«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը շատ կարեւոր իրադարձության էր նվիրված։ Եվրոպական միության հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առեւտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առեւտրի ռեժիմով։ Նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի, ընդհանուր առմամբ, Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների շուրջ 99 տոկոսին եւ ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։ Իհարկե, այս ցուցակները կճշգրտվեն»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ մինչեւ այս որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը` որոշակի ժամանակ կպահանջվի, որովհետեւ ԵՄ անդամ երկրներն այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, եւ նաեւ Եվրոպական խորհրդարանը պետք է բանաձեւ ընդունի։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր էլ կառավարության նիստում ունենք որոշում, որով արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում։ Նկատի ունեմ՝ իրական կյանքում այսօր էլ մենք մեր կողմից ենք այդ հնարավորությունները ստեղծել»,- հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ մասնավոր հատվածն ու բիզնեսը պետք է սովորեն, թե ինչպես օգտվել այս մեխանիզմներից․ «Ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է, եւ, բնականաբար, հատուկ մեզ համար ԵՄ ներկրման ընթացակարգեր չեն փոխվելու։ Այսինքն՝ ազատ առեւտրի ռեժիմով է, բայց պարզ է, որ փաստաթղթաշրջանառության եւ այլ որոշակի կանոններ կան։ Եվ մենք պայմանավորվեցինք ԵՄ գործընկերների հետ, որ համատեղ ծրագրեր կանենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք, որպեսզի նրանք նաեւ համապատասխան կադրեր պատրաստեն։ Մենք այսօր էլ իրավիճակ ունենք, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բեռնատար կամ բեռնատարներ կանգնել են բավականին երկար ժամանակ, որովհետեւ այդ թվում՝ լեզվական խնդիրների եւ այլնի պատճառով փոքր նրբությունների չեն տիրապետել։ Բայց, ընդհանուր առմամբ, ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետեւ սա շատ էական եւ շրջադարձային պահ է, որովհետեւ ԵՄ 450 մլն-ոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաեւ բարձր ստանդարտների շուկա է, կներեք, մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Սա լավ առիթ է, որ սննդի մեր ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաեւ իրական կյանքում իրականացնենք»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսինքն՝ արտահանման խնդիրը քաղաքական մակարդակում լուծված է, մնում է պրակտիկ մակարդակում լուծել։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը հատկապես հիմա պետք է դառնա առավել սկզբունքային․ «Ինչո՞ւ հիմա, որովհետեւ մենք նաեւ պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































