Իրավական ակտերի նախագծերի էլեկտրոնային հարթակում պարտադիր նույնականացման պահանջը կարող է սահմանափակել հանրային մասնակցությունը
2026 թվականի հունիսին ընդունված կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգում, որի համաձայն՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում (e-draft) առաջարկներ և մեկնաբանություններ ներկայացնելու համար այսուհետ պարտադիր է լինելու նույնականացումը «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Անցումային մեկամսյա ժամկետից հետո՝ 2026 թվականի հուլիսի 5-ից, էլեկտրոնային փոստի միջոցով մուտք գործելու հնարավորությունն այլևս չի գործելու։
Թեև պետական ծառայությունների թվայնացումն ու անվտանգ նույնականացման մեխանիզմների ներդրումը կարևոր նպատակներ են, մտահոգիչ է, որ նույն մոտեցումը կիրառվում է նաև հանրային մասնակցության ապահովման համար նախատեսված հարթակի նկատմամբ։ e-draft-ը պետական ծառայությունների մատուցման համակարգ չէ․ այն հանրային մասնակցության գործիք է, որի նպատակն է քաղաքացիներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական համայնքին և այլ շահագրգիռ կողմերին հնարավորություն տալ մասնակցելու իրավական ակտերի մշակման գործընթացին։
Պարտադիր խիստ նույնականացման պահանջը կարող է գործնական խոչընդոտներ ստեղծել այն անձանց համար, որոնք չունեն էլեկտրոնային նույնականացման անհրաժեշտ գործիքներ կամ դժվարություններ ունեն դրանց օգտագործման հարցում։ Սա կարող է հատկապես բացասաբար անդրադառնալ տարեց անձանց, մարզային և գյուղական համայնքների բնակիչների, ինչպես նաև թվային հմտությունների կամ տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիություն ունեցող քաղաքացիների վրա։ Միաժամանակ, որոշ քաղաքացիներ կարող են խուսափել հանրային քննարկումներին մասնակցելուց, եթե իրենց ինքնությունը պարտադիր բացահայտվում է, հատկապես զգայուն կամ հանրային քննադատության առարկա դարձած նախագծերի քննարկման ընթացքում։
Կարդացեք նաև
Միջազգային չափանիշները շեշտադրում են, որ հանրային մասնակցության մեխանիզմները պետք է լինեն մատչելի, ներառական և զերծ անհարկի վարչական խոչընդոտներից։ ՏՀԶԿ-ի և Եվրոպայի խորհրդի համապատասխան ուղեցույցները կոչ են անում ապահովել մասնակցության ճկուն և հասանելի ձևաչափեր, իսկ մի շարք եվրոպական երկրներում հանրային քննարկումների հարթակները շարունակում են թույլատրել մասնակցությունը էլեկտրոնային փոստի կամ այլ պարզ գրանցման եղանակներով՝ թվային նույնականացումը թողնելով որպես կամընտրական տարբերակ։
Կարծում ենք, որ հանրային մասնակցության հարթակների անվտանգության ապահովումը չպետք է հանգեցնի մասնակցության հնարավորությունների սահմանափակման։ Հանրային քննարկումների գործընթացը պետք է մնա բաց և հասանելի բոլոր շահագրգիռ անձանց համար՝ անկախ նրանց թվային նույնականացման հնարավորություններից։
Այս համատեքստում կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել ընդունված մոտեցումը և ապահովել e-draft հարթակ մուտք գործելու այլընտրանքային հնարավորություններ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով գրանցման տարբերակի պահպանումը՝ միաժամանակ պահպանելով «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը որպես կամընտրական և անվտանգ նույնականացման գործիք։
Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում գնահատել փոփոխության գործնական ազդեցությունը հանրային քննարկումների մասնակցության վրա, մասնավորապես՝ հետևելով, թե արդյոք այն չի հանգեցնում մասնակցության նվազման կամ անհամաչափ ազդեցություն չի ունենում խոցելի խմբերի, մարզային համայնքների և ոչ ֆորմալ նախաձեռնությունների ներկայացուցիչների վրա։
Թվայնացումը պետք է ոչ թե սահմանափակի քաղաքացիների մասնակցությունը, այլ նպաստի հանրային կառավարման գործընթացների ավելի բաց, ներառական և արդյունավետ կազմակերպմանը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ


















































