«Նոր Սահմանադրությամբ պետք է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը, և գործող բոլոր դատավորներին պետք է տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ։ Պետք է գործարկել բարեվարքության խորը ստուգման գործընթաց, և նրանք, ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումը, պարզապես չպետք է վերանշանակվեն։ Այսօր ամբողջ այդ համակարգը սահմանադրական պաշտպանության ներքո է։ Այո, գործադիր և օրենսդիր իշխանություններն ունեն որոշակի հնարավորություններ, բայց, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման և բաժանման սկզբունքի բերումով, գործադիր իշխանությունը չի կարող արդարադատություն իրականացնել»,– կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ում քսակն ավելի հաստ է, ցանկացած գործով դատարանում արդարանում է։ «Ասենք՝ դիակի վրա կարող է մարդկանց բռնես, գնան արդարանան, դուրս գան։ Բա այդ է, որ ասում եմ՝ այս 8 տարի է՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում։ Այդ թվում՝ այն պատճառով, որ ժողովրդավար ենք, որ ավտորիտար լինեինք, այդ խնդիրը չէր լինի։ Եվ դա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Հիմա ես կարող եմ ասել, որ արդարադատությունը, դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է»,– հավելեց Փաշինյանը։
Նա դարձյալ սկսեց սպառնալ ընդդիմադիրներին․ «Մարդիկ ինձ հարցնում են՝ ասա, խի՞ է Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ։ Դե արի մարդուն բացատրիր։ Մյուս կողմից էլ ասում եք՝ ուղիղ հրահանգ եք տալիս։ Ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ ժողովրդի ասածը փոխանցում եմ պետական մարմիններին, ի վերջո ժողովրդից եք սնվում։ Չի կարող լինել օլիգարխիական դատական համակարգ ՀՀ-ում, ամեն օր ես դրա դեմ պայքարում եմ։ Ով ոնց ուզում է, թող գնահատի, ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի։ Ժողովուրդն էլ ինձ է ասել, մի հատ էլ մանդատ է տվել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական բազայի ներդրման մտադրությանը, ասաց, որ Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն։ «Պարզ է, որ այդ միլիարդները ստացողները հիմա հարյուրավոր միլիոններ ծախսելու են՝ լոբբինգ անելու, որ մարդկանց անձնական տվյալները հավաքելու ենք։ Մենք այդ հարցում լինելու ենք հրապարակային և թափանցիկ, և եթե չլինեն երաշխիքներ, որ մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի։ Բայց փորձագիտական հանրությունը, այդ թվում՝ լրագրողները, թող մեզ ասեն, թե ստվերային շուկայի դեմ ինչպես է պետք պայքարել»,– ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































