանագրել, որ դե ֆակտո բախվում ենք մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ։ «Հենց այս ամբիոնից են հնչել ընդդիմադիրներին «ԿԳԲ-ի պադվալները» լցնելու, պարանով կախելու և տասնյակ այլ հրահանգներ ու նպատակադրումներ»,- ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ այս պահին ՔԿՀ-ներում անազատության մեջ են գտնվում 3276 քաղաքացիներ, որոնցից 1552-ը, այսինքն՝ շուրջ 48 տոկոսը կալանավորվածներ են։ Սա եվրոպական և տարածաշրջանային ամենաբարձր ցուցանիշն է։ Դատարանները բավարում են կալանքի պահանջի 61 տոկոսը, և հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի, նույնիսկ ավելի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ։ Գալստյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում տիրող անմարդկային պայմաններում սա ուղղակի կյանքի և անձնական ազատության սահմանադրական իրավունքի խոշտանգում է։ Ազատությունից զրկված բազմաթիվ անձինք ԵԽԽՎ 1900 բանաձևի չափանիշների համաձայն՝ ամբողջությամբ համապատասխանում են քաղաքական բանտարկյալի կարգավիճակին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ 2025-ին ՔԿՀ-ներում արձանագրվել է 24 մահվան դեպք, որոնցից 8-ն ինքնասպանություն։ Այս տարի 4 մահ է գրանցվել։ «Բայց սա սոսկ վիճակագրություն չէ, այլ մարդու կյանքի իրավունքի ձախողում, որը պետության պարտականությունն է»,- հավելեց նա։
Լիլիթ Գալստյանը նաև ահազանգեց, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդած ամիսներին արձանագրվել են քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների, խուզարկությունների, կալանավորումների, աշխատանքից ազատումների, վարչական ճնշումների բազմաթիվ դեպքեր։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































