Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր այն խոշոր գործարարները, որոնք «Իմ քայլը» հիմնադրամին են աջակցում, նրանցից ոչ մեկի հետ կապված ոչ խարդախության, ոչ հարկեր թաքցնելու դեպքի ականատես չենք լինում. Սողոմոնյան

Հուլիս 07,2026 12:57 Share

«Գործ ունենք քաղաքական պատվերի, հրահանգի հետ։ Հայաստանում Գագիկ Ծառուկյանը միակ խոշոր գործարարը չէ։ Բոլոր այն խոշոր գործարարները, որոնք լուռ են կամ աջակցում են, գումարներ են փոխանցում «Իմ քայլը» հիմնադրամին՝ չգիտես ինչու, նրանցից ոչ մեկի հետ կապված ոչ խարդախության, ոչ հարկեր թաքցնելու դեպքի ականատես չենք լինում։ Իսկ հենց այն գործարարը, որը ընդդիմադիր կեցվածք է դրսևորում, արժանանում է այս ամենին։ Այն էլ ոչ թե իրավապահ համակարգից է նախաձեռնությունը գալիս, այլ՝ գործադիր իշխանությունից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները՝ «քո նկատմամբ սա եմ անելու, քո լակոտի նկատմամբ սա եմ անելու»։

«Այսպիսի բառապաշար օգտագործելով՝ հետևում է այս ամենի շղթան։ Սա ընդդիմության վերացման գործընթաց է, որը հայոց պատմության մեջ եղել է մեկ անգամ՝ 20-ականներին, երբ բոլոր ընդդիմադիր գործիչներին կալանավորեցին, փակեցին կուսակցությունները։ Այսինքն՝ ով դեմ էր արտահայտվում օրվա քաղաքական գծին, բոլորն անցան ընդհատակ։ Հիմա նույնն է տեղի ունենում մեզ մոտ։ Մենք բոլշևիկյան բռնապետության անցման փուլում ենք գտնվում»,- ասաց նա։

Ըստ Սողոմոնյանի՝ պետք է ստեղծվի միասնական հարթակ, որտեղ կմշակվեն քաղաքական մտքի ընդհանուր առաջարկներն ու դիրքորոշումները, որովհետև Փաշինյանի իշխանությունը, նրա խոսքով, գոյություն ունի արտաքին գործընկերների կոնսենսուսի հիման վրա։

«Ես կարծում եմ՝ մեր միտքը չի չորացել, որ հնարավոր չլինի այլընտրանք առաջարկել թե՛ ներսին, թե՛ դրսին։ Այդ հարթակը պետք է ձևավորվի կարևորագույն, բայց սակավաթիվ հարցերի շուրջ։ Սակայն դրա նշաններն էլ չենք տեսնում, որ միտում լինի համախմբվելու։ Ինքնանպատակ չպետք է լինի մանդատ վերցնելը։ Եթե պետք է վերցնեն պարզապես անելու այն, ինչ արեցին նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իմաստ չեմ տեսնում։ Իսկ եթե պետք է վերցնեն՝ ծառայեցնելու հաղորդակցություն ապահովելուն թե՛ ներսի, թե՛ դրսի հետ, և դրան գումարած՝ իմ ասած հարթակը ձևավորվի, ապա դա ավելի արդարացված կլինի»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031