Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Գորիսի բժշկական կենտրոնից, գայլերի հարձակումից տուժած 6 քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ գայլը հոշոտել է նրա դեմքը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներից մի քանիսը ենթարկվել են գայլերի հարձակման։
Քարահունջեցիների պատմելով՝ երեք գայլ առավոտյան ժամը 6-ի սահմաններում եղել են գյուղի մերձակա անտառամերձ տարածքում։ Իսկ արդեն ժամը 18-ի սահմաններում ահազանգ է եղել բժշկական կենտրոն՝ տուժածների մասին։
«Շտապ օգնության ծառայությունը կանչ է ստացել, որ գյուղացիներից մի քանիսի վրա գայլեր են հարձակվել։ Շտապ օգնության բրիգադը գնաց, բայց նաև գյուղացիները տուժածներին իրենց մեքենայով են բերել կենտրոն։ Տուժածներից մեկը երեքամյա երեխա է», – մեզ հետ զրույցում ասաց Գորիսի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Արև Աբելյանը։
Կարդացեք նաև
Գայլերից մեկին գյուղացիները վնասազերծել են (սպանել), իսկ մյուս 2 գայլերին փրկարար ծառայության աշխատակիցներն ու էկոպարեկները որոնում են։
Այս պահին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Սակայն գյուղի մերձակայքում սահմանվել է խիստ հսկողություն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































