«Այդ հաղորդագրությունից նույնիսկ ՔԿ-ն ոչինչ չի հասկացել, որովհետև բովանդակություն չկար։ Հրահանգ է իջեցվել Նիկոլ Փաշինյանի կողմից՝ վրեժխնդրություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Բայց որ այդ փոքրիկ բռնապետն այդքան փոքրոգի ու այդքան նենգ կգտնվեր, որ նույնիսկ կենդանիների միջոցով կփորձեր վրեժխնդիր լինել Գագիկ Ծառուկյանից, ստորության հատակն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանն ու վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությանը:
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննող դատավորը նույն դատավորն է, որը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառեց կալանքը։
«Հաշվի առնելով, որ այսօր մամուլում գրվեց, թե այդ դատավորի տիկինն էլ աշխատում է ԲԴԽ-ում, ակնհայտ է, թե ինչ որոշում պետք է կայացնի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով պաշտոնական տեղեկությանը, թե Ծառուկյանից ենթադրյալ տուժողը Իրանի քաղաքացի է, և պատասխանելով հարցին, թե եթե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Իրանի քաղաքացին, ապա ինչն է հիմք հանդիսացել նախաքննություն իրականացնել, Մանուկյանն ասաց.
«Եթե հաշվի առնենք առյուծների երեկվա ձերբակալությունը, գուցե առյուծներն էլ ցուցմունք են տվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ Առաջարկում եմ՝ այդ մանրուքների մեջ չմտնել։ Ի սկզբանե պարզ է, որ այդ գործերը կարված են, տեղի են ունենում Փաշինյանի ապօրինի հրահանգով, հետևաբար ինչ հիմարություն ասես կարող են գրել։ Նույն տեսարանն էլ տեսանք Անդրանիկ Թևանյանի գործում, երբ ամենաստոր մեղադրանքները ներկայացրին, բայց գործում ընդհանրապես որևէ նյութ չկա։ Ոչ միայն պետական գաղտնիքի վերաբերյալ որևէ դրվագ չկա, թեև բոլոր հարթակներում օգտագործում են՝ ասելով, որ պետական գաղտնիք է հրապարակել և այլ ապուշություններ, բայց իրականում գործում որևէ նյութ չկա»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Արեգնազ Մանուկյանն այս լուսանկարը տեսե՞լ է, թե՞ չի տեսել, իսկ գուցե այսքան կենդանուն ԱԲ-ն է մորթազերծել։